Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի անդամների այցը Ծիծեռնակաբերդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի նիստի մասնակիցները հունիսի 10-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին:

ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամներն անմար կրակի առջև ծաղիկներ զետեղեցին, ապա կատարվեց համատեղ հոգևոր արարողություն: Ներկաներն աղոթեցին Հայոց Ցեղասպանության ընթացքում զոհված հայորդիների, ինչպես նաև հույն և ասորի ժողովուրդների ցեղասպանության հետևանքով բոլոր նահատակվածների համար:

Քրիստոնեական տարբեր Եկեղեցիների ներկայացուցիչները իրենց աղոթքը բարձրացրեցին առ Աստված Մերձավոր Արևելքի երկներում, ի մասնավորի` Սիրիայում և Իրաքում, հակամարտությունների դադարեցման և շուտափույթ խաղաղության հաստատման, ինչպես նաև քրիստոնյաների անվտանգ կյանքի համար:

Ներկաներն աղոթեցին նաև 2013 թվականի ապրիլին Հալեպում առևանգված երկու եպիսկոպոսների` միտրոպոլիտ Մար Գրեգորիոս Իբրահիմի (Ասորի Ուղղափառ Եկեղեցի) և միտրոպոլիտ Պողոս Յազիգիի (Հույն Ուղղափառ Եկեղեցի) ապահով գերեդարձման համար:

Այնուհետև ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի մոդերատոր Դր. Ագնես Աբումն ընթերցեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի որդեգրած հռչակագիրը, որում ասվում է.

«Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեն, հյուընկալությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, հունիսի 8-13-ն իր ժողովն է գումարում այս երկրում` հարգելու Ցեղասպանության նահատակներին և զոհերին: Մենք այցելում ենք Հայոց Ցեղասպանության հուշահամալիր հիշելու նրանց և աղոթելու հարուցյալ Տեր Հիսուս Քրիստոսի անունով: Եվ մենք փառաբանում ենք հայ ժողովրդի կյանքը և Հայոց Եկեղեցու վկայությունը:

Գործադիր կոմիտեն վերհիշում է 2013 թ.-ին Բուսանում ԵՀԽ-ի 10-րդ համաժողովի կողմից Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով որդեգրված արձանագրությունը: 10-րդ hամաժողովի կողմից իրականացված այս կարևոր քայլը հաջորդեց բազում այլ առիթների, որոնցում ԵՀԽ-ի` «Եկեղեցիները միջազգային հարաբերությունների վերաբերյալ» կոմիտեն դեռևս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձաժողովի 1979 թ.-ի նիստին կոչ արեց ՄԱԿ-ին և անդամ պետություններին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: ԵՀԽ-ն տարիներ շարունակ կարևոր դերակատարություն է ունեցել` զորակցելով Հայոց Եկեղեցուն Ցեղասպանության մասին բարձրաձայնման ու ճանաչման և հայ ժողովրդի վրա ցեղասպանության շարունակվող ազդեցությանը պատշաճ արձագանքելու գործում:

1983 թ.-ին Վանկուվերում գումարված ԵՀԽ 6-րդ համաժողովին որդեգրված արձանագրությունը ճանաչեց, որ «Համաշխարհային համայնքի լռությունը և անգամ պատմական փաստերը ժխտելու միտումնավոր փորձերը դարձել են տառապանքի և աճող հուսահատության հաստատուն սկզբնաղբյուր հայ ժողովրդի, Հայոց Եկեղեցու և շատ ուրիշների համար»: Մինչ որոշները շարունակում են ջանքեր գործադրել` մերժելու կամ նվազեցնելու այս պատմական իրադարձությունները, Գործադիր կոմիտեն մեծապես քաջալերվել է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի կողմից 2015 թ.-ի ապրիլի 12-ին 1.5 միլիոն հայերի զանգվածային կոտորածի` որպես ցեղասպանություն հրապարակային ճանաչմամբ: Մենք շեշտում ենք, որ միջազգային հանրությունը պարտականություն ունի հիշատակելու Ցեղասպանության զոհերին` բուժելու այս պատմական վերքերը և ապագայում պաշտպանելու նմանատիպ վայրագությունների կրկնությունից:

ԵՀԽ-ն իր բազում անդամ Եկեղեցիների հետ միասին մասնակցել է 100-րդ տարելիցի մի քանի միջոցառումներին, ներառյալ` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական ոգեկոչմանը և նահատակների սրբադասմանը (ապրիլի 21-25-ը, Երևան, Հայաստան): ԵՀԽ-ն և նրա անդամ Եկեղեցիները կշարունակեն այս տարի մասնակցել շարունակվող հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումներին կազմակերպված Հայկական Սփյուռքի կողմից, ներառյալ` Հայ Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հետ հուլիսի 18-19-ը Անթիլիասում, Բեյրութում: Գործադիր կոմիտեն իր շնորհակալությունն է հայտնում աշխարհով մեկ շատ անդամ Եկեղեցիներին և էկումենիկ գործընկերներին, որ դիտարկել են կամ կդիտարկեն 100-րդ տարելիցն իրենց իսկ համատեքստում և խոսել են հանուն Ցեղասպանության ճանաչման և նրա զոհերի ոգեկոչման: Հիշատակի այս արարողությունների միջոցով մենք ճանաչում ենք, որ այս ողբերգական իրադարձությունները տեղի են ունեցել. և դրանք պետք է կոչվեն իրենց ճիշտ անունով:

Հայոց Ցեղասպանությունը նույն պատմական և քաղաքական համատեքստում ուղեկցվել է ցեղասպանական գործողություններով մյուս` արամեական, քաղդեական, ասորական, սիրիական և հունական ծագման համայնքների` մեծավ մասամբ քրիստոնյաների նկատմամբ, ինչն ախտահարել է 20-րդ դարասկզբի պատմությունը:

Այսպիսի իրադարձությունների մերժումը, անպատիժ թողնելը և մոռացության մատնելը խրախուսում է դրանց կրկնությունը: Նրանք, ովքեր մերժում են կամ ձեռք են բարձացնում քրոջ կամ եղբոր կյանքի և արժանապատվության վրա, քայքայում և ոչնչացնում են և՛ զոհի, և՛ իրենց մարդկային բնությունը: 100-րդ տարելիցի այս ոգեկոչումը պետք է հատկանշի ժամանակի լրումը, մինչ կառավարությունները ընդդիմանում են որպես ցեղասպանություն որակել այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ: Մենք հորդորում ենք բոլոր կառավարություններին հրաժարվել այս դիմադրությունից:

Հարյուրամյակի այս տարում մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, ԵՀԽ անդամ Եկեղեցիներին և հավատքի ու բարի կամքի տեր մարդկանց ոգեկոչելու և վերստին անդրադառնալու ցեղասպանությունների և մարդկության հանդեպ բոլոր հանցագործությունների կանխարգելմանը»:

Վերջում ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամները, ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, այցելեցին Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

10.06.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․