22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Ի՞նչ հարաբերության մեջ են Եկեղեցին և գիտությունը:
Պատմության ընթացքում գիտության հանդեպ Եկեղեցու վերաբերմունքի մասին խոսելիս պետք է տարբերակում կատարել արևմտյան երկրներում Կաթոլիկ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումների վերաբերյալ: Ի տարբերություն արևմտաեվրոպական երկրներում Եկեղեցու և գիտության բնագավառի միջև առկա լարվածության` հայ իրականության մեջ մեր Սուրբ Եկեղեցին է հանդիսացել նաև գիտության օրրանը: Հայ Եկեղեցու ծոցում և կամ Եկեղեցու հովանու ներքո են զարգացել գիտությունները, հոգևոր-կրթական հաստատություններն են առավելաբար պատրաստել անվանի գիտնականներ: Այսպիսով, եկեղեցական ոլորտում են զարգացել գիտության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են տիեզերաբանությունը, աստղագիտությունը, տոմարագիտությունը, մաթեմատիկան, երկրաչափությունը, պատմագիտությունը, բանասիրությունը, քերականությունը և այլն:
Հայ Եկեղեցին է նաև Հայաստանում հիմնել բարձրագույն ուսումնական հաստատություններ` համալսարաններ, որոնք իրենց մակարդակով չեն զիջել և անգամ գերազանցել են եվրոպական համալսարաններին: Միջնադարյան հայկական բարձրագույն կրթական հաստատությունների հիմնադրման ու գործունեության պատմությունն ուսումնասիրողները նշում են, որ հայոց համալսարաններն ուսուցման ծրագրերի առումով ավելի հագեցած են եղել և տարբերվել են նույն ժամանակաշրջանի եվրոպական համալսարաններից, քանզի հայ ուսանողներին տրվել են գիտելիքներ նաև նախաքրիստոնեական շրջանի կրոնի, հավատալիքների մասին, ինչի համար որպես ուսուցման ձեռնարկ ծառայել է նաև Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը»:
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր էլ շարունակում է քաջալերել գիտության մշակներին, խրախուսել գիտնականների գործունեությունը, գիտության ասպարեզի տարբեր գործիչների արժանացնում է Եկեղեցու բարձր պարգևների, պատվո շքանշանների: Հայ Եկեղեցին ներկայումս շարունակում է գիտության զարգացմանը բերել իր նպաստը հատկապես բանասիրական գիտությունների ոլորտում: Տարբեր եկեղեցականներ հեղինակում են պատմաբանական, հայագիտական, բանասիրական աշխատություններ, ինչպես նաև եկեղեցական ասպարեզին հատուկ աստվածաբանական, եկեղեցաբանական, եկեղեցագիտական աշխատություններ, որոնք ներկայացվում են ինչպես հայ, այնպես էլ այլազգի ընթերցողների, գիտական շրջանակների ուշադրությանը:
Գիտությունն այլ տեսակետ է առաջարկում մարդկության ստեղծման վերաբերյալ: Ինչպե՞ս է Եկեղեցին բացատրում, որ Ադամից ու Եվայից առաջացավ մարդկությունը:
Աստվածաշնչի Ծննդոց գիրքը հայտնում է, որ Աստված ստեղծեց արական և իգական սեռի առաջին մարդկանց` Ադամին ու Եվային (Ծննդ. 1.27, 5.2): Սուրբ Գրքում խոսվում է հատկապես նրանց երկու որդիների` Կայենի և Աբելի մասին (Ծննդ. 4.1-15), քանզի հիշատակելի պատմություն է նրանց հետ կապված: Սակայն աստվածաշնչյան տեղեկությամբ Ադամն ու Եվան շատ այլ զավակներ ունեցան (Ծննդ. 4.25-26, 5.3-4) և նրանց ամուսնությամբ շատացան մարդիկ: Աստվածաշունչը մարդկության առաջացումը կապում է Ադամի և Եվայի հետ՝ նշելով, որ Աստված նրանց պատվեր տվեց մարդկության ստեղծման` ասելով. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը» (Ծննդ. 1.28): Ջրհեղեղից հետո մարդկությունը պետք է վերածնվեր Նոյից ու նրա որդիներից, և նրանց էլ Աստված ուղղեց նույն խոսքը` երկրի վրա բազմանալու, բուսական ու կենդանական աշխարհին տիրելու (Ծննդ. 9.1-2): Մենք այսօր մի մեծ գերդաստանի պատմությամբ կարող ենք տեսնել, որ ամուսնական մեկ զույգից սերում են բազում սերունդներ: Այսպես էլ Ադամից ու Եվայից առաջացան բազում մարդիկ: Համաշխարհային ջրհեղեղից հետո փրկվեցին միայն Նոյն ու իր կինը և նրանց երեք որդիներն իրենց կանանցով: Եվ հետջրհեղեղյան ժամանակաշրջանում մարդկությունը բազմացավ այս ընտանիքից (Ծննդ. 7.23, 9.1, 10.32):
Ադամից ու Եվայից մարդկության ծագման պատմությունը մերձավոր, արյունակցական սերտ կապի մեջ եղող մարդկանց ամուսնության հարցն է առաջ բերում: 3-րդ դարի եկեղեցական հեղինակներից Մեթոդիոս Օլիմպացին կուսության առաքինության մասին իր հայտնի գրական գործում խոսում է ամուսնության և նրա աստիճանական զարգացման` ամուսնության էվոլյուցիայի մասին: Նա հաստատում է, որ մարդու գոյության սկզբնական շրջանում Աստծո կողմից թույլատրված էին մերձավոր ամուսնությունները, որոնք դադարեցին Աբրահամի ժամանակ: Աստված ուխտ կնքեց Աբրահամի հետ, որի նշանն էր թլփատությունը: Թլփատությունը նշանակում էր, որ մարդը պետք է հեռու մնա մարմնի մեղավոր կրքերից, ինչպես նաև ցույց էր տալիս, որ այլևս դադարում են նույն մարմնից սերած մարդկանց` արյունակից հարազատների ամուսնությունները, որն այդուհետ համարվում էր արյունապղծություն: Ղևտացվոց գրքում արդեն տրվում են ամուսնության արգելքի և թույլտվության աստիճանակարգումները (գլուխներ 18-20): Մերձավորների ամուսնության դադարեցմամբ, սակայն, շարունակվում էր բազմակնությունը, որը, ինչպես նշում է Մեթոդիոս Օլիմպացին, դադարեց մարգարեական շրջանում: Եկեղեցական հեղինակը վկայակոչում է Երեմիայի մարգարությունը, որտեղ մարգարեն ասում է, որ իգամոլ ձիու է նման տարբեր կանանց տենչող մարդը (Երեմ. 5.8): Մեթոդիոսը մեջբերում է անում նաև Սողոմոնի իմաստության գրքից, որտեղ ասվում է. «Ուրա՛խ եղիր քո երիտասարդ օրերի կնոջ հետ» (Առակ. 5.18):
Քրիստոս ևս ճիշտ համարեց միակնությունը: Միակնության հաստատումով ամուսնությունը հասնում է իր զարգացման վերջին փուլին, որից այն կողմ անցնում է կատարյալ վիճակի, որը կուսության առաքինությունն է: Մեթոդիոս Օլիմպացին, իր այս ուսուցմամբ նկարագրելով կուսության առաքինության վեհությունը, միաժամանակ մեծապես պատվելի է համարում ամուսնությունը` չնսեմացնելով ամուսնության կարևոր դերը մարդկության կյանքում:
Միջնադարյան Եկեղեցին դեմ էր գիտությանը և մահվան էր դատապարտում քիմիկոսներին, աստղագետներին, Եկեղեցու տեսակետներին հակադրվող գիտնականներին: Ինչպիսի՞ն է այսօրվա մոտեցումը:
Միջնադարում գիտության դեմ Եկեղեցու հանդես գալն իրականություն է Կաթոլիկ Եկեղեցու պարագայում: Հայ Առաքելական Եկեղեցու պատմության մեջ երբեք չեն եղել ինկվիզիցիայի խարույկներ, առաջադեմ գիտնականների, մտածողների հալածանքներ, ընդհակառակը, Հայ Եկեղեցին էր հովանավորն ու օրրանը գիտության: Երբ ասում ենք, որ Կաթոլիկ Եկեղեցին հալածում էր ու մահապատժի դատապարտում գիտության գործիչներին, պետք է նկատի ունենանք Եկեղեցին ոչ թե եկեղեցաբանական իմաստով, քանզի Եկեղեցին սուրբ է և սրբարար, այլ Կաթոլիկ Եկեղեցում մեծ իշխանություն ունեցող հոգևորականներին: Բարձրաստիճան հոգևորականներ, վախենալով, որ գիտական միտքը կարող է կասկածի տակ դնել Կաթոլիկ Եկեղեցու այդ ժամանակի պատկերացումներն ու ուսուցումները և դրանով իսկ նվազեցնել իրենց ազդեցությունը հասարակության վրա, ջանում էին ամեն կերպ լռեցնել տարբեր գիտնականներին` նրանց չարչարանքների մատնելով, մահապատժի ենթարկելով:
Կաթոլիկ Եկեղեցու միջնադարյան պատմության խայտառակ իրողությունների համար Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը հրապարակավ պաշտոնապես ներողություն խնդրեց ամբողջ աշխարհից: Այսօր Կաթոլիկ Եկեղեցին խրախուսում է գիտության առաջընթացն ու զարգացումը մարդկության բարօրության համար, հպարտությամբ ներկայացնում հանրահայտ հոգևորական գիտնականների անունները, ինչպես նաև այն գիտնականների մեծ ցանկը, ովքեր եղել են Կաթոլիկ Եկեղեցու անդամներ և կամ այսօր Կաթոլիկ Եկեղեցու հավատարիմ հետևորդներն են:
Ինչպե՞ս եք վերաբերվում Դարվինի տեսությանը:
Դարվինի տեսությանը վերաբերվում եմ հումորով: Խորհրդային իշխանության տարիներին, երբ դպրոցներում մեզ սովորեցնում էին, որ մարդն առաջացել է կապիկից, և բուսական ու կենդանական աշխարհը էվոլյուցիայի արդյունք են, երեխաներն այդ տեղեկություններն ընդունում էին որպես հերթական դաս` առանց վերլուծելու տվյալ տեսության ճշմարտացիության հնարավորությունը: Տեսե՛ք, մենք ասում ենք Դարվինի տեսություն, չենք ասում Դարվինի ճշմարտություն: Դա նշանակում է, որ որևէ գիտնական ազատ հնարավորություն ունի իրեն հավանական թվացող կարծիք, տեսակետ արտահայտելու, որը, սակայն, կարող է և բացարձակ ճշմարտություն չլինել: Դարվինի տեսության նկատմամբ Եկեղեցու վերաբերմունքը խստորեն դատապարտության ենթարկելու դիրքորոշում չէ, այլ գիտական մտքի, կարծիքների դրսևորման հնարավորության դիտարկում:
Դարվինի հեղինակած էվոլյուցիայի տեսությանը, սակայն, լայն քննդատությամբ հակադրվում է կրեացիոնիզմը, որն արդիական գիտական ուղղություններից մեկն է: Կրեացիոնիզմ բառն առաջացել է լատիներեն «creatio»` «արարում», «ստեղծագործում» բառից և, որպես տեսություն, ուսուցանում է գերբնական մտքի անհրաժեշտությունը` իբրև կարևոր պայման տիեզերքի, մարդու առաջացման: Էվոլյուցիոնիզմի գիտական տեսակետներին զուգահեռ գիտական հիմնավորումներով լուրջ տեսակետներ են ներկայացնում նաև կրեացիոնիզմի ներկայացուցիչները: Այսօր աշխարհում կան կրեացիոնիզմի գիտական մեծ կենտրոններ, սակայն դարվինիզմը էվոլյուցիայի տեսությամբ ավելի շատ տարածում ունի: Այդ պատճառով էլ դպրոցական դասագրքերում մեծավ մասամբ տեղեկություններ են հաղորդվում Դարվինի տեսության մասին: Միջին Արևելքում, ԱՄՆ-ի մի շարք նահանգներում նախապատվությունը տրվում է կրեացիոնիզմի տեսությանը, և դպրոցական համապատասխան դասագրքերը էվոլյուցիոնիզմի փոխարեն ներկայացնում են կրեացիոնիզմը:
Կրեացիոնիզմի տեսությունն էվոլյուցիայի տեսությունից տարբերվում է ոչ միայն արարչագործության համար գերբնական մտքի, գերբնական ուժի անհրաժեշտության շեշտումով, այլև ժամանակային գոյության տարբեր սահմանումներով: Էվոլյուցիոնիզմի հետևորդները համարում են, որ տիեզերքը, Երկիր մոլորակը գոյություն ունեն միլիարդավոր տարիներ: Կրեացիոնիստների տեսակետով` տիեզերքը ոչ թե միլիարդավոր, այլ մոտ տասը հազար տարեկան է: Որոշ կրեացիոնիստներ այս տարիքը կապում են եթե ոչ տիեզերքի, ապա` Երկիր մոլորակի հետ: Կրեացիոնիզմի շրջանակում գոյություն ունի նաև թեիստական էվոլյուցիայի տեսությունը, որն ամբողջովին ընդունում է Դարվինի տեսությունը` սակայն հավելելով, որ էվոլյուցիայի, կյանքի ծագման, նախնական կենդանատեսակների, բուսական աշխարհի տեսակների առաջացումը կապված է գերբնական ուժի արարչագործության ու ներգործության հետ:
Այսպիսի տեսությունների առկայության պարագայում, բացառելով հավատքի գործոնը, ընտրությունը թողնվում է մարդուն: Եթե մեկը նախընտրում է մտածել, որ առաջացել է կապիկից, կամ իր նախնիները կապիկից են առաջացել և կամ իր նախնիները կապիկ են եղել, ապա ոչ ոք նրան չպետք է բռնությամբ հակառակը պարտադրի: Իսկ եթե մեկ ուրիշը նախընտրում է մտածել, որ ստեղծված է ըստ Աստծո պատկերի և նմանության, ապա գովելի է, քանզի այս համոզումն առնչվում է հավատքին և մարդու, տիեզերքի առաջացման աստվածային հայտնությանը, որը տրվել է մարդկությանն Աստվածաշնչի միջոցով:
Անծայրածիր տիեզերքի խորհրդավորության կողքին առկա է այլմոլորակայինների քաղաքակրթության առեղծվածը: Մենք տիեզերքում մենա՞կ ենք:
Մենք տիեզերքում մենակ չենք, բայց մենք տիեզերքում միակն ենք: Տիեզերքում մարդկությունը միայնակ չէ, որովհետև կա աստվածային ներկայությունը, հրեշտակների` երկնային արարածների գոյությունը: Սակայն մարդը` որպես կենդանի բանական արարած, Երկիր մոլորակը` իր բուսական և կենդանական աշխարհով, միակն են ողջ տիեզերքում: Հարց է առաջանում. «Եթե հսկայական տիեզերքի միլիարդավոր մոլորակներում կենդանություն չէր լինելու, ինչո՞ւ է Աստված ստեղծել դրանք»: Սուրբ Գիրքն ասում է. «Երկինքը պատմում է Աստծու փառքը, և երկնքի հաստատությունը հայտնում է Նրա ձեռքի գործերը» (Սաղմ. 18.2): Երկնային մարմիններին` բազմաթիվ աստղերին, մոլորակներին նայելով` մենք հիանում ենք Աստծո ստեղծագործության սքանչելիության վրա:
Փիլիսոփա Կանտն իրավամբ ասել է. «Երկու բան է ինձ հիացնում` աստղազարդ երկինքն իմ գլխավերևում և բարոյական օրենքն իմ ներսում»: Մենք ևս զարդարում ենք մեր առաստաղները, որոնցից չենք օգտվում քայլելու, մնալու համար, այլ գործածում ենք որպես ծածկ: Սակայն տների, հատկապես հանդիսությունների սրահների առաստաղները զարդարում ենք գեղեցիկ կառուցվածքով կամ քանդակներով, բազմաթիվ լույսերով ու ջահերով: Մենք անում ենք ճիշտ նույն բանը, ինչ արել է Աստված, և ինչպես հիանում ենք երկնքով, այնպես էլ գեղեցկության զգացումով դիտում ենք զարդարված առաստաղները:
Պողոս առաքյալը հայտնում է մարդկային անզեն և զինված աչքի համար անտեսանելի և անհասանելի երկինք փոխադրվելու մասին (Բ Կորնթ. 12.2-4), եկեղեցական հեղինակներն իրենց տրված իմաստությամբ կամ հայտնությամբ ներկայացնում են տիեզերքի կառուցվածքի մասին տվյալներ: Աստղազարդ երկնքից այն կողմ սկսվում է հրեղեն երկինքը, որտեղ Աստված է, ով Իր ամենակարողությամբ նաև ամենուր է: Երկնքի աստղալի սահմանից այն կողմ նաև երկնային հրեշտակների դասերն են, սրբերը: Որոշ տեսություններ` այլ մոլորակներում կյանքի գոյության և կամ այլմոլորակայինների մասին, պարզապես ֆանտաստիկայի հեքիաթային ժանրից են: Եկեղեցու կողմից միանշանակորեն ժխտելի է Երկիր մոլորակից բացի այլ մոլորակներում ևս մարդկության գոյության տեսակետը, քանզի այն անընդունելի է հատկապես աստվածաբանական, քրիստոսաբանական տեսանկյունից: Մարդու փրկության համար Քրիստոս մարդեղացավ և Իր խաչելությամբ ու Հարությամբ իրագործեց փրկությունը: Քրիստոսի փրկագործությունը կատարվեց մեկ անգամ և մեկընդմիշտ (Եբր. 7.27), որով անընդունելի է, որ այլ մոլորակների մարդկանց փրկելու համար Քրիստոս մարդանա նաև տարբեր մոլորակներում և իրականացնի Իր առաքելությունը` մի քանի անգամներ կրկնելով տարբեր իրականությունների համար:
Գուցե ոմանց համար հիասթափեցնող լինի, սակայն վերջին հրապարակումների համաձայն` աստղագետները համակարգչային սիմուլյացիայի միջոցով մոդելավորել են մեզ հայտնի տիեզերքը` կիրառելով ֆիզիկայի օրենքները տիեզերքի գոյության 13.8 միլիարդ տարիների համար: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հնարավոր գոյություն ունեցող 700 քվինտիլիոն մոլորակներից որևէ մեկը նման չէ Երկիր մոլորակին:
Մարդիկ կան, ովքեր ասում են, թե տեսել են այլմոլորակայինների, շփվել նրանց հետ, երկնքում ինչ-որ նշաններ տեսել: Նման որոշ մարդիկ հոգեբանական, հոգեկան խնդիրներ ունեն, որոնք պատճառում են անիրական պատկերներ ու զգացումներ: Պողոս առաքյալը նշում է, որ չար ոգիները, Աստծո դեմ ըմբոստությամբ երկնքից ընկած չար հրեշտակները բնակվում են երկնքի ներքո (Եփ. 6.12), և նրանք նույնպես կարող են մարդկանց մոլորեցնել` տեսանելի երկնքում տարբեր երևելի նշաններ ցուցադրելով, որով մարդուն շեղում են ճշմարիտ աստվածպաշտությունից:
Տեր Ադամ քհն. Մակարյան