Երեխան և ապահով «հանգիստը»

Այսօր մեծ թվով ծնողների համար մտահոգություն և խնդիր է դարձել, թե ինչպես երեխային հեռու պահել հեռուստացույցի, համակարգչի և բջջային հեռախոսի հանդեպ կախվածությունից: Փաստ է, որ վիրտուալ կյանքը համառորեն փոխարինել է իրական կյանքին՝ օրեցօր պահանջելով նորանոր զոհեր: Սակավաշարժ ապրելակերպը, ցավոք, տարածում է գտել, և պասսիվ ժամանցի միջոցները շատ հաճախ են փոխարինում երեխաների կենսական ակտիվությանը: Թվում է, թե երեխան ոչնչով զբաղված չէ, այլ հանգստանում է՝ հեռուստացույց է դիտում, համակարգչային խաղ է խաղում կամ երաժշտություն լսում: Այնինչ, այդպիսի «հանգիստը» խլում է երեխայից կենսական էներգիան, նաև ցանկությունը՝ օգտակար զբաղմունք ունենալու:

Այս խնդրի առջև կանգնած ծնողները շատ անգամ մատնանշում են, որ իրենց երեխաները կտրականապես հրաժարվում են կարդալուց: Զարմանալի չէ, քանի որ կարդալն արդեն ծուլությանը վարժված երեխաներից աշխատանք է պահանջում: Եթե ընթերցանությունը զարգացնում է միտքը, ինչի արդյունքում երևակայությունն սկսում է պատկերներ և կերպարներ նկարել, ապա հեռուստացույցը կամ համացանցը ինֆորմացիան և պատկերը միաժամանակ է մատուցում երեխային՝ արգելք հանդիսանալով երեխայի մտքի և երևակայության զարգացմանը:  

Ժամանակակից մեդիան մի տարածություն է, որտեղ գերակշռում է ագրեսիան և դաժանությունը, և հաճախ երեխաները, տպավորվելով բացասական կերպարներով, շատ արագ ընդօրինակում են նրանց: Ոչ պակաս բացասական գործոն է ժամանակի կորուստը, որ ունենում է երեխան հեռուստացույցի, համակարգչի կամ բջջային հեռախոսի առջև: Բացի ժամանակի կորուստից, երեխան ունենում է նաև առողջության կորուստ՝ պասսիվ ժամանցն ազդում է երեխայի նյարդային, իմունային և սիրտ-անոթային համակարգերի վրա, կյանքի ռիթմը խախտվում է, աստիճանաբար թուլանում է երեխայի տեսողությունը, ձևափոխվում է կեցվածքը, երեխայի մոտ առաջանում է անքնություն: Ի հավելումն այս բացասական իրողությունների՝ մանկավարժները նշում են, որ երեխաներն ուսումնական պրոցեսի ընթացքում չեն կարողանում իրենց ուշադրությունը կենտրոնացնել, ծուլանում են լսել և մտապահել ինֆորմացիան:  

Գուցե աշխատանքով զբաղված ծնողների համար լավ տարբերակ է, որ երեխան իր ժամանակն անցկացնի հեռուստացույցի կամ համակարգչի առջև, քան փողոցում, այնինչ արդյունքում երեխան պարփակվում է իր ներքին աշխարհում՝ ավելի ու ավելի հեռանալով իրական կյանքից: Երեխայի ներդաշնակ դաստիարակությանը հասնելու համար ծնողներն իրենց կողմից թույլատրելի համակարգչային խաղերից բացի, երեխայի մոտ պետք է հնարավորինս հետաքրքրություն առաջացնեն ուսման և աշխատանքային որևէ պրոցեսի նկատմամբ: Այդ ընթացքում ծնողները պետք է համբերատար գտնվեն իրենց երեխաների հանդեպ, պետք է ավելի շատ ոգևորեն, քան քննադատեն: Հակառակ պարագայում երեխան, այլևս չվստահելով իր ուժերին, կդժվարանա ներգրավվել ուսման կամ որևէ օգտակար զբաղմունքի մեջ:   

Իրական կյանքում կենսական ակտիվության բացակայությունը երեխաներին վարժեցնում է յոթ մահացու մեղքերից ծուլությանը, ինչը հետագայում կարող է դառնալ երեխայի բնավորության մի մասը: Ընդհանրական եկեղեցու հայրերից Ս. Հովհան Ոսկեբերանը ծուլության մահացու վտանգի վերաբերյալ ասել է. «Պարապությունից և անգործությունից ոչ մի այլ ամոթալի բան չկա, դրա համար էլ Աստված մեր մեջ դրել է աշխատելու կարիքը: Անգործությունը վնասում է ամեն բան և նույնիսկ մարմնի անդամները: Քանզի եթե աչքը, կամ ստամոքսը, կամ որևէ մի այլ անդամ մնա անգործության մեջ՝ չկատարելով իր պարտականությունները, այնժամ այն կընկնի ծայր աստիճան հիվանդության գիրկը, բայց ոչինչ այնպես չի տուժում այդ բանից, ինչպես՝ հոգին: Ասենք նաև, որ ոչ միայն՝ անգործությունը, այլև ոչ պատշաճ գործունեությունը նմանապես վնասակար են: Նման այն բանի, որ երբ մարդը ոչինչ չուտի, կփչացնի ատամները, բայց եթե ուտի ոչ պատշաճ բաներ, կփշրի դրանք: Այսպես և այս պարագայում, եթե հոգին ոչինչ չի անում, կամ անում է բաներ, որ հարկ չէր անել, այդժամ կորցնում է իր զորությունը: Այս պատճառով իսկ փախչենք թե՛ մեկից, և թե՛ մյուսից: Այսինքն՝ թե՛ անգործությունից, և թե՛ այնպիսի գործունեությունից, որ առավել վատ է պարապությունից: Առաքինության գործեր կատարենք ամենայն ջանասիրությամբ, որպեսզի արժանանանք խոստացված բարիքներին»:

Այսպիսով, երեխայի առողջ և հոգեշահ կենսակերպը նպաստում է, որ երեխան աճի և զարգանա՝ որպես բազմակողմանի զարգացած անձնավորություն՝ ձեռք բերելով բնավորության այնպիսի գծեր՝ ինչպիսիք են աշխատասիրությունն ու պատասխանատվությունը: Այս դեպքում երեխան, հասակ առնելով, հեշտությամբ է հարմարվում շրջակա միջավայրին՝ կարողանալով խելամտորեն գործածել աստվածատուր իր ուժն ու շնորհները:

 

Կարինե Սուգիկյան

11.01.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․