Երկու նշանաբանները

«Բայց Աստծու հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը, թե՝ «Տերը ճանաչեց նրանց, որ Իրենն են», նաև՝ «Անիրավությունից հեռու լինի ամենայն ոք, ով կանչում է Տիրոջ անունը» (Բ Տիմ. Բ 19)։

Ա

Տիմոթեոսին ուղղված երկրորդ թուղթը երևան է բերում հոգեկան այն վրդովմունքները, որ Պողոս առաքյալը ունեցել է իր կյանքի իրիկնամուտին։ Այդ թղթում կան տեղիներ, որոնցում առաքյալը մտահոգված է երևում։ Այն եկեղեցում, որի հովիվն էր Տիմոթեոսը, ի հայտ էին եկել պառակտումներ ու հերետիկոսություններ։ Ոմանք պնդում էին, թե «մեռելների հարությունն արդեն իսկ եղել է», և այդպիսով խարխլում ուրիշների հավատքը։ Ասպարեզ էին եկել քրիստոնյաներ, որոնք մեղադրելի կյանք էին վարում և այդպիսով մեծապես վնաս էին հասցնում Ավետարանի քարոզչությանը։

Նույնպիսի դեպքեր այժմ էլ են տեղի ունենում Եկեղեցում։ Կան անպիսի մարդիկ, որոնք «քրիստոնյա» անունը կրելով՝ քրիստոնեական ոգուն հակառակ են շարժվում, և այդպիսով աղարտում են քրիստոնեության սուրբ անունը։ Բոլոր «քրիստոնյա» անունը կրողները չեն կարող քրիստոնյա համարվել։ Առաքյալն այս մասին է ակնարկում, երբ ասում է. «Ամեն ոք, ով կանչում է Տիրոջ անունը, պարտավոր է հեռու մնալ անիրավությունից»։

Ահա թե ինչու այս հնուց ի վեր պայքարող առաքյալը, հակառակ ամենքից լքված լինելուն, իր ձեռքն է վերցնում գրիչը՝ հիշեցնելու համար Տիմոթեոսին, որ Եկեղեցում ինչ պայմաններ էլ որ լինեն և որքան էլ դրանք աննպաստ լինեն, միևնույն է, հաստատուն ու հավիտենական պիտի մնան այս երկու անխորտակելի ճշմարտությունները, այն է, թե՝ առաջին՝ «Տերը ճանաչում է նրանց, որ Իրենն են», և երկրորդ՝ «Ամեն ոք, ով կանչում է Տիրոջ անունը, պարտավոր է հեռու մնալ անիրավությունից»։

Պողոս առաքյալը, հիշելով այս երկու նշանաբանները, ավելացնում է, որ հենց այդ մակագրություններն են, որ արձանագրված են Աստծու Եկեղեցու անկյունաքարի վրա։ Հնում, երբ որևէ տուն, որևէ հաստատություն կամ որևէ շինություն պիտի կառուցվեր, անկյունում դրվելիք քարի վրա մեկ-երկու նշանաբան փորագրելու սովորություն կար, օրինակի համար՝ քաղաքի աստվածների և կամ շենքի հիմնադիրների անունները, կամ ավելի տեղին մի նշանաբան։

Պողոս առաքյալը, փոխ առնելով այս սովորությունը, քրիստոնեական եկեղեցին համեմատում է մի շինվածքի հետ, որի հիմքը կամ անկյունաքարը Հիսուս Քրիստոս է. «Որովհետև ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրված այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է» (Ա Կորնթ. Գ 11)։ Եվ հենց այս անկյունաքարի վրա էլ արձանագրված են երկու նշանաբաններ, երկու մակագրություններ, որոնք հայտնում են անայլայլելի ու հավիտենական ճշմարտությունը։

Մենք ևս, ո՛վ հավատացյալներ, ունենում ենք տարակույսի ու վհատության շրջաններ։ Մինչդեռ կարծում էինք, թե ճշմարտությունն ամուր ու հաստատուն է, սակայն մեկ էլ տեսնում ենք, որ այն բոլորովին վտանգված է։ Մինչդեռ կարծում էինք, որ մեր հայրերի դավանանքը համապատասխանում է Ավետարանին, սակայն մեկ էլ տեսնում ենք, որ այն խարխուլ ու անվավեր է։

