Մայիսի 10-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, կազմակերպեցին Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան Դաունի համախտանիշ ունեցող տասներկու երեխաների քիթ-կոկորդ-ականջի (ՔԿԱ) սքրինինգ և իմպեդանսոմետրիա հետազոտություններ, որ անցկացվեցին թիվ 2 բուժմիավորման մանկական պոլիկլինիկայում: Բուժհետազոտությունների միջոցով ստուգվեց երեխաների լսողությունը:
«Արև երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի ատենապետուհի Լիլիթ Հայրապետյանը նշեց, որ տվյալ բուժհետազոտությունների արդյունքների հիման վրա խնդիր ունեցող երեխաները բուժում կանցնեն և հետագայում էլ վերահսկողության ներքո կգտնվեն:
Հին և Նոր Կտակարանների գլխավոր և հավիտյան անփոփոխ աստվածային պատվիրանը Աստծո և մերձավորի հանդեպ սիրո պատվիրանն է: Աստվածային այս պատվիրանը մարդու մեջ արմատավորում է նոր կյանքի սերմը, «որովհետև սերը ամբողջացնող շաղախն է ամեն ինչի» (Կող. 3:14): Անկեղծ և ջերմեռանդ սրտից բխած սերն անպայմանորեն արտահայտվում է գործերով. «Եղբայրնե՛ր, մեր սերը թող չլինի միայն խոսքով ու լեզվով, այլ գործով արտահայտված ճշմարիտ սեր» (Ա Հովհ. 3:18): Ճշմարիտ սերը ողորմած է և առատաձեռն, այն հոգ է տանում ոչ միայն մերձավորի արտաքին բարեկեցության, այլ նաև հոգու փրկության մասին: Աստծո և մերձավորի հանդեպ համաշխարհային սիրո պատվիրանը կարծես թե արևի կենտրոնն է, որից բխում են բոլոր մյուս պատվիրանները:
Կարինե Սուգիկյան