Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին

Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին | Erani Nran Ov Mtatsum E Aghqati U Tnanki Masin

Երանի որ խորհի զաղքատն և զտնանկ, յաւուր չարի փրկէ զնա Տէր:

Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան (Սաղմոս 40:2):

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս.

Այսօրվա ընթերցվածքում Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Օրերը չար են», հետևաբար պետք է ընթանալ զգուշությամբ, իբրև իմաստուններ և ոչ թե անմիտներ, և օգտագործել ժամանակը (Եփեսացիներ 5:15, 16): Սիրելինե՛ր, մենք բոլորս ցանկանում ենք խաղաղություն ունենալ և չանհանգստանալ, բայց, անշուշտ, դա հնարավոր չէ, որովհետև ժամանակները բարդ են: Նախորդ տարվա պատերազմի և շարունակվող հիվանդությունների ու մահերի պատճառով բազում հայորդիներ հայտնվել են անհուսության ու կարիքների մեջ, անմխիթար ու միայնակ մնացել են իրենց ցավի հետ: Բազում տագնապներ կան մարդկանց հոգիներում, թվում է, թե մոլորվել ենք խավար անտառում, կորցրել ենք լույսի ճանապարհը, փնտրում ենք ելքը, բայց դեռևս չենք կարողանում գտնել, փորձում ենք հասկանալ՝ որտեղ ենք և ուր ենք գնում, ցանկանում ենք դուրս գալ մոլորությունից, բայց դեռևս չենք տեսնում փրկության ուղին:

Աստված անպայմանորեն պիտի օգնության հասնի մեզ՝ ի շահ մեր փրկության, պիտի մատնանշի մեզ համար լույսի ճանապարհը, մեզ խաղաղեցնի և դուրս բերի անորոշությունից, ապահովության զգացում պիտի տա մեր սրտերին, և մտահոգությունները պիտի վանի մեր մտքերից: «Ամեն կողմից ճնշված, բայց ոչ ընկճված, կարոտյալ, բայց ոչ հուսահատ, հալածված, բայց ոչ լքված, չարչարված, բայց ոչ մեռած: Ամեն ժամ մեր մարմինների մեջ կրում ենք Հիսուսի մահը, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ», ընթերցում ենք Սուրբ Պողոս առաքյալի խոսքերը՝ ուղղված կորնթացիներին և տեսնում նրա արիությունը (Բ կորնթացիներ 4:8-10):

Մենք էլ տագնապած ենք, ճնշված ենք, չարչարված և կարոտյալ, սակայն Աստծով հուսահատ ու ընկճված չենք: Եվ իբրև քրիստոնյաներ պիտի դեղ հասցնենք մեկմեկու, աղոթենք հիվանդների հոգու և մարմնի փրկության համար և մեր օգնությունը չուշացնենք: Չտկարանանք, որպեսզի տկարությունից դուրս բերենք մեր հարազատներին և հուսալքված վիճակում չտեսնենք նրանց: Ժամանակները չար են, բայց մենք պիտի լույս բերենք մթնած սրտերին, ընկճվածների տխրությունը պիտի փորձենք Աստծով վանել: Ինչպես մեր փրկությունն ենք կամենում, մեր սիրելիների փրկության համար ևս պիտի ջանանք աղոթքով և զորակցությամբ, և նրանք պիտի տեսնեն Աստծու ներկայությունը իրենց կյանքում և գոտեպնդվեն: Քաջ պիտի լինենք ինքներս մեզ համար և քաջություն հաղորդենք մյուսներին: Պիտի լուսավորվենք Քրիստոսով և լույս ու հույս տանք դեռևս Քրիստոսի լույսը չտեսնողներին: Միգուցե մենք երազում ենք նյութական բարիքներ, բայց շատ ու շատ մարդիկ ֆիզիկական և հոգևոր առողջության մասին են երազում, ու մենք պիտի փորձենք օգնել նրանց՝ ձեռք բերելու այդ առողջությունը: Մենք ուրախության մեջ ենք, պիտի աշխատենք, որպեսզի շատ մանուկներ իրենց հայրերի կորստից հետո նույնպես կարողանան ուրախ լինել և ժպտալ: Միգուցե մենք վայելում ենք մեր ծնողների ու զավակների սերը, բայց բազմաթիվ ծնողներ պատերազմի հետևանքով կորցրին իրենց զավակներին, ու բազմաթիվ զավակներ այլևս չեն տեսնի իրենց ծնողներին: Մենք չենք փոխարինի նրանց հարազատներին ու սիրելիներին, բայց կարող ենք զավակի ու ծնողի պես վերաբերվել նրանց ու ձեռք մեկնել՝ սիրելով նրանց: Աստված Ինքը ցույց կտա, թե որտեղ է զգացվում մեր օգնության կարիքը, և մենք պիտի չհապաղենք օգնել նեղության և փորձության մեջ հայտնվածներին:

