«Եկեղեցին Քրիստոսի սիրո իրագործումն է»

Իր պատմության առաջին իսկ օրերից քրիստոնեությունը գործում է իբրև համախոհ և միահոգի համայնք, որից կազմված եկեղեցին, որպես մայր, խնամում և հոգ է տանում իր զավակներին: «Եկեղեցին Քրիստոսի սիրո իրագործումն է»,- ասել է Սբ. Կիպրիանոս Կարթագենացին: Եկեղեցու մարմինը կազմող համայնքը՝ աստվածային սիրով միավորված, իրականացնում է ոչ այլ ինչ, եթե ոչ աստվածադիր սիրո առաքելությունը: Եվ սիրո առկայությամբ և ընդհանուր սիրո հաղորդությամբ է օր-օրի աճում և զորանում եկեղեցու մարմինը:

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, Քրիստոսի սիրո իրագործմանն ու առաքելությանը հավատարիմ, հոկտեմբերի 26-ին, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Ենոքյան ընտանիքին, որ բնակվում է Հույսի ավանի 2-րդ թաղամասի 4/98 հասցեում: 41-ամյա Ենոքյան Փիրուզան ամուսնու մահից հետո արդեն տասներկու տարի միայնակ է խնամում իր չորս զավակներին: Տիկին Փիրուզայի երեք դուստրերն ուսանել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջում և այժմ աշխատանք են փնտրում, իսկ 14-ամյա որդին դպրոցական է: Սոցիալապես անապահով ընտանիքը փորձում է իր կարիքները մասամբ հոգալ ընտանեկան նպաստի և տիկին Փիրուզային հատկացվող հաշմանդամության թոշակի գումարներով:

Բազմազավակ ընտանիքի հետ զրույցից հետո, Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և նրանց հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր մոսկվաբնակ Կարինա Համբարձումովան՝ ի հիշատակ իր վաղամեռիկ որդու՝ Դավիթ Համբարձումովի: Ենոքյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին, համայնքին և աջակից անձին:

Քրիստոս իր հետևորդներին նոր պատվիրան պատգամեց. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհաննես 13:34-35): Այդ սիրո արտահայտությունն է նաև մահացած հարազատի համար աղոթքը, որն, ըստ եկեղեցու հայրերի, կարևոր է ուղեկցել նաև նրանց հիշատակին նվիրված ողորմություններով:

 

Կարինե Սուգիկյան

26.10.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․