23 Դեկտեմբեր, Բշ
Ծաղկազարդի տոնին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին մարդաշատ էր: Եկեղեցում ներկա երեխաների ուրախությունը մեծ էր, քանի որ այդ օրը իրենց օրն է, իրենց օրհնության օրը: Օրհնված ուռենու ճյուղերով երեխաներն իրենց ընտանիքներով մասնակցում էին Սուրբ և անմահ Պատարագին:
Այդ օրը մեծ թե փոքր հաղորդ դարձան օրվա տոնի խորհրդին և պատգամին:
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ով պատարագիչ քահանան էր, քարոզի ընթացքում կարևոր հարցադրումներով խորհելու առիթ տվեց ներկաներին. «Մենք հավաքվել ենք այստեղ դիմավորելու մեր Փրկչին և հարց է առաջանում. իսկ մե՛նք ի՞նչ ակնկալիքներով ենք եկել Տիրոջը դիմավորելու: Մաքրե՞լ, պատրաստե՞լ ենք արդյոք մեր հոգիները` Նրա մուտքի համար: Ճիշտ է, այսօր հավաքվել ենք նշելու Նրա փառապանծ մուտքը Երուսաղեմ, կիսելու այն տոնական մթնոլորտը, որ օրն է ենթադրում, սակայն պատրաստ կլինե՞նք արդյոք հետևելու Նրան` Իր տառապանքի ճանապարհին: Հավատարիմ կմնա՞նք Նրան արդյոք` ինչ էլ որ պատահի… Թե՞, շարունակելով մնալ մեղքի խավարում, կնմանվենք այն ամբոխին, որ գոռում էր` խաչել Դրան»:
Ապա, որպեսզի դա տեղի չունենա Տեր Հայրը նշեց, որ պետք է զգուշանալ Հիսուսին ողջունող ժողովրդի գործած սխալներից, իսկ ժողովուրդը ձգտում էր երկրային իշխանության և փառքին: Այնուհետև, որպես հիշեցում, ասաց. «Մեր մեղքերով, սառնասրտությամբ, չարությամբ կամ անտարբերությամբ կրկին ու կրկին խաչն ենք բարձրացնում մեր Փրկչին: Իսկ Աստված համբերությամբ սպասում է ու մեզնից սեր է ակնկալում… Նա` Իր սեփական օրինակով, սովորեցրեց մեզ, թե ինչ է նշանակում իսկապես սիրել, այնպես սիրել, որ սեփական անձը զոհաբերել հանուն մեկ այլ մարդու»:
Քարոզի վերջում Տեր Գրիգորը խորհուրդ տվեց Ավագ շաբաթվա նախաշեմին ճիշտ որոշում և ընտրություն կայացնել՝ ուրանո՞ւմ ենք Աստծուն, որ մեր փրկության համար Իր Միածին Որդուն զոհեց, թե՞ հավատարմորեն հետևում ենք Նրան մինչև վերջ:
«Թողե՛ք, որ մանուկներն ինձ մոտ գան, արգելք մի՛ եղեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Աստծո Արքայությունը: Լա՛վ իմացեք, ով Աստծո Արքայությունը չընդունի մանկան պես, չի մտնի այնտեղ» (Մարկոս 10:13-15):
Սբ. Պատարագի ավարտից հետո ատյանում կանգնած երեխաների մաքուր հայացքը դեպի Սբ. խորան էր ուղղված: Մանուկների օրհնության կարգն էր կատարվում: Քահանան խնդրում էր Տիրոջից, որ Իր աներևույթ Աջով օրհնի մանուկներին, Սուրբ Հոգու պարգևած սրբությամբ նրանց պահի անարատ Իր կամքը կատարելու և անմեղությամբ հասնելու հավիտենական կյանքին, ուղղի և Իր երկյուղի մեջ հաստատի նրանց քայլերը, պահելով հնազանդ Տիրոջ լուսավոր պատվիրանների մեջ իրենց ամբողջ կյանքի ընթացքում, պարգևի խաղաղ և առանց մեղքի կյանք, որպեսզի, հասունանալով և աճելով, հասնեն մինչև խոր ծերություն:
Օրհնության և արձակման աղոթքից հետո երեխաները շտապում էին եկեղեցու բակ. որոշ ժամանակ անց բակը զարդարվել էր երեխաների մաքուր և պարզ աշխարհի գունագեղ պատկերներով, իսկ պարանին չորանում էր երեխաների կողմից ջրաներկերով գունավորված աստվածաշնչյան մի շարք պատկերներ:
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու բակի մյուս հատվածում սիրիահայ համայնքի «Հույս միավոր» տիկնանց միությունը Ծաղկազարդի տոնին, ժողովրդական սովորության համաձայն, սեղան էր պատրաստել: Սեղանը լի էր զարդարված մոմերով և արևելյան քաղցրավենիքով: «Այս ամենի վաճառքի ողջ հասույթը տրամադրվելու է եկեղեցուն: Սփյուռքահայ ընտանիքի համար միշտ էլ կարևոր է եղել երեխայի քրիստոնեական դաստիարակությունը, ամեն կիրակի եկեղեցի հաճախելը: Ծաղկազարդի տոնին, ժողովրդական սովորության համաձայն, սիրիահայերը իրենց երեխաներին տոնին մասնակից են դարձնում ամենագեղեցիկ և տոնական հագուստներով: Այս օրը մոմեր զարդարելը և տուն տանելը նպատակ ունի աստվածային լույսով ողողելու հայ ընտանիքը»,- իր խոսքում նշեց տիկնանց միության ատենապետուհի Զարուհի Ամալյանը:
Երեխաների տոնը առավել տոնական դարձրեցին «Ռուբի» ծաղրածուն երկու հերոսների՝ «Միկի» մկնիկի և «Դոնալդ» բադիկի հետ: Շփոթեցնող և ուշադրություն պահանջող խաղերի ընթացքում պարտվողները երգում էին, արտասանում կամ պարում: Իրար հաջորդող բազմաթիվ պարերը ոգևորել էր և՛ երեխաներին, և՛ ծնողներին: Խաղերին թոռնիկների հետ միասին մասնակցում էին նաև տատիկները:
Տոնի պատգամին ունկնդիր լինելով՝ թույլ տանք մանուկներին դեպի Տերը քայլելու և օրինակ վերցնենք նրանցից, ովքեր, ըստ եկեղեցու հայրերի, շատ ավելի լավ են ընկալում և զգում հոգևորը, քան մեծահասակները:
Աստծուն մեր սրտում ընդունելով՝ մեծ ուրախությամբ հետևենք Նրան մինչ վերջ, արժանանալու իրական կյանքին, հանգստությանը, հոգու ուրախությանը, և քաջալերվենք, որովհետև Նա հաղթեց աշխարհին (Հովհաննես 16:33):
Կարինե Սուգիկյան