«Մեր հայրը Սուրբ Ավետարանն է, իսկ մայրը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին»,- ասել է հայ պատմագիր Եղիշեն: Եկեղեցին մեր մայրն է դառնում հոգևոր ծննդյամբ՝ մկրտությամբ, որից հետո էլ Մայրը չի դադարում իր զավակներին խնամելուց՝ հոգալով նրանց հոգու և մարմնի կարիքները: Հոգատար Մայրը մեծ խնդություն է ապրում՝ տեսնելով Քրիստոսին միավորված իր զավակների սերը, ուշադրությունն ու հոգատարությունը միմյանց նկատմամբ: Զավակները ևս մեծ ուրախություն են ապրում, երբ առանց ակնկալիքի առատորեն գործածում են պարգևածը:
Դեկտեմբերի 1-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մանուկյան Ռուզաննային (47 տ.) հանձնեց 100 ԱՄՆ դոլար դրամական օգնություն, որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Ռուզաննան իր մոր՝ Գյույլնազարյան Եվգենյայի (77 տ.) և եղբոր՝ Մանուկյան Տիգրանի (43 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Էջմիածին քաղաքի Մ. Մեխակյանի 29 հասցեում: Մանուկյան ընտանիքը տասը տարի առաջ իր բնակարանը վաճառել է, որպեսզի մասամբ լուծի տան անդամների առողջական խնդիրները: Տունը, որտեղ ընտանիքն արդեն տասը տարի վարձակալությամբ բնակվում է, վթարային վիճակում է, տանիքը կաթում է, բնակարանը գազաֆիկացված չէ, բաղնիք չունեն, ջուրը տուն են հասցնում բակից: Այս խնդիրներին գումարվում են նաև Մանուկյան ընտանիքի անդամների առողջական խնդիրները: «Ես 2-րդ խմբի հաշմանդամ եմ, բրոնխիալ ասթմա և շաքարային դիաբետ ունեմ: Եղբայրս 1-ն խմբի հաշմանդամ է, ութ տարի առաջ ինսուլտ է տարել, գամված է անկողնուն, նա և մայրս թույլ լսողություն ունեն: Երկու տարի առաջ եղբայրս ոտքը կոտրեց, չկարողացան վիրահատել, քանի որ սուր շնչառական հիվանդությամբ՝ ասթմայով է տառապում: Տարվա ընթացքում մեկ անգամ բուժումներ ենք ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ինչի համար շնորհակալ ենք բուժանձնակազմին: Անչափ շնորհակալ եմ նաև Տեր Գրիգորին և աջակից ընտանիքին, որ օգնության ձեռք մեկնեցին մեր ընտանիքին»,- ասաց Ռուզաննան: Մանուկյան ընտանիքն իր նվազագույն կարիքները հոգում է ընտանեկան նպաստի և թոշակների գումարներով:
Այն, որ սիրո միությունն ուրախություն և մխիթարություն է, փաստում է Պողոս առաքյալը. «Արդ, եթե Քրիստոսին միացած լինելու մեջ մխիթարություն կա, եթե Նրա սերն սփոփում է, եթե Սուրբ Հոգին մարդկանց հաղորդակից է անում միմյանց՝ իրար նկատմամբ գթասիրտ ու ողորմած դարձնելով նրանց, ապա կատարյալ արեք իմ ուրախությունը՝ միաբանվելով, միմյանց հանդեպ նույն սերն ունենալով և համերաշխ ու համախոհ ապրելով» (Փիլիպ. 2:1-2):
Կարինե Սուգիկյան