Երբ համախմբվում են սիրո ծառայության շուրջ

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, հորդորում է Իր հետևորդներին և ասում. «Երբ կատարեք, ինչ որ հրամայված է ձեզ, ասացե՛ք. «Անպիտան ծառաներ ենք, ինչ պարտավոր էինք անել, արեցինք»» (Ղուկ. 17:10): Ըստ Տիրոջ խոսքի՝ բարիք գործելը քրիստոնյայի համար պարտավորություն է: Ոչ ոք չի զարմանում, երբ զինվորն անձնվիրաբար ծառայում է պատերազմի դաշտում: Զինվորների համար ծառայությունը բնական է, և նրանցից ոչ ոք չի սպասում որևէ պարգևի: Այդպես է և եկեղեցական համայնքային կյանքից ներս, երբ համայնքի անդամները միավորվում են բարի գործի շուրջ, միավորվում են այն պարտականության շուրջ, որ նրանց համար սիրո ծառայություն է:

Նոյեմբերի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը համախմբվեց՝ դժվարին կացության գտնվող Կիրակոսյան ընտանիքին օգնության ձեռք մեկնելու համար: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Կիրակոսյան Գյուլնարային (63 տ.) հանձնեց համայնքի կողմից տրամադրած դրամական օգնություն (150 000 դրամ): Տիկին Գյուլնարան իր հաշմանդամ որդու և տարեց մոր հետ, որ անկողնային հիվանդ է, բնակվում է Յան Ռայնիսի 101/1 հասցեում: Կարիքավոր ընտանիքի միակ աշխատողը՝ տիկին Գյուլնարան, առողջական խնդիրների պատճառով դժվարությամբ է աշխատում, նա անչափ զգացված էր այն ուշադրության և աջակցության համար, որ ցուցաբերեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքն իր ընտանիքի հանդեպ:

Պողոս առաքյալն իր կողմից հիմնած Թեսաղոնիկեի եկեղեցու համայնքին հորդորում էր ապրել այնպես, ինչպես հաճելի է Աստծուն. «Գալով եղբայրասիրությանը՝ կարիք չկա, որ ձեզ գրենք, որովհետև դուք ինքներդ Աստծուց սովորել եք միմյանց սիրել, ինչպես արդեն այդ սերը գործնականում ցույց եք տալիս ամբողջ Մակեդոնիայի բոլոր եղբայրների նկատմամբ: Բայց դարձյալ, եղբայրնե՛ր, խնդրում ենք, որ ավելի առատ լինեք ձեր սիրո մեջ» (Ա Թեսաղ. 4:9-11):

 

Կարինե Սուգիկյան

02.11.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․