Դու քեզ բարեկեցությո՞ւն ես կամենում, բարեկեցություն կամեցիր և քո մերձավորին

Աստծո հանդեպ սիրո հիմքում մերձավորի հանդեպ սերն է: Աստծո պատկերը կրողի հանդեպ սեր և հարգանք ցուցաբերողի սրտում գործում է աստվածային սերը, որն անսահման է, քանի որ այդ սերը Ինքն անսահմանելի Աստվածն է (Ա Հովհաննես 4:16): Մերձավորի հանդեպ սիրո չափը հստակ որոշեց Տերը, երբ ասաց. «Այն ամենը, ինչ կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց, որովհետև այդ իսկ են Օրենքն ու մարգարեները» (Մատթեոս 7:12): Եկեղեցու հայրերից Հայր Սավվան այս պատվիրանի հետ կապված ասել է. «Դու քեզ բարեկեցությո՞ւն ես կամենում, բարեկեցություն կամեցիր քո մերձավորին: Քեզ հաճելի՞ է, երբ քեզ քո կարիքի ժամանակ օգնում են, որքան կարող ես, աշխատիր և դու, օգնիր մերձավորիդ բոլոր կարիքների մեջ: Հատկապես օգնիր քո մտերիմներին և հարազատներին, ինչպես նաև` հաշմանդամներին»:

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը շարունակում է սոցիալական իր ծրագրերը՝ հիմք ունենալով «Ոսկե օրենքը» անունով հայտնի տիրավանդ այս պատվիրանը: Օգոստոսի 10-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, հերթական այցելությամբ եղավ Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Միքայելյան 33 հասցեում բնակվող Զաքարյան ընտանիքում: Երկու սենյականոց բնակարանում է ապրում հինգ հոգուց բաղկացած ընտանիքը, որ հայտնվել է սոցիալապես վատ վիճակում, քանի որ ընտանիքի հայրն ու մայրն առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չեն աշխատելու և ունեն խնամքի կարիք: Ընտանիքի հայրը՝ Զաքարյան Զավենը (60 տ.), վերջին տասնհինգ տարիների ընթացքում մի քանի ինֆարկտ է տարել, իսկ մայրը 45-ամյա Մանուշակ Իսպիրյանը գանգուղեղային վնասվածք է ստացել ավտովթարից, ինչի պատճառով նրա մոտ այդ խնդիրը տարեցտարի ավելի է բարդացել: Երկու անչափահաս երեխաների՝ Հասմիկի (15 տ.) և Արգինայի (11 տ.), ինչպես նաև նրանց ծնողների խնամքով զբաղվում է երեխաների մորաքույրը՝ Շուշան Իսպիրյանը, ով ևս չի աշխատում ընտանիքին խնամելու պատճառով: Նա նշեց, որ միայն մի քանի ամիս է, ինչ ընտանիքին հատկացվում է ընտանեկան նպաստ, որը չի բավարարում ընտանիքի ամենօրյա կարիքները հոգալուն և իր քրոջ ու փեսայի բուժմանն անհրաժեշտ դեղորայքը գնելուն: Շուշանը, նկատելով երեխաների մոտ երաժշտական ընդունակությունները, հնարավորինս նպաստել է, որ նրանք գեղագիտական դաստիարակություն ստանան: Հասմիկն ու Արգինեն մի քանի երաժշտական գործիքների (կիթառ, ջութակ, դաշնամուր, քամանչա) են տիրապետում:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց ընտանիքի համար և նրանց հանձնեց Աշուղաթոյան ընտանիքի կողմից տրամադրած դրամական օգնություն, սննդի փաթեթներ ու հիգիենիկ պարագաներ:

 

Կարինե Սուգիկյան

10.08.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․