Երիտասարդ ուխտավորների ուղին դեպի հոգևոր բարձունքներ

Հիսնակաց պահքի բարեկենդանին՝ նոյեմբերի 15-ին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ ուխտավորաբար եղան Վայոց Ձորի սրբավայրերում: Օրը Տերունական էր՝ կիրակի, և երիտասարդ ուխտավորները Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագի՝ Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Արշակյանի մատուցմամբ: Ապա սիրո ճաշից հետո շարունակեցին իրենց ուխտուղին՝ հասնելով Վայոց Ձորի բազմաթիվ եկեղեցիներով, վանքերով, մատուռներով, բերդերով ու խաչքարերով հարուստ Մարտիրոս գյուղը:

Մի քանի ժամը շատ քիչ էր երիտասարդների համար լիարժեք հաղորդակցվելու այն սրբավայրերին, որ ուներ այս գյուղը, բայց դա հնարավոր դարձավ գյուղի հյուրընկալ բնակիչների շնորհիվ: Նրանք մեծ սիրով պատմում և ներկայացնում էին երիտասարդներին իրենց գյուղի հարստությունները՝ ուղեկցելով նրանց դեպի սրբավայրեր: Տեր Զգոնը Ճաշու ժամերգություն անցկացրեց Սուրբ Երրորդություն եկեղեցում (13-րդ դ.), որի մուտքի դռան վերևի մասում մեծ տառերով փորագրված էր՝ «Յիսուս Քրիստոսի Սբ. Վկայարան Երկրորդ Երուսաղեմ»: Այս եկեղեցում է պահպանվում Երուսաղեմի Սբ. Հարություն տաճարից բերված քարը, Սբ. Հակոբ Մծբնա հայրապետի գանգը և մարտիրոսված հերոսների աճյունները: Ուխտավորները Տեր Հոր հետ միասին իրենց խոնարհումը բերեցին այդ սրբությունների առջև:

Հաջորդ սրբավայրը, ուր երիտասարդներն իրենց աղոթքը բարձրացրին առ Աստված երեկոյան ժամերգության ժամանակ, դա Մարտիրոս գյուղից 2,5 կմ հարավ-արևելք, Նզար սարի ստորին հատվածում, Գեղարդի վանքից հետո Հայաստանի երկրորդ վիմափոր վանական համալիր Սբ. Աստվածածինն էր: 13-րդ դարում Մատթեոս վարդապետի կողմից կառուցված ժայռափոր վանական այս համալիրն առանձնանում է նաև իր ներքին հնչեղությամբ, այն առաջինն է հայ եկեղեցական շինարարության մեջ` իր կառուցողական բարձր արվեստով: Նույն վարդապետն այստեղ ընդօրինակել և նկարազարդել է Ավետարան, որը բավական արժեքավոր է իր բուսական և կենդանակերպ բարձրարվեստ զարդանկարներով, խորաններով և, հատկապես, ավետարանիչների դիմանկարներով:

Ժայռափոր այդ սրբավայրում Տեր Զգոնը երիտասարդ ուխտավորներին մաղթեց՝ ասելով. «Այս կյանքում որևիցե նպատակի և հաջողության հասնելու համար մարդը կրում է դժվարություններ, չարչարանքներ: Դեպի Երկնքի Արքայություն տանող հոգևոր ճանապարհն էլ է նույն կերպ ընթանում: Դժվարանցելի ճանապարհը, որ մեզ բերեց այս ժայռափոր սրբավայր, խորհրդանշում է հոգևոր այն հաղթանակը, որ մեզ ավելի մոտեցրեց Աստծուն: Անգնահատելի է հոգեպես վեր բարձրանալու այդ զգացումը, որ ապրեցինք մենք այսօր: Թող Աստված օրհնի բոլորիս, որ մեր առջև ծագած բոլոր փորձություններն ու հոգևոր պատերազմները հաղթահարենք՝ հասնելու համար փրկության նավահանգիստ»: Սբ. Աստվածածին վանքը հայտնի է նաև իր հրաշագործ աղբյուրի ջրով, որից ըմպեցին ուխտավորները: Այնուհետև նրանք այցելեցին նաև Սբ. Գայանե և Սբ. Հռիփսիմե մատուռները:

Այս սուրբ օրով մտքով առ Աստված, մյուս ուրախություններից տարբերվող հոգևոր մեծ ուրախությամբ երիտասարդները վերադարձան Երևան:

 

 

Կարինե Սուգիկյան

15.11.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․