Դեկտեմբերի 22-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ֆրնզյան Հայկանուշին (33 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որը տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Հայկանուշն ամուսնալուծված է և իր հինգ զավակների հետ վարձակալությամբ բնակվում է Էջմիածին քաղաքի Շահումյան 46/10 հասցեում: Բազմազավակ ընտանիքը երեխաների առողջական և ֆինանսական խնդիրների պատճառով մի շարք դժվարությունների առջև է հայտնվել. ընտանիքի մայրը չի կարողանում տան և կոմունալ վարձերը վճարել, ինչի պատճառով բնակարանի սեփականատերը պահանջում է ազատել բնակարանը:
«Մեծ աղջիկս՝ Եսթերը (13 տ.), ստամոքսի էրոզիա և լեղապարկի բորբոքում ունի, հիվանդությունները սրվել են նրա մոտ և չեմ կարողանում նրան բուժհետազոտության տանել: Փոքր տղաս՝ Հովսեփը (2 տ.), շունտավորման է ենթարկվել, ինն անգամ գլխի և մեկ անգամ ճողվածքի վիրահատություններ է անցել, չի կարողանում նստել, ձախ ձեռքով որևէ բան բռնել: Երկու ամիս առաջ էլ մյուս աղջկաս վրաերթի էին ենթարկել, քիթն էր վնասվել և ուղեղի ցնցում էր ստացել: Ընտանեկան նպաստի և երեխայի հաշմանդամության գումարներն էլ չի բավարարում անգամ, որ մեր նվազագույն կարիքները հոգամ»,- ասաց Հայկանուշը և իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձանց:
Դեպի Աստված տանող ուղին աստիճանական ընթացք է պահանջում, այդ մասին է վկայում հետևյալ պատմությունը: Մի օր մի վանականի է մոտենում մեկը, ով դեպի Աստված տանող ուղին էր փնտրում: Վանականը, ուշադիր լսելով նրան, հարցնում է՝ սիրե՞լ ես ինչ-որ մեկին: Հյուրը պատասխանում է, որ ինքը չի հետաքրքրվում աշխարհիկ գործերով, սիրով և նմանատիպ բաներով, այլ ցանկանում է դեպի Աստված գնալ: Վանականը նորից է հարցնում՝ խնդրում եմ նորից մտածիր, քո կյանքում սիրե՞լ ես կնոջ, երեխայի կամ որևէ մեկի: «Ես արդեն ասացի, որ սովորական աշխարհիկ չեմ: Ես մարդ եմ, որ ցանկանում է Աստծուն ճանաչել, իսկ մնացածը ինձ չի հետաքրքրում»,- ասաց որոնողը: Վանականի աչքերը լցվեցին խոր թախիծով, նա պատասխանեց որոնողին.«Այդ դեպքում հնարավոր չէ, սկզբից պետք է ճանաչես, թե ինչպես է պետք իրականում սիրել: Դա էլ կլինի դեպի Աստված տանող ճանապարհի առաջին աստիճանը: Դու հարցնում ես ինձ վերջին աստիճանի մասին՝ առաջին աստիճանին ոտք չդրած»:
Կարինե Սուգիկյան