22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
«Բարև Ձեզ, ցանկանո՞ւմ եք դառնալ Տավուշի սահմանամերձ գյուղերի երեխաների պահապանը։ Եթե այո, ապա մասնակցեք «Խաղաթաքստոց» բարեգործական միջոցառմանը, տեղադրեք փազլի Ձեր կտորը ու աջակցեք ևս մեկ թաքստոցի կառուցման աշխատանքներին», - Երևանի մի շարք եկեղեցիների բակերում առաջարկում էին երիտասարդները։
Հոկտեմբերի 8-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Երևանի 8 եկեղեցիների բակերում մարդիկ կարողացան մասնակից դառնալ «Խաղաթաքստոց» բարեգործական միջոցառմանը և իրենց կտոր սերը նվիրել Տավուշի սահմանամերձ գյուղերի երեխաներին։ Նրանք հնարավորություն ունեցան դառնալ մեկ ընդհանուր գաղափարի՝ փազլի մի կտորը։
«Պահապան» հիմնադրամի նախաձեռնած «Խաղաթաքստոց» ծրագիրը ենթադրում է յուրաքանչյուրիս մասնակցությունը Տավուշում մանկական թաքստոցների կառուցման գործին, որին մեծ ոգևորությամբ միացան նաև ԱՀԹ երիտասարդները։
Հազար, հինգ հազար, երկու հարյուր…գումարները տարբեր էին, իսկ կարևոր գործում իրենց լուման ունենալ ցանկացողները՝ շատ: Ս. Պատարագից դուրս եկող հավատացյալները և ուղղակի անցորդները անտարբեր չէին անցնում փազլի կողքով, անգամ եթե գումար չէին թողնում: Մարդկանց ներգրավվածության ակտիվությունը գերազանցել էր անգամ ակցիան անցկացնող երիտասարդների սպասելիքները: Հարյուրավոր մարդիկ միացան նախաձեռնությանը՝ ցույց տալով, որ անտարբեր չեն և կիսում են իրենց սերը:
Տավուշի սահմանամերձ գյուղերում մոտ 10,000 երեխա ապրում է պարբերական կրակոցների տակ։ Նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով «Պահապան» հիմնադրամը նպատակ ունի կառուցել 15 խաղաթաքստոց 15 գյուղերի դպրոցներում և մանկապարտեզներում, որոնք կահավորվելու են որպես խաղասենյակ:
Մասնակցել «խաղաթաքստոց»-ին՝ նշանակում է դառնալ հարյուրավոր երեխաների պահապան։ Մասնակցել «խաղաթաքստոց»-ին՝ նշանակում է հատիկ-հատիկ կառուցել սահմանամերձ գյուղերի երեխաների ապահով ապագան։
Դարձի՛ր պահապան, օգնի՛ր հավաքել Տավուշի սահմանամերձ գյուղերի երեխաների անվտանգության փազլը։
Հասմիկ Թամամյան
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին