25 Նոյեմբեր, Բշ
Մի ծեր վանական գնաց ճգնելու և տասը տարվա ընթացքում Աստծուն մի բանի համար էր աղոթում, որպեսզի իմանա, թե երկրի վրա ինչու են ոմանք հարուստ ծնվում, իսկ ոմանք՝ աղքատ: Հատկապես, երբ հաճախ որևէ տաղանդով օժտված մարդիկ աղքատ են, իսկ հարուստներն առանձնապես ոչնչով աչքի չեն ընկնում, որպես անհատականություն, այլ ուղղակի հաջողակ ընտանիքում են ծնվել: Ինչո՞ւ է այդպիսի անարդարաթյուն տեղի ունենում:
Եվ ահա, Աստված ողորմաց նրան և Իր հրեշտակին ուղարկեց նրա մոտ: Հրեշտակն ասաց.
- Ոչինչ չեմ բացատրի քեզ: Ուղղակի աչքերդ փակիր:
Ծերը փակեց աչքերն ու երբ բաց արեց, հայտնվեց մի ծառի փչակում: Հրեշտակը շարունակեց.
- Այստեղ երեք օր կմնաս: Հետևիր, թե ինչ կկատարվի:
Եվ վանականն սկսեց հետևել:
Առաջին օրը մի ձիավոր սլացավ՝ սևաթույր ձիուն հեծած, շողացող զրահներով: Ծառի մոտով անցնելիս, թամբին կապված պարկը պատահաբար արձակվեց ու վայր ընկավ: Հաջորդ օրը մի գյուղացի եկավ, նստեց ծառի տակ, արձակեց ուտելիքի կապոցը, որպեսզի ճաշի, բայց հանկարծ պարկը նկատեց: Տեսավ, որ պարկի մեջ ոսկի է, շատ ուրախացավ և ուտելիքը ծառի տակ թողնելով՝ վերցրեց պարկն ու վազելով հեռացավ: Երրորդ օրը մի աղքատ թափառական էր անցնում, տեսավ ուտելիքն ու ագահությամբ վրա պրծավ դրան: Չէր հասցրել ճաշն ավարտել, երբ ձիավորը վերադարձավ ու սկսեց իր փողերը պահանջել: Տանջեց նրան, իսկ հետո, հասկանալով, որ անօգուտ է, սպանեց նրան: Եվ այստեղ վանականը չդիմացավ ու սկսեց զայրույթից բղավել.
- Դու խոստացար հարցերիս պատասխանը տալ, բայց ես անարդարության ևս մեկ տեսարանի ականատեսը եղա:
- Սպասիր,- պատասխանեց հրեշտակը,- Հիմա կբացատրեմ տեսածիդ իմաստը: Այն ձիավորը հարուստ էր: Նա անցնում էր իր կալվածքներով ու տուրք հավաքում: Նա այդ կորցրած պարկի պես դեռ շատ պարկեր ուներ: Ուղղակի ագահությունը թույլ չէր տալիս կանգ առնել: Ոսկուց բացի ուրիշ արժեքավոր բան չուներ: Այն գյուղացին սնանկացել էր և իր ողջ ունեցվածքը գրավի տակ դրել: Երեկ գումարը վճարելու վերջին օրն էր և եթե նա այդ պարկը չգտներ, ապա ամեն ինչ կկորցներ ու բանտ կընկներ: Բայց նա ամբողջը վճարեց իր գտած ոսկով ու փրկեց իրեն ու իր ընտանիքը: Այն աղքատ թափառականը, երիտասարդ տարիքում, հարբած ժամանակ մարդ էր սպանել: Դրանից հետո ողջ կյանքը տանջվել էր, ունեցվածքն ամբողջությամբ աղքատներին բաժանել և աղաչել էր Աստծուն, որ իրեն տանջալից մահ տա՝ իր մեղքը քավելու համար: Երեկ նրա ցանկությունը կատարվեց և այժմ ոչ միայն իր մեղքն է քավել, այլև դարձել է Սուրբ Նահատակ: Իսկ նրան սպանած ձիավորին կսկսեն մղձավանջները տանջել: Նա կզղջա գործածի համար ու կսկսի աղքատներին օգնել:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի