26 Նոյեմբեր, Գշ
Աշխարհում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական ու մշակութային փոփոխություններն ամենաանմիջական կերպով ազդում են մարդկային կյանքի տարբեր ոլորտների վրա: Ազգային դիմագիծը պահպանելու համար հարկավոր է զգուշորեն մոտենալ հոգևոր ու մշակութային ավանդույթներին, որոնց միջոցով հնարավոր է հասարակության մեջ կայունություն պահպանել և հաջող կերպով դիմակայել ժամանակակից մարտահրավերներին: Հասարակությունների առջև ծառացած խնդիրներին խելացի լուծումներ են տվել Եկեղեցու հայրերը: Ըստ նրանց՝ կարևորագույն խնդիր է մարդու մեջ աստվածնմանության պատկերի վերականգնումը, ըստ այդմ էլ՝ կրթության վերջնական նպատակը պետք է լինի Աստծո հետ միավորումը և մարդու աստվածացումը: Մեղսագործության ամենավտանգավոր հետևանքներից մեկն այն է, որ մարդու մեջ խաթարվեց աստվածային պատկերը և մարդու մեջ սկսվեց կատարվել այն, ինչի մասին Պողոս առաքյալն ասել է. «Բարին կամենում եմ անել, չեմ անում, այլ անում եմ չարը, որ չեմ կամենում անել» (Հռոմ. 7:19): Մարդը ծնվում է հավիտենության համար և որին հասնում է աստվածային ողորմածությամբ՝ հոգևոր կատարելագործման և աստվածճանաչողության ձգտման ուղին անցնելով: Այս ամենի մեջ է կայանում երկրային կյանքի իմաստը, այնինչ հաճախ մարդն իր ողջ կյանքը գործածում է միայն երկրայինն ըմբռնելու համար:
Տիեզերական Եկեղեցու խոշորագույն վարդապետներից մեկը՝ Ս. Կյուրեղ Ալեքսանդրացին, մանկավարժությամբ զբաղվողներին ասում է՝ եկեք առավել միանանք Եկեղեցու սուրբ մարմնին, վազենք դեպի նա, ինչպես փոքրիկ երեխան է վազում դեպի բարի մայրիկը. «Դառնալով Խոսքի ունկնդիրը՝ փառավորենք մեր փրկության տունը Կառուցողին, մեզ երանելի Դարձնողին, քանի որ երկրի վրա կրթության և դաստիարակության միջոցով է մարդը դառնում երկնքի քաղաքացի: Հոգևորականը, Տիրոջ խոսքի համաձայն, ստանձնում է նաև երեխաներին քրիստոնեաբար դաստիարակելու սուրբ պարտականությունը. «Գնացե՛ք, ուրեմն, և բոլոր ժողովուրդներին Իմ աշակերտները դարձրեք: ….սովորեցրե՛ք նրանց այն բոլորը պատվիրանները, որ տվեցի ձեզ» (Մատթ. 28:19)»:
Քրիստոնեության սկզբնավորման առաջին իսկ տարիներից Եկեղեցու հայրերն իրենց գրվածքներում առանձնահատուկ ուշադրություն են դարձրել երեխաների կրթությանն ու դաստիարակությանը: Նրանք դաստիարակությանը նայում էին հավիտենության տեսակետից և ծնողներին հորդորում էին իրենց զավակներին փոքրուց Աստծո երկյուղով մեծացնել: Եկեղեցու վաղքրիստոնեական շրջանի հայրերը նախատում էին այն ծնողներին, որոնք անփույթ էին երեխայի քրիստոնեական դաստիարակության հանդեպ: Նրանցից մեկը հորդորում էր և ասում. «Դո՛ւ, սիրելով քո երեխային, չխրատեցիր նրան, այլ թույլ տվեցիր, որ նա երես առնի: Այդ պատճառով Աստծո բարկությունը քեզ վրա բերեցիր: Մի՛ տարուբերվիր, այլ բարեհոգաբար ամրացրու քո ընտանիքը: Ինչպես դարբինը մուրճով աշխատելիս աստիճանաբար հասնում է ցանկալի արդյունքին, այդպես և արդար խոսքը՝ ամեն օր ասված, կհաղթահարի ամեն տեսակի չարիք: Այդ պատճառով մի՛ դադարիր խրատել քո զավակներին»:
Հայրաբանական լույսի ներքո մանկավարժական արվեստը դեպի Քրիստոս է ուղղված: Քրիստոնեական դաստիարակությունն ուսուցանում և կրթում է հավատավոր հոգիներ, ինչը նախ և առաջ մարդուն տալիս է ներքին անհրաժեշտ հիմքը փրկության հասնելու համար, հիմք, որ դաստիարակության միջոցով օգնում է հաղթահարել կրքերը և ձեռք բերել բարի սովորույթներ: Ս. Կյուրեղ Ալեքսանդրիացին հարց է տալիս և պատասխանում՝ ի՞նչ է խոստանում սովորեցնել մեծ Ուսուցիչը. Նա ազատագրում է մարդուն աշխարհիկ սովորությունների գերությունից, որով մարդիկ բավարարվել են և կրթում է միակ ու հնարավոր փրկության համար: Նա մատնանշում է, որ գործնականը և ոչ տեսականը պետք է լինի մանկավարժական գործունեության դաշտը և ինչը պետք է նպաստի երեխայի բարոյական կյանքի զարգացմանը:
Երեխայի կրթությունն ու դաստիարակությունը մեծագույն աշխատանք է, արվեստների մեջ ամենադժվարինը: «Ո՞ր արվեստը կարող է համեմատվել պատանու հոգու կրթության և մտքի լուսավորման արվեստի հետ: Այս արվեստին գիտակ անձը յուրաքանչյուր նկարչից և քանդակագործից առավել ուշադիր պետք է լինի, բայց այս ամենին շատ քչերն են անդրադառնում: Հոգ մի՛ տար, որ որդիդ հայտնի դառնա արտաքին գիտելիքներով և փառք ձեռք բերի, այլ ջա՛նք թափիր, որպեսզի նա փառքի գերին չդառնա և առավել փառքի կարժանանա: Այս մասին նա չի սովորելու աշխարհիկ ուսուցիչներից, այլ Սուրբ Գրքից: Երեխային բարի պահվածք է անհրաժեշտ և ոչ սրամտություն, բարոյականություն և ոչ թե խոսքի զորություն, գործեր և ոչ թե խոսքեր, այս ամենն են Արքայություն և իրական բարիք պարգևում»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը:
Հայրաբանությունը շեշտում է, որ երեխայի դաստիարակությամբ և կրթությամբ պետք է զբաղվել դեռ վաղ տարիքից, ինչպես փոքր ծառը որ ուղղությամբ թեքված լինի, այդպես էլ մինչև վերջ կաճի, այդպես էլ երեխան, ինչին, որ սովորեցնեն, դրան էլ կհակվի մինչև կյանքի վերջը: Երեխան կարող է դառնալ հրեշտակ կամ դև, ինչպիսի դաստիարկություն և խրատ ստանա, այդպիսին կլինի: Նախ և առաջ երեխայի միտքն անհրաժեշտ է զբաղեցնել աստվածաշնչյան պատմություններով և սրբերի վարքագրությամբ՝ աննկատելիորեն այնտեղ սերմանելով աստվածային երկյուղը: Եկեղեցու հայրերը ցավալիորեն նկատում են, որ մանկավարժները հիմնականում կրթում են երեխայի միտքը՝ անտեսելով հոգևոր դաստիարակությունը: Ոչ միայն դպրոցական կրթությունն է համարվում մարդու հաջողության հիմքը, այլև պարկեշտ ու բարեպաշտ վարքը՝ աստվածային ճշմարտության և խղճի համաձայն: Մարդու կրթությունը կայանում է մտքի, կամքի, սրտի և միաժամանակ հոգու դաստիարակությամբ: Այն սկսվում է ընտանիքում, հետո տեղափոխվում դպրոց: Ռուս դեմոկրատ-մանկավարժ, գիտական մանկավարժության հիմնադիր, «ռուս ուսուցիչների ուսուցիչ» Կ. Դ. Ուշինսկին ասել է. «Ազգային դաստիարակությունը պետք է լուսավորվի եկեղեցով, իսկ դպրոցը պետք է լինի եկեղեցու նախադուռը»:
