Եղինջը որոշեց ինչ-որ մեկի հետ ընկերություն անել: Վարդին տեսավ, ուրախ-ուրախ փաթաթվեց և իսկույն էլ հիասթափվեց.
- Գեղեցիկ է, բայց՝ փշոտ: Ընկերություն չեմ անի դրա նմանների հետ:
Բոլոր անտառներն ու այգիները շրջեց եղինջը, բայց հարմար մեկին չգտավ ընկերության համար: Երիցուկը չափազանց նուրբ է, ուղտափուշը՝ կոպիտ, իսկ շուշանն ընդհանրապես քմահաճ է…
Դուրս եկավ գյուղական ճանապարհի վրա ու վերջապես եզան լեզվին տեսավ, որն աշխարհի ամենահամբերատար խոտաբույսն էր, ոչ ոքի չէր նեղացնում, այլ ընդհակառակը՝ պատրաստ էր բոլորին օգնել: Բայց եղինջը սրան էլ չհավանեց.
- Բարի է, բայց տգեղ:
Եվ այդպես էլ եղինջն իր համար ընկեր չգտավ: Եթե գտներ էլ, միևնույն է, իր հետ ոչ-ոք ընկերություն չէր անի: Եվ ամենևին էլ ոչ այն պատճառով, որ խայթող էր ու անբարետես…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի