Ամենուր և ամեն անգամ ի չիք է դառնում խավարը, երբ զոհաբերվող մեծագույն սիրուց առկայծում են աշխարհին ուրախություն պարգևող կենսատու լույսերը: Իսկ ամեն մի լույսի աղբյուրը՝ կյանք պարգևող ճշմարիտ Լույսն է՝ Քրիստոսը: Ողջ մարդկությանը լուսավորող ճշմարիտ Լույսն ամբողջացրեց պատվիրանները նոր և լուսատու պատվիրանով. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհաննես 13:34-35), ինչպես նաև՝ ձեր բարի գործերով ձեր լույսը կշողա մարդկանց առջև, և նրանք կփառավորեն Հորը, որ երկնքում է (Մատթեոս 5:16):
Եվ Քրիստոսին հետևող յուրաքանչյուր անձի համար կարևոր է ճշմարիտ Լույսից լուսավորվելը և լուսավորելը: Այդ առաքելությանը հավատարիմ՝ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ, քայլելով Քրիստոսի նախանշած լուսավոր ճանապարհով, իր հոգևոր և նյութական աջակցությունն է բերում կարիքավոր ընտանիքներին:
Այդ ճանապարհին համայնքի հերթական տնայցը եղավ մայիսի 21-ին՝ խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի և սպասավոր Րաֆֆի սրկ. Գույումջյանի գլխավորությամբ: Բաբաջանյան 97 շենքի 2-րդ բնակարանում ապրող անապահով բազմազավակ ընտանիքին մեծ ուրախություն էր պատճառել համայնքի այցը: Ընտանիքի մայրը՝ Լուսինե Վարդանյանը (42 տ.), ամուսնու մահից հետո արդեն վեց տարի է, ինչ միայնակ է խնամում իր հինգ զավակներին: Լուսինեն նշեց, որ մինչ ամուսնու մահը վարձակալությամբ են ապրել, բայց այժմ ժամանակավոր տեղափոխվել են երեք սենյակներից բաղկացած իր հայրական տուն, ուր բնակվում են ութ հոգով: Լուսինեն առողջական խնդիրների պատճառով չի կարողանում աշխատել, և ընտանիքն ապրում է նպաստով ու նրա ծնողների կենսաթոշակներով:
Ընտանիքի հետ զրույցում երեխաները Տեր Վահանից տեղեկացան և հետաքրքրվեցին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում գործող կիրակնօրյա դպրոցի և երիտասարդաց միության գործունեությամբ: Զրույցից հետո Տեր Հայրը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց համայնքի կողմից տրամադրած սննդի փաթեթները՝ մաղթելով. «Տիրոջ օրհնությունը թող անպակաս լինի ձեր ընտանիքից: Բոլոր խնդիրների և դժվարությունների մեջ միշտ հիշեք, որ Աստված ձեզ հետ է, ձեզ սիրում է, պահպանում և երբեք միայնակ չի թողնի: Ամենակալն Իր հրեշտակներին է կարգել ի պահպանություն ձեզ և պետք է առաջ գնալ այն հույսով և հավատով, որ Աստված է ձեր առաջնորդը: Տիրոջ օրհնությամբ թող ձեր ընտանիքի հարստությունը հանդիսացող հինգ զավակներն իրենց ձեռքբերումներն ունենան՝ ի ուրախություն և շինություն ընտանիքի, հայ ազգի և հայ եկեղեցու»:
Ընտանիքն իր շնորհակալությունը հայտնեց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքին և հոգևորականներին ուշադրության ու հոգածության համար:
Կարինե Սուգիկյան