Ճշմարիտ միության էությունը

Անհատների, նրանց ընտանիքների և, ընդհանրապես, հասարակական ու ազգային կյանքում չէին ուշանա շրջադարձային դրական փոփոխությունները, եթե յուրաքանչյուր ոք ձգտեր հասնել ճշմարիտ միության: Իսկ ճշմարիտ միության հնարավոր է հասնել առ  Աստված հավատի և Նրա հետ միավորյալ կյանքի միջոցով: Աստծու պատկերն ու նմանությունն ունեցող մարդն արարվել է, որպեսզի իր Արարչի հետ միավորյալ երջանիկ կյանք ունենա: Աշխարհի Արարիչը, որպես Նախախնամող Հայր, հատուկ հոգատարություն է ցուցաբերում իր յուրաքանչյուր արարածի հանդեպ: Աստծու հետ միավորվելով՝ մարդկային հոգին մի շարք բարիքներ է ժառանգում: Ըստ հայրաբանության՝ մարդկային կյանքի նպատակը Աստծու հետ միավորումն է: Այս կյանքում մարդը միավորվում է Աստծուն հավատով, հույսով և սիրով, իսկ ապագայում՝ կատարյալ կերպով: Ցավալիորեն, մարդը հաճախ, Աստծուն մոռանալու աստիճանի, սրտով կապվում է նյութականին, ինչի հետևանքով ընկնում է բազմապիսի մեղքերի մեջ և որպես չարիքի կրող՝ միավորվելով չարի հետ, վիրավորում է իր Արարչին և աղավաղում իր մեջ Նրա պատկերն ու նմանությունը:    

Աստծուց հեռու կյանքը չի կարող մարդուն երջանկություն ու խաղաղություն պարգևել: Պատմում են, որ մի ժամանակ Հին Եգիպտոսում մարդկանց միջև կռիվներ ու խռովություններ ծագեցին: Այդ ժամանակ Ալեքսանդրիայից երկու ընկեր որոշեցին գտնել մի իմաստուն և երջանիկ մարդու, որ իրենց կյանքի կարևոր դասեր կտար: Երկար ու անպտուղ փնտրտուքից հետո նրանք եկան մի սրբի մոտ, որ ապրում էր անտառում միայնակ: Սուրբը մեծ ուրախությամբ ընդունեց նրանց իր հյուղակում: Երկար զրույցից և հարցումներից հետո ճամփորդները համոզվեցին, որ իրենք իրապես գտել են մի մարդու, որի մեջ միավորված են իմաստությունն ու երջանկությունը: Նրանք բացականչեցին՝ ասելով. «Աստծո՛ւ մարդ, բայց մենք չենք կարող ապրել այնպես, ինչպես դու ես ապրում, ապա ինչպե՞ս ձեռք բերենք երջանկություն»: Աստծու մարդը լաց եղավ, աչքերը դեպի երկինք բարձրացրեց և արցունքների միջից ասաց. «Դուք չպետք է ապրեք այնպես, ինչպես ես եմ ապրում, բայց երջանիկ կլինեք, եթե պահպանեք այս կանոնները: Մտածե՛ք Աստծու մասին գոնե այնքան, որքան մտածում եք մարդկանց մասին, հարգե՛ք Աստծուն գոնե այնքան, որքան հարգում եք մարդկանց, հուսացե՛ք Աստծուն գոնե այնքան, որքան հույս եք դնում մարդկանց վրա, ապավինե՛ք Աստծուն գոնե այնքան, որքան ապավինում եք մարդկանց, կատարե՛ք աստվածային օրենքները գոնե այնքան, որքան կատարում եք մարդկայինը, շնորհակա՛լ եղեք Աստծուց գոնե այնքան, որքան շնորհակալ եք լինում մարդկանց, փառաբանե՛ք Աստծուն գոնե այնքան, որքան փառաբանում եք մարդկանց»: Լսելով կյանքի դասերը՝ ընկերները երջանիկ վերադարձան տուն:   

Երջանկաբեր ճշմարիտ միությանը ձգտողների համար կարևոր է նաև տարբերակել առաջնայինը երկրորդականից: Ավետարանում կարդում ենք, որ Հիսուս Երուսաղեմ գնալիս կամ այնտեղից վերադառնալիս այցելում էր Ղազարոսին և նրա երկու քույրերին՝ Մարիամին ու Մարթային: Քրիստոսի բարեկամական հարաբերությունն այս ընտանիքի հետ ցույց է տալիս, որ նրանք արժանի էին Քրիստոսի սիրուն: Տիրոջ հերթական այցելության ժամանակ քույրերից Մարթան զբաղված էր սեղանի պատրաստությամբ, իսկ Մարիամը, Տիրոջ ոտքերի մոտ նստած, լսում էր Նրա խոսքերը: Երբ Մարթան Քրիստոսին ասաց, որ քույրն իրեն գործի մեջ մենակ է թողել և չի օգնում, Հիսուս նրան պատասխանեց և ասաց. «Մարթա՛, դու մտահոգվում և նեղվում ես շատ բաների համար: Սակայն մեկ բան է պետք. Մարիամը ընտրեց լավ բաժինը, մի բան, որ չի վերցվի նրանից» (Ղուկ. 10:41): Մարթան Հիսուսին սիրում էր ոչ պակաս, քան Մարիամը, սիրում էր լսել Նրան և, իհարկե, կատարում էր պատվիրանները, բայց անհրաժեշտ համարեց նախ կենցաղային գործերով զբաղվել, ապա՝ Աստծու խոսքը լսել: Սին հոգսերի մեջ նա մոռացավ Հիսուսի հետևյալ խոսքը՝ խնդրե՛ք, որ Աստծու Արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված այդ բոլորը ավելիով կտա ձեզ (Մատթ. 6:33): Նա հյուրասիրությամբ իր ծառայությունն էր մատուցում Տիրոջը և իր մերձավորին: Բնականաբար, անհրաժեշտություն է ճաշին պատրաստվելը, տնային գործերով զբաղվելը, ինչը նույնպես մերձավորի հանդեպ սիրո արտահայտություն է, բայց մարդը չպետք է մոռանա ամենագլխավորի՝ հոգով Աստծու հետ միավորման մասին: Մարիամն Աստծու արդարության փնտրումն ավելի բարձր համարեց, քան կենցաղային հոգսերը, այդ պատճառով ողջ հոգով տրվեց դրան՝ մոռանալով երկրայինը: Ծառայության հոգսը չպետք է մարդուն հեռացնի երկնային խոսքի ճանաչողությունից:

«Մարդ ինչ որ սերմանում է, այն էլ կհնձի» (Գաղ. 6:7): Մարդուն անխուսափելիորեն վերադառնում է այն, ինչ ինքն է սերմանել: Կարևոր է, թե մարդիկ ինչի շուրջ են համախմբվում և ըստ այդմ էլ պտուղներ են քաղում: Օրինակ՝ Բաբելոնի աշտարակաշինության շուրջ համախմբվածները (Ծննդ. 11:1-9) պառակտում ապրեցին, քանի որ այդ շինարարությունը հպարտության արդյունք էր և հակառակ էր Աստծու կամքին, կամ այն ամբոխը, որ Քրիստոսի դատապարտության վճիռն էր կայացնում և աղաղակում՝ «Խաչը հանիր նրան» (Ղուկ. 23:21), պարտվեց, քանի որ Քրիստոս խաչի վրա չմնաց, այլ հարություն առավ: Աստվածային ճշմարտության և բարության շուրջը համախմբվողները վաղ թե ուշ բարի պտուղ են քաղում: Քրիստոսի ճշմարիտ հետևորդն ամեն ջանք գործադրում է, որպեսզի ապրի այն սկզբունքների համաձայն, որ կարող է իր համար ճշմարիտ միության հիմք հանդիսանալ: Շաբաթվա օրերից մեկը՝ կիրակին, համախմբում է քրիստոնյաներին եկեղեցում՝ սուրբ օրը Սուրբ Պատարագով սկսելու, ընդհանրական աղոթքով և Սուրբ Հաղորդությամբ Տիրոջը միավորվելու քաղցր պտուղը ճաշակելով:                 

Մարդիկ միավորվում են, երբ մոտենում են Աստծուն: Աբբա Դորոթեոսը քրիստոնեական ճշմարիտ միության էությունը ներկայացրել է հետևյալ սխեմայով: Կենտրոնը շառավիղներով միացած է շրջանագծին: Շրջանը բնությունն է, կենտրոնը՝ Աստված, շառավիղները՝ մարդիկ: Մարդն իր կյանքն իմաստավորում է, երբ ձգտում է դեպի Աստված և դեպի մերձավորները: Միավորմանն ուղղված յուրաքանչյուր քայլ մեծ ջանքեր է պահանջում և դրանում է անհատականության ձևավորումը: Յուրաքանչյուր ջանքի միջոցով մարդը միաժամանակ մոտենում է և՛ Աստծուն, և՛ մարդկանց: Այս միասնության մեջ է անմահության գրավականը: Չի կարող մարդը Աստծուն ձգտել՝ հեռանալով մարդկանցից: Երբ խախտվում է Աստծու հետ կապը, դժվար է պահպանել կապը նաև շրջապատող մարդկանց հետ, ինչի հետևանքով ծագում են խնդիրներ, վեճեր, քանի որ մեղքը միշտ բաժանում է: Բոլոր ժամանակներում մարդկային կյանքի միության հիմնական պառակտիչը համարվել է մեղքը: Այն խարխլում է մարդ-մարդ և մարդ-Աստված հարաբերությունները: Շատ բան կփոխվեր հասարակության մեջ, եթե մարդիկ կարողանային տեսնել իրենց մեղքերը և կարողանային աշխարհին նայել ապաշխարության աչքերով՝ Ս. Եփրեմ Ասորու խոսքով Տիրոջից հետևյալը խնդրելով. «Պարգևիր ինձ տեսողություն՝ իմ մեղքերը տեսնելու»: Որքան շուտ մարդիկ իրենց անձնական, ընտանեկան և հասարակական կյանքը կառուցեն հավատքի ամուր հիմքի վրա, այնքան ավելի շուտ կհասնեն ճշմարիտ միության: Ամուր հավատքը, ապաշխարությունն ու առաքինի կյանքը կարող են մարդուն, ընտանիքներին ու հասարակությանը վերադարձնել առ Աստված ունեցած ճշմարիտ հարաբերությունն ու ճշմարիտ միությունը:  Աստվածային ճշմարտությանը հաղորդակից լինելու համար մարդ պետք է համաձայնության գա ոչ միայն իր կոչման և նպատակի հետ, այլև մարդկային կյանքի նպատակի հետ, որն է՝ միությունը միմյանց  և Աստծու հետ: Այդ միությունը սերն է՝ մաքուր ու անբիծ սերը: Ով չի սիրում, նա ո՛չ իր կոչման և ո՛չ էլ ճշմարտության մեջ է:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

18.01.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․