28 Նոյեմբեր, Եշ
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական ծրագրերի շրջանակներում՝ թիրախ-խումբ ընտրելով մանկատան սաներին, ծերերին, զինվորներին և անապահով ընտանիքներին:
Այս անգամ համայնքի երիտասարդ հավատացյալի կողմից շաքարավազ, ալյուր և մակարոնեղեն (ընդհանուր 900 կգ) բաշխվեց համայնքի անապահով ընտանիքներին:
Յուրաքանչյուր հավատացյալ իր հավատն արտահայտում և ամրապնդում է բարի գործով՝ հիմք ունենալով Հակոբոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Առանց գործերի հավատն անօգուտ է» (Հակոբոս 2:20): Քրիստոնյայի համար կատարելության տանող ուղին սկսվում է սիրո ճանապարհից: Դիմացինին իր անձի նման սիրողը չի փնտրում միայն իր շահը, այլ փորձում է հոգեպես և ֆիզիկապես օգտակար լինել Աստծո պատկերն ու նմանությունն ունեցողին:
Երանելի աբբա Դորոթեոսն ասում է, որ ուշադրություն մի դարձրու, թե որքան հեռու ես «Սիրիր քո ընկերոջը քո անձի պես» (Մատթեոս 22:39) պատվիրանն իրագործելուց և չլինի թե վախենալով ասես՝ ինչպե՞ս սիրեմ մերձավորին իմ անձի պես: Նա խորհուրդ է տալիս հեռու վանել նման մտքերը, որպեսզի բարեգործությունը գերազանցի անձի ուժերին և իրականություն դառնա: «Հուսա առ Աստված, ցույց տուր Նրան քո բարին գործելու ձգտումը և անմիջապես կտեսնես օգնությունը, որ Նա կտա քեզ բարին գործելու համար: Պատկերացրու երկու աստիճան, մեկը տանում է դեպի Երկինք, մյուսը հակառակը՝ դեպի կործանում, իսկ դու գտնվում ես երկրի վրա: Մի մտածիր և մի ասա, թե ինչպե՞ս կարող եմ երկինք հասնել, դժվար է, բայց Աստծո օգնությամբ հնարավոր, բայց և միևնույն ժամանակ զգուշացիր, որ ներքևում չհայտնվես: Չարիք մի՛ գործիր մերձավորիդ, մի՛ տխրեցրու նրան, մի՛ զրպատիր և աստճանաբար՝ սկսելով բարին գործել, մխիթարելով մերձավորիդ խոսքով և գործով, կտեսնես, թե ինչպես ես աստիճան առ աստիճան բարձրանում դեպի Երկինք՝ դեպի Աստված»,- ասում է երանելին:
Բարեգործության՝ գործնական սիրո մեջ, մարդն իրապես ապրում է՝ զգալով և արտահայտելով իր մեջ ի սկզբանե դրված աստվածային սերը: Սոցիալական ծառայությունը բովանդակում, արժևորում և իմաստավորում է հավատացյալ մարդու կյանքը, իսկ Հայ եկեղեցին այդ ծառայության պահպանողն է և գործադրողը:
Կարինե Սուգիկյան