23 Նոյեմբեր, Շբ
Մեռնելու վրա էր Արեթաս անունով ոմն փարանացի եղբայր, որը կրոնավորության ընթացքում փոքրինչ ծույլ էր եղել: Նրա շուրջ նստած հայրերից ոմանք տեսնելով, որ նա խնդությամբ և զվարթությամբ էր ելնում մարմնից, եղբայրների հոգևոր շինության համար հարցրին նրան. «Հավատա՛, եղբա՛յր, ամենքս էլ գիտենք, որ ոչ այնքան զորեղ ջանացող եղար ճգնության մեջ, իսկ այժմ ինչպե՞ս ես այդպիսի հոժարությամբ գնում Տիրոջ մոտ»: Փարանացի եղբայրն ասաց. «Հավատացե՛ք, հայրե՛ր, ճշմարիտ ասացիք, սակայն երբվանից մենակյաց դարձա, ո՛չ մեղանչած մարդու դատապարտեցի, ո՛չ էլ մեկի հանդեպ ոխ պահեցի ողջ օրը, իսկ հիմա կամենում եմ Աստծուն ասել. «Դո՛ւ ասացիր, Տե՛ր, «Մի՛ դատեք, որ չդատվե՛ք» (Մատթ. Է 1), «Թողե՛ք, և կթողնվի ձեզ» (Մատթ. Զ 14)»: Եվ բոլորը, օգուտ քաղելով եղբոր խոսքերից, նրան ասացին. «Գնա՛ խաղաղությամբ, որդյա՛կ, դու և առանց վաստակի փրկվեցիր»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016