Եվ հետևաբար, մեզ ամեն բան թվում է խճճված ու սխալ, սակայն բոլոր այդ պարագաներում էլ Հիսուս Քրիստոս շարունակում է մնալ իբրև Եկեղեցու մեծ շինվածքի անկյունաքարը։ Նա մնում է մեր միակ հույսը, մեր զորությունը, մեր սրբությունը, մեր Աստվածությունը, քանի որ Նա ա՛յն անկյունաքարն է, որի վրա կարդում ենք հետևյալ երկու մակագրությունները, որոնք մեզ ցույց են տալիս Նրա ամրությունն ու ճշմարտությունը։

1.  Տերն է միայն ճանաչում նրանց, որ Իրենն են։

2. Ով որ կանչում է Աստծու անունը, պարտավոր է հեռու մնալ անիրավությունից։

Բացատրե՛նք այս երկու մտքերը։

1. «Տերը ճանաչում է նրանց, որ Իրենն են». սա նշանակում է, որ մարդիկ, ի տարբերություն Տիրոջ, չեն ճանաչում նրանց, ովքեր իրենցն են։ Ահա մի նկատառում, որին մենք հաճախ մոռանում ենք ուշադրություն դարձնել։ Մենք հավակնում ենք գիտենալ, թե Եկեղեցու ներսում ովքե՞ր են հավատացյալ ու վստահելի, և ովքե՞ր՝ թերահավատ ու կասկածելի, թե ովքե՞ր կարող են Աստծու համար ընդունելի լինել, և ովքե՞ր՝ մերժելի։

Մենք նկատի չենք առնում, որ միայն Տերը գիտի, թե ովքեր են Իրեն պատկանում։ Մենք շատ անգամ մեզ ծանոթ մարդկանց բարոյապես հավատաքննիչ դատաստանի ենք ենթարկում, խոսում նրանց հոգևոր-բարոյական նկարագրի մասին, անվանարկում ենք նրանց իբրև այլասերվածների և, իբրև «ցորենի մեջ աճած որոմի», ուզում ենք քաղել ու մի կողմ նետել նրանց՝ առանց ուշադրություն դարձնելու այն հանգամանքի վրա, որ Հիսուս արգելում է այդպիսի արարք գործել՝ «Մի՛ քաղեք որոմը…» (հմմտ. Մտթ. ԺԳ 29)։

Մի՛ հալածեք նրանց, ովքեր համաձայն չեն ձեր կարծիքին, ովքեր ձեր հավատքին և կամ ձեր դավանանքին չեն պատկանում։ Եկեղեցու ներսում դավանաբանական այլակարծություն ունեցողները չպետք է հալածվեն և պետք չէ նրանց ծուռ աչքով նայել իբրև չարափառների. մենք իրավունք չունենք խղճերը դատելու։ Չգիտե՞ք, որ առաջին դարում անգամ Եկեղեցու ծոցում և նույնիսկ առաքելական խմբի մեջ եղել են տարակարծություններ։

Առաջին օրից իսկ տեսնում ենք բաժանումներ ու հերձվածներ և մարդկանց, որոնք ինչպես Պողոսի կամ Հակոբոսի, նմանապես էլ Պետրոսի կամ Ապողոսի կողմնակիցներ են եղել։ Չկարծե՛ք, թե անկարևոր հարցերի պատճառով էին նրանք բաժանվում իրարից. ո՛չ, ընդհակառակը, կարևոր ու կենսական խնդիրներ էին դրանք։ Սակայն հակառակ իրենց կարծիքների ու սկզբունքների տարբերության՝ նրանք գիտեին ընկերակցության և համերաշխության ձեռք երկարել մեկմեկու։

Նույնիսկ Քրիստոսի երկրային կյանքի շրջանում առաքյալների գործերի մեջ հանդիպում ենք բավականին ուշագրավ դեպքերի, որոնք ցույց են տալիս, թե նրանց մեջ այս կամ այն հարցի շուրջը տարակարծիք եղողներ կային։ Ահա Փիլիպպոսը հարց է բարձրացնում ու կարծես թե կասկածի տակ է դնում Քրիստոսի խոսքերը, երբ ասում է. «Տե՛ր, Հորը մեզ ցո՛ւյց տուր, և այդ բավական է մեզ»։ Այնուհետ էլ Թովմասը, որ չէր ուզում հավատալ իր ընկերներին, ասում է. «Եթե չտեսնեմ Նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը Նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա»:

Ահա Պետրոսը, որը հակառակ այն բանին, որ վայելում էր Հիսուսի համակրանքը, և հակառակ իր տված խոստումներին, ուրանում է իր Տիրոջն՝ ասելով. «Չեմ ճանաչում Նրան և չգիտեմ՝ ինչ ես ասում դու»։ Եվ ահա ժանտատեսիլ Հուդան, որը համարձակվում է մատնել իր Տիրոջը։ Այս դեպքերը ցույց են տալիս, թե առաջին իսկ օրից առաքյալների մեջ Հիսուսի նկատմամբ տարակարծություններ կային. «Աստված է միայն ճանաչում յուրայիններին»։

Ավելի ուշ էլ, ահա՛, դավանաբանական վեճերն են ծայր առնում և ձևավորում մի կողմից՝ Աթանասի կուսակիցներ, մյուս կողմից՝ Արիոսի հետևորդներ, ու այդպիսով մեծապես շեղում են Եկեղեցուն իր բնականոն ընթացքից։ Եվ որոշ ժամանակ անց էլ, ահա՛,  նեստորականները, ահա՛, միաբնակներն են երևան գալիս։ Ո՞ւր են ճշմարիտ քրիստոնյաները, ովքե՞ր են ուղղափառ համարվում, ո՞վ կարող է զատորոշել այս վարդապետների միջից Աստծուն հաճելի ու ընդունելի եղողներին։ Նզովքները չեն կարող խնդրի լուծման ճիշտ ուղի համարվել։ Նզովքներով հնարավոր չէ ստուգորոշել, թե որն է ճիշտը, և որը՝ սխալը. «Միայն Աստված է ճանաչում յուրայիններին»։

Ո՜վ հավատացյալներ, իմ այս բնաբանը մե՜ծ մխիթարություն է պարունակում իրենում։ Աստված շատերին է յուրային համարում, մինչև իսկ եթե եկեղեցին նրանց թերահավատ ու չարափառ կարծի։ Շատերը չեն հասկանում հավատամքը կամ դավանաբանական բանաձևումները։ Պետք չէ, որ եկեղեցին պարտադրի նրանց հասկանալ այդ ամենը և պետք չէ, որ չհասկանալու համար այդպիսինները թերահավատ կամ անհավատ համարվեն, քանի որ նրանք կարող են սրտո՛վ քրիստոնյա եղած լինել։ Մենք չպիտի նրանց դատենք ու դատապարտենք իբրև անհավատի։

Ասում են, թե աստվածականներ (Deiste) կան, որոնց կյանքն այնքա՜ն պարկեշտ ու այնքա՜ն առաքինի է, որ նրանք Աստծուն հավատացողից էլ շատ ավելի մաքուր կերպով են ապրում. այս առումով հարկ է, որ մենք միշտ շատ լայնախոհ ու ներողամիտ լինենք։ Հիսուս բոլոր կողմերում բարեկամներ է տեսնում, նույնիսկ նրանց մեջ, որոնց մենք Նրա թշնամիներն ենք կարծում։ Սուրբ Օգոստինոսն ասում է. «Ո՜վ Աստված, գոհանում եմ քեզանից ա՛յն բանի համար, որ Դու այդքա՜ն բարեկամներ ունես Քո թշնամիների մեջ»։

Զգուշանա՛նք ուրիշներին դատելուց։ Նեղմտությունն ու աններողամտությունը միշտ տգիտությունից են ի հայտ գալիս։ Հեռո՛ւ մնանք այն հպարտ քրիստոնյաներից, որոնք հավակնում են առանձնաբար կամ հրապարակայնորեն դատել ուրիշներին. «Տերը ճանաչեց նրանց, որ Իրենն են»։

Բ

Մեզ մնում է բացատրել երկրորդ նշանաբանը. «Նա, ով կանչում է Տիրոջ անունը, պարտավոր է հեռու մնալ անիրավությունից»։ Այս խոսքը սերտորեն կապված է առաջինի հետ. նախ ցույց տանք այս կապը։

Ասացինք, որ Աստված ճանաչում է յուրայիններին։ Սակայն այս խոսքը գուցե հակասական թվա, քանի որ եթե Աստված ճանաչում է Իրեններին ու քանի որ Աստված է միայն Դատավորը, ուրեմն մենք կարող ենք ամեն տեսակի չարությո՞ւն անել Եկեղեցու ներսում։ -Ո՛չ և ո՛չ, կարգապահություն կոչված երևույթը գոյություն ունի. պետք է նկատի ունենանք դա։ Եթե մենք չէ, որ պիտի դատենք ուրիշների անձերը, սակայն մենք ենք, որ պիտի կարողանանք դատել մեր նմանների գործերը։ Երբ տեսնում եմ մի մարդու, որն ինքն իր մասին ասում է, թե քրիստոնյա է, սակայն ապրում է հանցավորի կյանքով, այդժամ ես իրավունք և պարտավորություն ունեմ ասելու. «Այս մարդու գործերը քրիստոնյայի գործեր չեն, քանի որ նա, ով Տիրոջ անունն է կանչում, պարտավոր է հեռու մնալ անիրավությունից»։

Քրիստոնեական կրոնի այս սկզբունքը շատ արդար ու օրինավոր է։ Այն լավագույն ապացույցն է իր ճշմարտացիության։ Այն կրոնը, որը պահանջում է կյանքի սրբություն, ուղղամտություն, կատարելություն, որը դատապարտում է կեղծիքը, ագահությունը, հպարտությունը և բոլոր գետնաքարշ մոլությունները, որը պարտադրում է անիրավությունից հեռու պահել սեփական անձը, այդ կրո՛նն է ճշմարիտ կրոնը, և չեմ հապաղի ասել, որ այդ կրոնը քրիստոնեությունն իսկ է։

Արդ, այսպես չի կարելի ասել բոլոր կրոնների մասին։ Կարծիք կա, որ կրոնական զգացումը մարդուն առաջնորդում է բարոյական կյանքով ապրելու. այդ ճիշտ է, եթե միայն կրոնը մոլեռանդ կրոն չէ։ Մենք հաճախ բարեպաշտության քողի տակ անբարո երևույթներ ենք տեսնում։ Մոնաքսում Մայր եկեղեցին հեռու չէ խաղատնից և խաղամոլների «գուրգուրանքի» առարկան է դարձել նրանց կողմից մատուցվող նվերների տեսքով։ Այդ պատճառով էլ այս Մայր եկեղեցին ամենաճոխ ու հարուստ եկեղեցին է ու իր ճոխությամբ գերազանցում է մինչև անգամ Մոնտե-Կարլոյի զբոսարաններին։

Նմանատիպ գայթակղությունները հիշեցնում են մարգարեի՝ վրեժխնդրություն արտահայտող խոսքը նրա՛նց վերաբերյալ, ովքեր «զոհեր են ընծայում հափշտակության պտուղներով»։ Ճշմարիտ չէ այն կրոնը, որը զուրկ է բարոյականությունից։ Ցավալին ու զայրացնողն այն է, որ շատ անգամ անբարոյությունները կրոնով «սրբագործելու» միտում է նկատվում։ Սակայն մեր ներսում կա անսխալական մի բնազդ, որը մեզ զեկուցում է, թե մեր արածն Աստծու կամքին դեմ է, հաճելի չէ Աստծուն։ Երբ կանչում ենք Տիրոջ անունը, պետք է նաև հեռանանք մեղքից, պետք է երես թեքենք անիրավությունից։ Անկարելի է մեր կրոնը սուրբ, վսեմ ու աստվածային կրոն համարել, եթե մենք պարկեշտ ու բարոյական կյանքով չենք ապրում։

Քրիստոնյան իր խոսքերի մեջ՝ քաղցրաբարբառ, իր գործերի մեջ՝ նրբանկատ, իր նվերների մեջ՝ զվարթասիրտ պիտի լինի։ Արդ, հարցրե՛ք ինքներդ ձեզ, թե դուք ինչպիսի՞ վարվելակերպ ունեք ձեր խոսքերի, ձեր գործերի, ձեր նվերների մեջ։ Եկեղեցու «բախտը» ձեր ձեռքին է։ Եթե դուք անտարբեր եք ձեր խոսքերի, ձեր գործերի, ձեր նվերների մեջ, էլ ի՞նչ արժեք ունի ձեր քրիստոնյա լինելը։ Քրիստոնյա չէ նա, ով չի հեռացել անիրավությունից։ Ի՞նչ արժեք ունի ձեր ընդունած Ավետարանն այնժամ, երբ այն ազդեցություն չունի ձեր կյանքի վրա, երբ այն չի փոխում ձեր սիրտը, երբ այն զորություն չունի, երբ աղը կորցրել իր համը։

Դո՛ւք, որ այս պահին ունկնդրում եք ինձ և աղաղակում եք Տիրոջ անունը, հարցնում եմ ձե՛զ. «Հեռացե՞լ եք դուք անիրավությունից, կամեցե՞լ եք հետևել խղճի ձայնին, շարժվել ճշմարտության համեմատ։ Զգուշացե՞լ եք դուք չարից, մինչև իսկ երես թեքե՞լ եք ցուցամոլությունից, բոլոր չար բաներից հեռու մնացե՞լ եք» (հմմտ. Ա Թես. Ե 22)։ 

Քրիստոնեության պատմության այն ժամանակաշրջանում, երբ հեթանոսները դեռևս չէին ընդունել Ավետարանը, նրանք ամբաստանում էին քրիստոնյաներին իբրև անաստվածների ու անբարոյականների։ Սակայն բոլոր նրանք, ովքեր ուղղամտորեն և մանրամասնորեն ուսումնասիրում էին քրիստոնեական վարդապետությունն ու բարքերը, համոզվում էին, որ հնչող ամբաստանություններն անտեղի ու անպատշաճ էին։

Մարկոս Ավրելիոս կայսեր օրոք Լիոնում տեղի ունեցող սարսափելի հալածանքի ժամանակ մի քրիստոնյա երիտասարդ ևս մատնվում է ամֆիթատրոնի գազանների ճիրաններին։ Նա ամբաստանված էր ոճրագործության մեջ։ Այս դյուցազուն պատանու մահվան ճիչերի մեջ լսելի էր նրա այս քաջարի աղաղակը. «Sum christiana! Sum christiana! Քրիստոնյա՜ եմ, քրիստոնյա՜ եմ», և այնուհետ էլ նա ավելացնում է այս վսեմ խոսքը. «Մեզանում չարություն չեն գործում»։

Մահվան ճիչերին խառնված այս արիական աղաղակից ավելի վսեմ խոսք կարո՞ղ եք երևակայել, գիտե՞ք սրանից առավել ճշմարիտ մի խոսք, որն ավելի լավ կերպով է ապացուցում Ավետարանի՝ Աստծուց «եկած» լինելու հանգամանքը, և վերջապես մի խոսք, որն ուղղակիորեն ձեր խղճին է խոսում։ Դուք չարիք գործո՞ւմ եք, թե՞ ոչ, դուք սեր ունե՞ք, թե՞ ոչ։ Ձեր մեջ քրիստոնեություն կա՞, թե՞ ոչ։ Ի՞նչ մթնոլորտ է տիրում ձեր տան ներսում. խաղաղությո՞ւն, քաղցրությո՞ւն, եղբայրական խանդաղատա՞նք, թե՞ վեճ, կռիվ, անհաշտություն, անհամբերություն ու խռովություն։

Այսօր Ավետարանն այնքան չի անպատվվում անհավատների հալածանքներից, որքան որ քրիստոնյաների թերություններից ու պարտազանցություններից։ Մենք պետք է ապացուցենք, որ քրիստոնեությունը գթության ու բարոյական մեծության դպրոցն է։ Հիսուս «Իրենը եղողներին» ժողովրդականություն չխոստացավ, չասաց, թե «ամենքին հաճելի պիտի լինեք»։ Ուստի և, թերևս, ձեր լրջմտությունն ու պարկեշտությունը պախարակվի, սակայն այդկերպ գործելով մարդիկ պատիվ է, որ պիտի ընծայեն ձեզ։ Կարիք չկա, որ մենք ժողովրդական լինենք, այլ հարկ է, որ մենք ինքներս մեզ այնպիսի մի վիճակի մեջ դնենք, որ կարող լինենք մեզ ճանաչեցնելու իբրև բարի, առաքինի ու պարկեշտ մեկը. «Ծառն իր պտղից է ճանաչվում» (Մտթ. Է 20)։

Ի՞նչ արժեք ունեն արտաքին փայլն ու ցուցադրությունը, երբ մարդ ներքնապես դժգույն ու ոչ երանելի վիճակում է գտնվում։ Անհամ աղի է նմանվում այն եկեղեցականը, որը պերճախոս է իր արտահայտությունների մեջ, բայց որի «ներքին» կյանքը բնավ խրախուսելի չէ։ Նա նմանվում է փտած գերեզմանի, որը իր տեսանելի մասով մաքուր ու սպիտակ է երևում, բայց որը ներքնապես լի է ամենայն աղտեղությամբ ու ամենայն պղծությամբ։

Տեսե՛ք, ահա, մի «բարեպաշտ», որը ճառում է աստվածպաշտության մասին, սակայն որի տունն ամբարշտության բնակատեղին է։ Ահա՛ և մեկ ուրիշը, որը կիրակի օրերին ջերմ հավատացյալ է երևում, բայց որը շաբաթվա մյուս օրերին իր գործերի ու արարքների մեջ անհավատից էլ ավելի մեծ չարությամբ է դրսևորում իրեն։ Այդպիսիք կիրակի օրերին Տիրոջ անունն են աղաղակում, սակայն ահա շաբաթվա ընթացքում ետ չեն դառնում անիրավությունից։

Գիտեք, անշուշտ, այն գեղարվեստական վսեմ տեսարանի մասին, որով Հիսուս ավարտում է Իր լեռան քարոզը։ Այդ «բնապատկերում» երևում են նրանք, ովքեր իրենք իրենց Քրիստոսի մերձավորներն ու սիրելիներն են համարում, քանի որ նրանք իրենց կյանքում ամենից շատ աղաղակել են՝ «Տե՜ր, Տե՜ր»։ Նրանք սպասում են, իբրև վարձատրություն, լուսեղեն պսակ ստանալուն և Երկնքի արքայություն մտնելուն, սակայն Հիսուս ասում է նրանց. «Ոչ ամեն մարդ, որ Ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, Երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է»,- ու այնուհետ էլ ավելացնում է նաև Իր քաղցր ու հեզ սրտից բխող այս խոսքն էլ, թե՝ «հեռո՛ւ կացեք Ինձնից, Ես ձեզ չեմ ճանաչում»։

Ո՜վ հավատացյալներ, աններելի է կյանքի երկդիմի ընթացքը։ Ես հարցնում եմ ձեզ. դուք խզե՞լ եք ձեր կապը մեղքի հետ, դուք լուրջ քննության ենթարկե՞լ եք ինքներդ ձեզ։ Արդյո՞ք «փրկեա՛ զմեզ ի չարէն» աղոթքը խաբեպատիր սուտ չէ միայն ձեր շութերին ու ձեր սրտում։ Աններելի սուտ պիտի լիներ, եթե այս աղոթքն ասեիք, ու ինքներդ ձեզ չարից ազատելու համար որևէ բան չանեիք։ Մինչև ե՞րբ պիտի այս ու այն կողմ տատանվեք։ Եթե Հավիտենական Աստված է ձեր Աստվածը, ծառայեցե՛ք Նրան ուրախությամբ, իսկ եթե Բահաղն է ձեր Աստվածը, ինքներդ որոշեք ձեր դիրքը։

Ո՜վ հավիտենական Տե՛ր, Դու, որ մեր ճշմարիտ Աստվածն ես, շնո՛րհ արա մեզ հեռու մնալու անիրավությունից։ Ամեն։

 

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ», Գ հատոր, Փարիզ, 1925 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը              

 

28.08.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․