Քրիստոնյան, հետևելով Քրիստոսի օրինակին, ընթանում է սիրո և զոհողության ուղով: Առանց զոհողության հնարավոր չէ աստվածահաճո կյանքը: Քրիստոնեական բոլոր առաքինություններն Աստծուն ուղղված զոհողություններ են, որոնք մարդկային հոգուն պարգևում են երկնային ուրախություն: Երկրայինը զոհաբերելով՝ քրիստոնյան արժանանում է երկնայինին: «Ուզո՞ւմ ես հոգով հարաբերվել Աստծո հետ, վայելել այն քաղցրությունը, որ բռնադատված չէ զգացմունքներով՝ հետևի՛ր ողորմությանը»,- ասել է Ս. Իսահակ Ասորին:
Ապրիլի 26-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սիրիահայ համայնքից Վեհանուշ Նազարյանին (43 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրիայում ծագած պատերազմի պատճառով չորս հոգուց բաղկացած սիրիահայ ընտանիքը երեք տարի առաջ տեղափոխվել է Հայաստան և վարձակալությամբ բնակվում է Էրեբունի զանգված/Նոր Արեշ 22/73 հասցեում: «Ամուսինս՝ Նուբար Քբջյանը (58 տ.), մշտական աշխատանք չունի, այդ պատճառով ավագ որդիս՝ Հովհաննես Քբջյանը (19 տ.), դպրոցն ավարտելուց հետո անցավ աշխատանքի, որպեսզի կարողանանք հոգալ մեր ամենօրյա կարիքները: Անչափ շնորհակալ եմ Տեր Գրիգորին և աջակից անձին, որ աջակցեցին նաև իմ ընտանիքին»,- ասաց տիկին Վեհանուշը:
Կարինե Սուգիկյան