Այս ամենը անելով՝ մենք կատարած կլինենք Քրիստոսի սիրո պատվիրանը, որ ամենակարևոր առաքելությունն է յուրաքանչյուր քրիստոնյայի համար: Սերը բժշկություն է, և մարդիկ սիրով կարող են բժշկվել, մխիթարվել, զորանալ, գոտեպնդվել, առողջանալ, ուրախանալ, ծիծաղել, հանգստանալ, խաղաղվել: Սիրով մի ամբողջ ժողովուրդ կարող է ոտքի կանգնել: Մարդիկ սիրով միմիայն առաջ են ընթանում: Ամենատարբեր հարցեր սիրով կարող են լուծում գտնել: Երբ սերն է առաջնորդողը, անկեղծությունն է իշխում, կեղծիքը այդտեղ տեղ ունենալ չի կարող: Սիրով կարող են հարթվել խնդիրները, լավանալ վերքերը: Այսքան ցավի ու դառնության մեջ միակ դեղը սերն է, որ պիտի կարողանա մեր հայրենիքի բոլոր անկյուններում բալասան լինել և միավորիչ ուժ: Սերը ջնջում է մեծագույն մեղքերը: Երբ սերը գրավում է մարդու մեղքի տեղը, փրկություն է բերում թե՛ տվյալ մարդուն և թե՛ նրան շրջապատողներին: Երբ ասվում է, որ սերը հրաշքներ է գործում, դրանք լոկ բառեր չեն, դա իրականություն է, որ զգալի է դառնում մարդկանց համար: Սերը ենթադրում է փոխըմբռնում, զոհաբերություն, կառուցում, միասնություն, համախմբում, ապաքինում, բժշկություն, մխիթարություն, հոգու և մարմնի վերածնունդ: Սերը բացառում է խաբեությունը, նենգությունը, նախանձն ու ատելությունը, բամբասանքն ու չարախոսությունը: Ամենակարևորը սերը վերացնում է անտարբերությունը: Սերը ուժ ու զորություն է տալիս հաղթահարելու համար դժվարությունները: Ավետարանական բարի սամարացուն, որ Ինքը Հիսուս Քրիստոսն է, առաջնորդողը սերն էր, այլապես նա ոչինչ չէր անի գրեթե անշնչացած մարդու համար: Մենք էլ պիտի փորձենք նմանվել Նրան և հոգ տանենք կարիքավորներին: Կամ հիշում եք ավետարանական այն դրվագը, երբ բարեկամները իրենց հիվանդին Քրիստոսին ներկայացնելու համար փորեցին այն տան տանիքը, որտեղ գտնվում էր Հիսուս, և որի մուտքը մարդիկ փակել էին, և իջեցրին նրան Քրիստոսի մոտ: Մենք բոլորս ցանկանում ենք, որ մեր երկրում նույնպես, ինչպես այլ երկրներում է, կյանքը փոխվի դեպի լավը: Սերն է, որ հաստատապես փոխելու է մեր կյանքը, դարձնելու ավելի բարի, ավելի քաղցր և ավելի հաճելի: Սիրով շաղախված հայրենյաց քարերը անսասան են, և սիրով բռնված ձեռքերը անքակտելի են:

Սիրելինե՛ր, եկեք այսօր խորհենք սիրո պակասի և դրա լրացման մասին: Անենք մեզանից կախվածն ու հնարավորը մեր հայրենիքի ու հայրենակիցների համար: Ճշմարիտ սերը բացառում է չարն ու վատը, անարդարությունն ու անիրավությունը: Եթե ուզում ենք մեր հայրենիքն ու հայրենակիցներին տեսնել բարօրության մեջ, պիտի դիմենք կենարար սիրո օգնությանը: «Սերը պակասի, կխնդա սատանան», – ասում է Սուրբ Հովհան Ոսկեբերանը: Երբեմն մարդիկ իրենց սիրո, կատարած բարության և ողորմածության համար զղջում են, որը, անշուշտ, սխալ է, քանի որ սիրո համար երբեք զղջալ պետք չէ, որովհետև սերն ու ողորմածությունն են, որ համարձակ կանգնեցնելու են մեզ Աստծու առաջ:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

 

07.11.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․