Մի տան տանիքում ճնճղուկների ընտանիք էր ապրում: Գարնան գալուն պես սկսեցին շատ շոգել իրենց բնում և հայր ճնճղուկն առաջարկեց դատարկ սարեկաբույնը զբաղեցնել: Մայրն առարկեց, ասելով, որ այն ուրիշինն է, և տերերը շուտով կարող են վերադառնալ: Բայց հայր ճնճղուկը չլսեց նրան, և ընտանիքը սարեկաբույն տեղափոխվեց: Սակայն երկար չմնացին այնտեղ, որովհետև սարյակները շուտով վերադարձան ու դուրս վռնդեցին նրանց:
Այդ ժամանակ հայր ճնճղուկը հիշեց, որ ծեր թխկիի վրա մի փչակ կա, բայց ներս նայելով՝ տեսան, որ արդեն բուն է այնտեղ բնակվում և շտապեցին հեռանալ այդտեղից: Սակայն հայր ճնճղուկը չէր հանձնվում: Այժմ էլ որոշեց ծիծեռնակների հին բույնը զբաղեցնել և որքան էլ մայր ճնճղուկը փորձեց տարհամոզել նրան՝ չստացվեց: Բայց ծիծեռնակներն էլ շուտով վերադարձան ու մեծ աղմուկով դուրս արեցին նրանց:
- Գիտե՞ս ինչ,- ասաց մայր ճնճղուկը,- ավելի լավ է քո շոգ բնի մեջ ապրես, բայց իմանաս, որ այն քոնն է:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի