Դեկտեմբերի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց տարեվերջյան Ս. Պատարագը: Արարողության ավարտին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը եկեղեցում սպասավորող փոքրիկ դպիրների հետ զարդարում էին եկեղեցու բակը Ս. Ծննդյան խորհրդանիշներով: Նկատելի էր, թե ինչ ջանասիրությամբ էին տղաները օգնում Տեր Հորը Ս. Ծննդյան մսուրը պատրաստելիս, Կենաց ծառի խորհրդանիշ տոնածառը զարդարելիս:
Տեր Գրիգորի խոսքով այդ նույն ջանասիրությամբ և նախանձախնդրությամբ էլ փոքրիկ դպիրներն իրենց ծառայությունն են բերում Տիրոջը և եկեղեցուն. «Յուրաքանչյուր ոք, ով ամեն կիրակի վաղ առավոտյան մասնակից է լինում Առավոտյան ժամերգությանը և Ս. Պատարագին, ապա նկատած կլինի մեր կողքին կանգնած փոքրիկ դպիրներին, ովքեր սիրով և նախանձախնդիր ոգով մասնակցում են աստվածպաշտությանը: Եթե իրենց հասակակիցները կիրակի առավոտյան հանգստանում են, երկար քնում, մինչև ճաշի ժամը խաղով անցկացնում, ապա նրանք վաղ առավոտյան շտապում են դեպի եկեղեցի: Շնորհակալ եմ նրանց ծնողներից, որ իրագործում են այն կարևոր պարտականությունը, որին կոչված են իրենք՝ որպես ծնող. թույլ են տալիս իրենց երեխաներին և չեն արգելելում (Մատթեոս 19:14), որ գան դեպի Աստված, դեպի եկեղեցի: Դեռևս մանկուց նրանք քայլում են դեպի Աստված տանող ճանապարհով, սաղմոսերգուի խոսքի համաձայն, նրանք դաստիարակվում են՝ ըստ իրենց ընտրած ճանապարհի և ծերության ժամանակ էլ չեն հեռվանա դրանից (Առակներ 22:6): Իրենց հայացքից ճառագում է Աստծո և Մայր եկեղեցու հանդեպ անվերապահ սերն ու նվիրվածությունը: Նրանք՝ որպես Հայ եկեղեցու նվիրյալ զավակներ, օր-օրի աճում են Տիրոջ շնորհով և գիտությամբ: Ուստի Ամանորի և Ս. Ծննդյան տոներին ընդառաջ որոշեցինք խրախուսել իրենց՝ անձնվեր ծառայասիրության համար»:
Դպիրներից Խաչատրյան Մարտիկը (12 տ.) մեկ տարի է, ինչ մեծ ուրախությամբ ծառայում է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում: «Ամեն անգամ Ս. Խորան բարձրանալով՝ ես նոր կյանք եմ ստանում»,- ասաց նա:
10-ամյա Ստեփանի համար ընդհանրապես դժվար չէ կիրակի վաղ առավոտյան արթնանալը: Ինչպես նա նշեց շաբաթվա մեջ ընդամենը մեկ օրը՝ կիրակին է սուրբ, որն ինքը Աստծուն է նվիրում: «Ինձ համար էլ դժվար չէ կիրակի վաղ առավոտյան արթնանալ,- ասաց Հայկը (9 տ.),- քանի որ ես հիշում եմ, որ Աստված է ինձ կանչում դեպի եկեղեցի և հաճույքով արթնանում եմ»: Վոլոդյան (12 տ.) և Ալեքսն (12 տ.) էլ նշեցին, որ ինչ սկսել են ծառայել եկեղեցում, իրենց վարքը դրական առումով փոխվել է և այդ մասին վկայում են թե՛ եկեղեցում և թե՛ ընտանիքում:
Տղաների մեծ մասը ցանկանում է շարունակել ծառայությունը եկեղեցում՝ հետագայում քահանա ձեռնադրվելու մեծ երազանքն ունենալով:
Կարինե Սուգիկյան