Իմաստունը հայտնվեց երկնքում և հանդիպեց հրեշտակին:
- Երկրային կյանքդ ինչպե՞ս ապրեցիր,- հարցրեց հրեշտակը:
- Շարունակ ճշմարտության որոնումների մեջ էի,- պատասխանեց իմաստունը:
- Հրաշալի՜ է: Իսկ ի՞նչ էիր անում ճշմարտությունը գտնելու և այն տեսնելու համար:
- Մարդիկ իմաստությունը կուտակում էին և գրի առնում գրքերում, ուստի, ես շատ էի կարդում,- պատասխանեց իմաստունը:
Հրեշտակը ժպտաց:
- Երկնային իմաստությունը կրոնի միջոցով է փոխանցվում մարդկանց, այդ պատճառով ուսումնասիրում էի սուրբ գրերն, ու տաճարներ այցելում:
Հրեշտակի ժպիտն ավելի լուսավոր դարձավ:
- Ես ճանապարհորդում էի, զրուցում և բանավիճում այլ իմաստունների հետ, և մեր վեճերի ընթացքում ծնվում էր ճշմարտությունը:
Իմաստունը լռեց, իսկ հրեշտակի ժպիտը չքացավ…
- Ինչ-որ բան սխալ ե՞մ արել,- զարմանքով հարցրեց իմաստունը:
- Ճիշտ ես արել, սակայն ոչինչ չպատմեցիր սիրո մասին,- պատասխանեց հրեշտակը:
- Սիրո համար ամենևին ժամանակ չեմ ունեցել, քանի որ ճշմարտությունն էի փնտրում,- հպարտությամբ ասաց իմաստունը:
- Որտեղ սեր չկա, ճշմարտություն էլ չկա: Խորունկ ճշմարտությունը միայն խորունկ սիրուց է ծնվում,- տխրությամբ պատասխանեց հրեշտակն ու անհետացավ…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի