26 Նոյեմբեր, Գշ
Դեկտեմբերի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանից Երևան տեղափոխված վիրավոր և զոհված զինծառայողների քսանհինգ ընտանիքի հետ: Տեր Հայրը զոհվածների հոգու խաղաղության համար հոգեհանգստյան կարգ կատարեց և իր խոսքն ուղղելով ներկաներին՝ ասաց. «Մեր խոնարհումը ձեզ և մեր բոլոր զինվորներին ու զորավարներին, ովքեր իրենց կյանքը գիտակցաբար զոհաբերեցին՝ հանուն հայրենիքի ու հավատի: Ցավ է մեզ համար նրանցից յուրաքանչյուրի մահը, որ դեռ շատ անելիք ունեին: Սական կարևոր չէ, թե մարդն ինչքան է ապրում, կարևորը, որ նրա ապրած կյանքը լեցուն է, իսկ նրանց կյանքը լեցուն էր հայրենիքի և եկեղեցու հանդեպ ունեցած սիրով, իրենց զոհաբերած կյանքով: Թող Տերը ողորմի իրենց և արդարների դասում բնակեցնի: Մենք և մեր երեխաներն այսուհետ երախտապարտ ենք ձեզ և միշտ ձեր կողքին կլինենք»:
Տեր Հայրը եկեղեցում ներկաների ուշադրությունը հրավիրեց Ս. Վարդան զորավարի սրբանկարի կողքին դրված փոքրիկ խաչքարին, որ մի զինվոր Հադրութի անտառից էր գտել և պատերազմի ավարտին եկեղեցուն հանձնել: Տեր Գրիգորը հույս հայտնեց, որ հաղթանակած զորավարի սրբանկարի ու խաչքարի առջև կանթեղը վառելով և միասնական աղոթք առաքելով առ Տեր՝ մի օր պիտի ունենանք երազած հաղթանակը: Ապա Տեր Հայրը Արցախից ժամանած ընտանիքներին նվիրեց եկեղեցու կողմից հրատարակած հոգևոր գրականություն:
Այնուհետև Տեր Գրիգորը երիցատանը համայնքի կողմից արցախցի յուրաքանչյուր ընտանիքի փոխանցեց դրամական օգնություն (50 000 դրամ) և սննդի փաթեթ, որ տրամադրել էին «Մարտին Սթար» ՍՊԸ-ն՝ հանձինս տնօրեն Անդրանիկ Բաբոյանի, «Էրիզ» ՓԲԸ- ն՝ հանձինս տնօրեն Արսեն Ասլանյանի և «ԼԻԱ-Կ Գրուպ» ՍՊԸ-ն՝ հանձինս տնօրեն Անդրանիկ Գասպարյանի:
Ճշմարիտ սերը ճանաչվում է գործով: Առանց այդ սիրո չկա նաև կյանք, որ լուսավորում, ջերմացնում ու կենդանացնում է կյանքը: Անկեղծ ու գործուն սերն է, որ կարող է օրհնաբեր համարվել և այդ սերն է, որ բնորոշ է Քրիստոսի հետևորդին: Այդ պատճառով սիրո առաքյալ Հովհաննեսն ասում է. «Որդյակնե՛ր, մեր սերը թող չլինի միայն խոսքով ու լեզվով, այլ գործով արտահայտված ճշմարիտ սեր» (Ա Հովհ. 3:18): Նա, ով չի ճաշակել ճշմարիտ սիրո պտուղները և գտնվում է եսասիրության մեջ, վաղ թե ուշ կքաղի ոչ ցանկալի պտուղները՝ կհեռանա Աստծուց՝ ճշմարիտ Լույսից, կհայտնվի մեղքի խավարի, անհանգստության և տկարության մեջ: «Ինչ շնորհներ, որ տվել է քեզ Տերը, գործածիր հօգուտ կարիքավորի, որպեսզի չդատապարտվես սիրո պակասի և անգթության համար»,- ասել է Ս. Եփրեմ Ասորին:
Կարինե Սուգիկյան