Տեսնում եմ, որ հաճախ ոչ միայն միջնակարգ դպրոցների շրջանավարտները, այլ նույնիսկ համալսարան ավարտածները խզբզում են, ուղղագրական սխալներ են անում: Մենք, մի տարրական դպրոց ավարտելով, նման սխալներ չէինք անում: Այժմ միայն լեզվաբանության և իրավաբանության ֆակուլտետների ուսանողներն են փոքրիշատե գրագետ*: Այլ ֆակուլտետներում նույնիսկ առանց սխալների գրել չեն կարողանում: Իսկ հնում ութնամյա կրթությունը համարյա…
- Համալսարանի պես էր, հա՛յր:
- Այո, եթե տարրական դպրոցում էին երեխաներն այդքան գիտելիքներ ստանում, ապա էլ ի՜նչ ասես ութնամյա կրթության մասին: Իսկ այսօր երեխաներին ծանրաբեռնում են և ծածկում ամեն տեսակի աղբի կույտով: Նրանց գերսնում են գիտություններով, բայց միևնույն ժամանակ դատարկ են թողնում կշեռքի մյուս նժարը՝ հոգևորը: Երեխաներին դպրոցներում նախ և առաջ պետք է Աստծո երկյուղը սովորեցնել: Փոքր երեխաները անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն են սովորում, իսկ հին հունարեն՝ ոչ: Երաժշտությամբ են զբաղվում, էլի ինչ-որ բանով, հինգերորդով, տասներորդով… Բայց առաջին հերթին ի՞նչ պետք է սովորել: Այժմ միայն տառեր ու թվեր են սովորում, իսկ այն, ինչ անհրաժեշտ է իմանալ հայրենիքի մասին, ամենակարևորը չեն սովորում: Ո՛չ հայրենասիրական երգեր, ո՛չ նման բաներ:
Որևէ ժամանակակից երեխայի կանգնեցրու և հարցրու. «Քո գյուղը ո՞ր շրջանում է գտնվում: Քանի՞ բնակիչ ունի»: Նա չի կարողանա պատասխանել: «Ես,- կմտածի նա,- ավտոկայան կգնամ, ավտոբուս կնստեմ և այն ինձ իմ գյուղ կտանի: Իսկ թե որտեղ է գտնվում իմ գուղը, վարորդը պետք է իմանա: Ես նրան կասեմ, որ այսինչ գյուղն եմ գնում, կվճարեմ տոմսի համար և ավտոբուսը ինձ տեղ կհասցնի»: Տարրական դպրոցում մենք աշխարհի քարտեզը հինգ մատի պես գիտեինք: Տարրական դպրոցի աշակերտը պետք է անգիր իմանար բոլոր երկրների հինգ հարյուր հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքների անվանումները: Բացի այդ, պետք էր հիշել այդ երկրների ամենաերկար գետերը, ամենալայները, որոնք են երկրորդ տեղը զբաղեցնում, աշխարհի ամենաբարձր գագաթների անունները և նման շատ այլ բաներ: Դե իսկ Հունաստանի մասին չեմ էլ խոսում: Իսկ ա՞յժմ: Պատահել է, որ ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների՝ ուսանողների եմ հանդիպել, ովքեր չգիտեն, թե որքան է այն քաղաքի բնակչությունը, որտեղ իրենք սովորում են: Մի ուսանողի հարցրեցի, թե որն է Հունաստանի ամենաբարձր լեռը: Նա չկարողացավ պատասխանել: Ո՞րն է ամենամեծ գետը: Լռություն: Ո՞րն է ամենափոքրը: Լռություն: Ուսանող է և ոչինչ չգիտի իր հայրենիքի մասին: Իսկ հետո, երբ մեր «ընկերները», մեր «բարի հարևանները» գան և ասեն. «Սա ոչ թե ձեր, այլ մեր հայրենիքն է», ապա նա նրանց կպատասխանի. «Այո, դուք ճիշտ եք, այդպես էլ կա»: Հասկանալի՞ է ձեզ: Մենք դեպի այդտեղ ենք գլորվում: Սակայն եթե ժամանակակից երեխաներին ֆուտբոլի կամ հեռուստատեսության մասին հարցնես, ապա կտեսնես, որ նրանք բոլորին և ամեն ինչ գիտեն մինչև վերջին ստորակետը:
Փոխարենը Ալբանիայից՝ Հյուսիսային Էպիրից եկած երեխաները գրել և կարդալ գիտեն: Հարցնում ես նրանց. «Որտե՞ք եք գրագիտություն սովորել», նրանք պատասխանում են. «Բանտերում»: Այդ դժբախտները բանտերը դպրոցների են վերածել: Իսկ մեր հույն երեխաները դպրոցները բանտերի են վերածել: Նրանք գրավել են դպրոցներն ու փակվել ներսում: Այժմյան երեխաներին, հատկապես դեռահասության տարիքում, ապուշության աստիճանի են հասցրել՝ հատկապես միջին և բարձր դասարաններում: Համալսարաններում պատանիները ավելի հասուն են, և համալսարանական դասախոսություններին հաճախում են, երբ ուզում են:
Սակայն, կրթական համակարգի նկատմամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, այն փչացնում ու փչացնում են: Եվ ավելի շատ հենց հոգևորն են խեղաթյուրում: Հապա այս աղոթքը լսեք տարրական դպրոցում ընթերցվելիք քրեստոմատիայից. «Օ՜հ, Կույս Մարիամ, քո Մանուկն աշխարհում ամենահիասքանչն է»: Է՜հ, այս ո՜ւր ենք գլորվել: Առաջ ինչ էին երեխաները սովորում դպրոցում և ինչ են սովորում հիմա.
