Դրախտի թռչունը

Գեր տղամարդն իր նոր, թանկարժեք մեքենայով գալիս է ծեր վանականի մոտ և ասում.

- Հա՛յր սուրբ, ցույց տուր ինձ դրախտը: Ասում են, թե այս աշխարհում էլ կարող ես դրախտը տեսնել և այն վայելել:

Վանականը հայացքն ուղղում է նրա մեքենային, այնուհետև պատասխանում.

- Այս անտառից հեռու մի վայր կա, գնանք և ցույց կտամ…

Նստում են մեքենան ու կանգ առնում մի տափաստանում: Վանականը իջնում է և հիացմունքով ասում.

- Ահա՛, չե՞ս տեսնում, դրախտում ենք…

Գեր տղամարդը զարմացած նայում է շուրջը, սակայն հապշտապ, միևնույն ժամանակ մեծ բավականությամբ մեքենայից հանում է թռչնի մի վանդակ և թռչուն որսացող ցանց, ապա միամիտ հայացքով հարցնում.

- Իսկ ինչո՞ւ չեն երգում դրախտի թռչունները… որտե՞ղ են նրանք… այստեղ միայն ամայի տափաստան եմ տեսնում…

Ծեր վանականը խիստ հայացքով նայում է նրան և հանդիմանելով պատասխանում.

- Կարծում ես, թե դրախտի թռչուննե՞ր պիտի որսաս, որ տանես տուն, վանդակի մեջ պահես ու մեծ գոհունակությամբ նստես բազմոցիդ, սուրճ խմես և նրանց դայլայլը լսես, որպեսզի դրախտում լինես և այն վայելես… Սրտո՛ւմդ պիտի դայլայլեն դրախտի թռչունները, սրտո՛ւմդ, այլ ոչ թե քո վանդակում… Քեզ այստեղ բերեցի, որովհետև խղճացի անտառի այն թռչուններին, որոնց պիտի որսայիր և իբրև դրախտի թռչուններ բանտարկեիր ու տանեիր… Ավետարանում ասվում է, թե Աստծո Արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս և թե ահավասիկ այստեղ է կամ այնտեղ է, որովհետև ահա Աստծո Արքայությունը ներսում, ձեր մեջ է (Ղուկ.17.20-21):

 

Հովհաննես Մանուկյան

22.04.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․