Մի անգամ հայր Ամոնը ինչոր տեղ գնաց, որ մի բան ճաշակի: Այնտեղ կար գարշելի անուն հանած մի եղբայր, և այն կինը, որի հետ մեղանչում էր եղբայրը, այնտեղ էր: Մտավ հայր Ամոնը բամբասված եղբոր տունը, իսկ տեղի բնակիչները երբ իմացան, որ կինը, ում բամբասում էին, ահա եկել է այն եղբոր մոտ` նրա տուն, խիստ վրդովվեցին և գնացին նրան հալածելու այնտեղից: Երբ իմացան, որ Ամոնն այնտեղ է, նրան աղաչեցին գնալ իրենց հետ: Իսկ այն եղբայրը, տեսնելով ամբոխը, կնոջը մտցրեց մի մեծ կարասի մեջ և թաքցրեց նրան: Եվ երբ եկավ ամբոխը, հայր Ամոնն իմացավ, թե որտեղ է կինը, և որոշեց ծածկել նրան. դրա համար մտավ տուն, նստեց կարասի վրա և պատվիրեց տունը խուզարկել, որ կնոջը գտնեն: Եվ երբ չգտան, հայր Ամոնն ասաց. «Այդ ի՞նչ եք անում. զրպարտում եք անմեղ մարդուն»: Այն ժամանակ նրանց վրա աղոթք անելով՝ արձակեց ամբոխին, և բռնելով եղբոր ձեռքից՝ ասաց. «Զգո՛ւյշ եղիր քո անձի համար»: Եվ միայն այս ասելով` գնաց այնտեղից:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016