Իմ այծ-այծիկ,
Մի պոզահարիր, այ անդադրուն,
Կերակրիր քո ուլիկներին,
Կաթնակեր դևուկներին…
…որպեսզի կաթ տան
Քո փոքրիկ թոռնիկներին,
Պոզավոր բալիկներին,
Ուլիկ-դևուկներին**
Կարելի՞ բան է փոքրիկներին նման զզվելի բաներ սովորեցնել: Բայց նրանք դա հատուկ են անում, որպեսզի երեխաներին սատանային սովորեցնեն և այդ կերպ սատանայապաշտներն իրենց գործն ավելի հեշտությամբ կանեն: Աստված տարածի Իր աջը, որովհետև երեխաներն այսօր օգնություն չեն ստանում, որպեսզի դեպի լավը փոխվեն, այլ դիվոտ են դառնում:
Երեխաները գիտելիքներն այնպես են ստանում, որ ընդ որում ամենևին չեն սովորում գլուխն աշխատեցնել: Այդ պատճառով էլ ուղեղներին չեն տալիս: Բայց եթե ուղեղները չեն աշխատում, ապա դրանք լի են մշուշոտ խավարով: Ա՛յ, օրինակ, գյուտարարները ուղեղներն աշխատեցնում էին: Իրենց առջև որևէ խնդիր ունենալով՝ մտածում էին, թե ինչպես այն լուծեն: Իսկ այսօր մեծամասնությունը նայում է, թե ինչ է գրված հրահանգի մեջ: Մարդիկ մնում են այդ մակարդակի վրա, միայն թվեր ու համարներ, ուրիշ ոչինչ: «Սա համար մեկ պտուտակն է, սա՝ համար երկու հեղույսը…» Իսկ եթե մի պտուտակը մի անցքի մեջ չի մտնում և մեքենան գործի չի ընկնում, ապա միանգամից ինժեներ են կանչում: Գլխի չեն ընկնում, որ պետք է խարտոցը վերցնել, մի փոքր լայնացնել անցքը և պտուտակը կմտնի: Իսկ եթե անցքը, ընդհակառակը, չափազանց մեծ է, ապա պետք է մեկուսիչի մի կտոր վերցնել, դրանով փաթաթել պտուտակը և այն չի տարուբերվի: Բայց ոչ, հենց մի բան պատահի, միանգամից՝ «Արի ինժեներ կանչենք»: Ի՞նչ ասես այստեղ: Հեռուստատեսությունը, ժամանակակից այլ տեխնիկական միջոցները ապուշացնում են մարդուն: Նույնիսկ խելացի մարդիկ են ի վերջո մագնիտոֆոնային կասետաների պես են դառնում [ինչ նրանց վրա ձայնագրում են, այն էլ վերարտադրում են]: Այսինքն ուզում եմ ընդգծել, որ մարդը պետք է ուղեղն աշխատեցնի: Ողջ հիմքը դրանում է: Քանի որ ուղեղը չաշխատեցնելով, նա այսօր կարող է ինչ-որ բան սովորել, բայց վաղը դա մեկ այլ բանի հետ կշփոթի: Այդ պատճառով խնդիրն այն է, որ մարդու ուղեղը ինքը ինչ-որ բան անի, ինքը լուծումներ գտնի: Այն ուղեղը, որն ինքը ոչինչ չի անում, թերզարգացած ուղեղ է:
* Ժամանակակից հունարենում լեզվական երկու ոճ կա՝ դիմոտիկա (տառացիորեն «ժողովրդական» լեզու) և կաթարևուսա (կամ «մաքուր» լեզու): Քերականական և բառական առընչությամբ կաթարևուսան զգալիորեն մոտ է հին հունարենին, որի հիման վրա են պատմականորեն զարգացել երկու ոճերը: Մինչ 1974թ. դասավանդումը հունական համալսարաններում անցկացվում էր գրքային լեզվով՝ կաթարևուսայով: Այժմ Հունաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում դասավանդումը ճնշող մեծամասնությամբ անց է կացվում դիմոտիկայով, որը սկզբնապես խոսակցական ոճն էր: Արհեստականորեն պարզեցված ուղղագրության, արդի հունարեն մուտք գործած օտար բառապաշարի հետ միասին, որպես դպրոցական լեզու կաթարևուսայի վերացումը հանգեցրեց ժամանակակից հույների կրթական մակարդակի նշանակալի անկմանը:
** Ներողություն ենք խնդրում ընթերցողից, որ թարգմանության ժամանակ ծերի հիշատակած բանաստեղծությունն անփոփոխ ենք թողել՝ չնայած դրա ողջ նողկալիությանը: Սակայն խնդրի հոգևոր բովանդակությունը զգալիորեն սարսափելի է՝ դրա այլանդակ գեղագիտական թաղանթից: Մեջբերված հատվածը վերցված է մայրենի լեզվի դասագրքից, որը պաշտոնապես հաստատված է Հունաստանի Կրթության նախարարության կողմից՝ տարրական դպրոցի երկրորդ դասարանի համար, այսինքն ակնհայտ է, որ Հունաստանի երեխաների դեմ նույնպիսի նպատակամետ հոգևոր պատերազմ է վարվում, ինչպես և նրանց ռուս հասակակիցների դեմ: Հետևաբար, երանելի ծեր Պաիսիոսի կողմից սույն գլխում առաջարկվող հոգևոր պաշտպանության մեթոդները գործնականում կարող են կիրառվել ռուս ծնողների և մանկավարժների կողմից:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի