26 Նոյեմբեր, Գշ
Ճշմարիտ աստվածսիրություն
Գյուղերից մեկում, երբ եկեղեցու սպասավորը քարոզում էր աստվածային ճշմարտությունները` խոսելով Աստծո հանդեպ սիրո և աղոթքի անհրաժեշտության մասին, մի ծեր տատիկ բողոքելով ասաց. «Ինչ է, որ եկեղեցու մեջ կանգնեմ ու Աստված, Աստված կանչեմ, Աստված ինձ հա՞ց պիտի տա, պիտի նորից դատարկ դուրս գամ»: Որքա՜ն հակառակ է նման մտածելակերպը այն սրբերի կյանքին, ովքեր պատրաստակամությամբ նեղություններ են կրել ու նահատակվել հանուն Քրիստոսի: Սուրբ առաքյալները, մեր Հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Հռիփսիմյան ու Գայանյան կույսերը անմարդկային տանջանքներ ունեցան: Մեր Եկեղեցում հիշատակվող սրբերից Եվստաթեոսը քրիստոնյա դառնալուց որոշ ժամանակ անց սնանկացավ, կորցրեց ընտանիքը, Նեքտարինեն չարչարանքների ենթարկվեց և սպանվեց, նույնպես և Դավիթ Դվնեցին խաչվեց և մեռավ: Բազում սրբեր ահավոր տառապանքների մատնվեցին: Սակայն նրանցից որևէ մեկի մտքով անգամ չէր անցնում իրենց նեղությունների ժամանակ ուրանալ Քրիստոսին: Մինչդեռ ի՞նչ է դարձել մեր ժամանակների մարդու մտածելակերպը, Աստված նրան անպայման պիտի հաց տա: Մի՞թե այսպիսի շահախնդրությամբ ենք մենք սիրում մեր ծնողներին կամ երեխաներին, քույրերին կամ եղբայրներին: Իհարկե, ո՛չ: Ուրեմն որքան առավել ևս ամոթ է մեզ բոլորիս համար այսպիսի չափանիշներով չափել մեր զգացմունքներն ու հավատարմությունը առ Աստված:
Կշեռք և գողություն
Խաչը նման է նաև կշեռքի, և այս նմանությունը ցույց է տալիս, որ մենք պետք է հավասարակշռություն պահպանենք հոգևոր կյանքում: Մեր եկեղեցական հեղինակներից մեկը, խոսելով խաչի նման խորհրդանիշի մասին, անդրադառնում է նաև առօրյա կյանքում կշեռքի գործածությանը: Առակաց գիրքն ասում է. «Խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առջև, բայց արդար կշեռքը հաճելի է Նրան» (11.1): Կշեռքով խաբող վաճառականները պիտի դատապարտվեն: Նրանք ավելի վատն են, քան գողերը և ավազակները, որովհետև գողերը գողանում են մեկ անձից և միայն մեկ անգամ, իսկ սխալ կշեռք գործածողները մեկ անձից մի քանի անգամ` խաբելով նրանց: Գողերը հիմնականում գողանում են գիշերը` իրենց սրտերում վախ ունենալով, իսկ անարդար վաճառականները գողանում են ցերեկվա ընթացքում առանց վախի: Գողության ժամանակ գողերը երբեմն մարդկանց սպանում են, սակայն անարդար վաճառականներն սպանում են իրենց հոգիները` մեղքեր գործելով: Ուրեմն մեր կյանքի ընթացքում պահպանենք հավասարակշռությունը մարդկանց և հատկապես Աստծո հետ մեր հարաբերություններում` փառավորելով Նրան այժմ և հավիտյանս. ամեն:
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից