26 Դեկտեմբեր, Եշ
Սուրբ Գիրքը բազմիցս է վկայում աստվածային ողորմածության մասին՝ նշելով, որ ողորմության աղբյուրը Ինքը Աստված է: «Տեր Աստված եմ, գթացող և ողորմած, համբերատար, բարեգութ ու ճշմարիտ, որ արդարությունն է պաշտպանում, Իր ողորմությունն է ցուցաբերում հազարավոր սերունդների հանդեպ» (Ելք 34:6): Սուրբ Գրքի Բ Թագավորության գրքում կարդում ենք, թե ինչպես Դավիթ արքան մեղանչեց Տիրոջ առջև, և ինչպես Աստված նրան տեսանող մարգարե Գադի միջոցով երեք պատժից մեկն ընտրելու հնարավորություն տվեց: Նրանցից մեկն ընտրելով՝ արքան մարգարեին ասաց. «Բոլոր կողմերից ես խիստ ծանր կացության մեջ եմ: Քանի որ շատ ու շատ են Տիրոջ ողորմածությունները, ավելի լավ է ընկնեմ Տիրոջ ձեռքը, քան մարդկանց ձեռքը» (Բ Թագ. 24:11-14): Դավիթ արքան իր սաղմոսներում ևս վկայել է Տիրոջ ողորմության մասին. «Գթառատ և արդար է մեր Տեր Աստվածը: Տերը ողորմում և պահպանում է մանուկներին, ես խոնարհ եղա, և Տերն ինձ փրկեց» (Սաղմոս 114:5-6):
«Անսպառ են Տիրոջ ողորմությունները, Նրա գթությունները չեն նվազում»,- ասում է Երեմիա մարգարեն (Ողբ 3:22): Հին Կտակարանում հրեա ազգի պատմությունը վառ վկայությունն է Տիրոջ ողորմածության: Տերն Իր ամենազոր աջով ազատել է նրանց ստրկությունից, թշնամինների հարձակումներից: Թեև հրեա ազգը բազմիցս է խախտել աստվածային օրենքները, բայց Տերն ամեն անգամ Իր խրատներով և ողորմածությամբ հրեաներին ուղղվելու հնարավորություն է տվել. «Գթասիրտ, ողորմած է Տերը, համբերատար և ողորմաշատ: Տերն իսպառ չի բարկանում և հավիտյան ոխ չի պահում: Մեր մեղքերի համեմատ չվարվեց մեզ հետ, ոչ էլ մեր անօրենության համեմատ հատուցեց մեզ» (Սաղմոս 102:8-10):
Աստվածային ողորմածությունը չի սահմանափակվում միայն Հին Կտակարանով: Նոր Կտակարանի առաջին իսկ էջերից ընթերցողը հանդիպում է Տիրոջ անսպառ ողորմության բազմաթիվ արտահայտություններին: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ուսուցանում էր ժողովրդին՝ գթալով նրանց. «Երբ Հիսուսը նավակից դուրս ելավ և տեսավ ամբոխին, գթաց նրանց, որովհետև նման էին հովիվ չունեցող ոչխարների: Ապա սկսեց շատ բաներ ուսուցանել նրանց» (Մարկոս 6:34): Ի՞նչ էր ուսուցանում Քրիստոս: Օրինակ՝ Անառակ որդու առակում (Ղուկաս 15:11-32) անառակ որդու հոր կերպարով Հիսուս ներկայացնում է Երկնավոր Հոր ողորմած կերպարը՝ անառակ որդին տնից դեռևս բավական հեռու էր, երբ հայրը տեսավ նրան և գթաց. վազելով ընդառաջ գնաց, փաթաթվեց և համբուրեց նրան:
Ներել չցանկացող ծառայի առակը (Մատթ. 18:23-35) նկարագրում է, թե ինչպես է Աստված վարվում նրանց հետ, ովքեր, Իրենից ներում և ողորմություն ստանալով, չեն ցանկանում ներողամիտ և ողորմած լինել իրենց մերձավորի հանդեպ. «Նույն ձևով էլ Իմ Երկնավոր Հայրը պիտի վարվի ձեզ հետ, եթե ձեզնից յուրաքանչյուրն իր եղբորը սրտանց չների նրա հանցանքները»,- ասում է Քրիստոս (Մատթ.18:35):
Մեր Տերը ողորմության մասին Իր ուսուցումներն անձնական օրինակով էր փաստում. Նա շրջում էր բոլոր քաղաքներում ու գյուղերում, ուսուցանում էր ժողովարաններում, Աստծո արքայության ավետիսն էր տալիս և բժշկում ժողովրդի բոլոր ախտերն ու հիվանդությունները (Մատթ. 9:35):
Տիրոջ ողորմածության գագաթնակետը խաչի վրա Նրա զոհագործումն էր՝ հանուն մեղավոր մարդկության. «Ճշմարիտ սերն այս է ահա, ոչ թե մե՛նք սիրեցինք Աստծուն, այլ Աստված Ինքը սիրեց մեզ և ուղարկեց Իր Որդուն՝ իբրև մեր մեղքերը քավող զոհի» (Ա Հովհ. 4:10):
Եկեղեցու հայրերից սբ. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ Աստված այն միակ պարտապանն է, որ երբ Իրենից խնդրում են, ողորմում է և տալիս է այն, ինչը չեն տվել Նրան փոխադարձաբար: Սուրբը հորդորում է՝ մի՛ արհամահիր Տիրոջ համբերությունը, որը քեզ ուղղորդում է ապաշխարության, ինչ էլ որ անես, այն մտքով արա, որ Աստված ամենուր է: Ոչ թե մտածիր քո մեղքերի բազմության, այլ աստվածային անվերջանալի ողորմության մասին: Հիվանդությունները մեծ են, բայց Բժիշկը՝ առավել ևս, փոթորիկը ուժգին է, բայց Նավարարը ՝ իմաստուն, հոգին հուսահատության մեջ է, բայց զղջումից հետո պատրաստ է դեղամիջոցը: Եվ չկա ոչինչ, որ կկարողանա հաղթահարել Նրա ողորմածությանը:
Կարինե Սուգիկյան