Դաստիարակությունը բոլոր սուրբ գործերից ամենասուրբն է: Եթե ծնողներն ու մանկավարժները երեխաների դաստիարակության և կրթության հարցում ցանկանում են լավագույն արդյունքի հասնել միայն աշխարհիկ կրթությամբ, ապա արդյունքն անխուսափելիորեն նրանց կհուսահատեցնի: Նման դաստիարակության պարագայում ինքնանպատակ է դառնում գիտելիքների ամբարումը, եթե չի զուգահեռվում հոգու ամրապնդման հետ: Այդ դեպքում երեխայի մոտ առաջ է գալիս ինքնահավանություն, փառասիրություն, հոգևոր խլություն, նախանձ և հոգու համար այլ կործանարար մոլություններ: Ամեն գիտություն պետք է դասավանդվի քրիստոնեական տեսանկյունից և միայն այդպիսի դասավանդումը գիտելիքը կդարձնի ամբողջական և ճշմարիտ: Կրթությունն, ըստ Ս. Իոանն Կրոնշտադտացու, անբաժանելի է դաստիարակությունից: Դաստիարկությունը նրա կողմից ընդունվում է՝ որպես սրտի դաստիարակություն: Նա գտնում է, որ անհրաժեշտ է նախ ուսանել սրտի գիտությունը, այսինքն՝ սիրո, հավատի, աղոթքի և խոնարհության գիտությունը: Նա նշում է, որ կրթելիս չափազանց վտանգավոր է զարգացնել միայն բանականությունն ու միտքը՝ ուշադրություն չդարձնելով սրտին. «Հարկավոր է մաքուր պահել այս կյանքի աղբյուրը: Հասարակությունը բարոյազրկվել է քրիստոնեական դաստիարակության պակասից: Ժամանակն է գիտակցել, որ մեր սրտի ճշմարիտ կյանքը Քրիստոսն է: Քրիստոնեական ամուր հիմքերից զուրկ հոգին կարող է ավերիչ հետևանքներ ունենալ: Հնարավոր է լինել գիտնական, բայց ավաղ ոչ պիտանի մարդ: Մենք պետք է կրթենք ոչ միայն հասարակության համար պիտանի և գիտնական անձանց, այլ բարի և Աստծո երկյուղն ունեցող քրիստոնյաների, ինչն առավել կարևոր է»:
Երեխայի քրիստոնեական դաստիարակության գործին պետք է լծվեն թե՛ Եկեղեցին, թե՛ պետությունը, թե՛ ծնողներն ու մանկավարժները: Տարբեր ժամանակաշրջաններում ապրող Եկեղեցու հայրերը հասարակության կողմից անընդհատ հնչող դժգոհությունների վերաբերյալ ասել են. «Մենք դժգոհում ենք, որ չկան ուժեղ կամքով ու հոգով մարդիկ, դժգոհում ենք, որ քիչ են մարդիկ, որոնց կարելի է վստահել, քիչ են նրանք, ովքեր հանուն մերձավորի պատրաստ են ինքնազոհաբերման կամ սխրանքի: Կլռեն այս դժգոհությունները, եթե Աստծո խոսքը գործի պատանիների սրտում: Այդ դեպքում նրանց սիրտը կլինի ամուր, իսկ հավատքը՝ զորեղ»: Ոչինչ չի կարող փոխարինել Աստծո խոսքին, որ «կենդանի է և ազդու» (Եբր. 4:12), որը շնորհվել է մարդկությանը՝ որպես հավիտենություն տանող ճանապարհի ուղենիշ: Նա, ով ցանկանում է բանալ իր սիրտը ճշմարտությունն ուսանելու համար, նա՝ որպես իրապես կրթված անձ, դեռևս երկրի վրա հաղորդակից կլինի հավիտենական երանելի կյանքին:
Կազմեց Կարինե Սուգիկյանը