Գրքեր

Եզեկիայի հիվանդությունը

Այն ժամանակ Եզեկիան հիվանդացավ մահացու հիվանդությամբ (Եսայի 38։1)։

Սուրբ Գրքի ամենից խրատական և հուզիչ պատմությունը, որ ծանոթ է շատ բարեպաշտների, Իսրայելի ու Հրեաստանի թագավորների պատմությունն է: Այդ պատմությունն ուսումնասիրողը կտեսնի, թե ճշմարիտ Աստծու պաշտամունքն ուրացող ժողովուրդն ինչպիսի՜ սարսափելի ձևով է ենթարկվում ապականության և քայքայումի, ու թե ինչպես է ամբարիշտ հասարակությունը մատնվում ստրկության և ավերածությունների, որոնք ճակատագրական հետևանքներ են ունենում նրա համար:

Այդ ողբալի պատմության մեջ հանդիպում ենք նաև այնպիսի մեծանուն դեմքերի, որոնց առջև ստիպված ենք կանգ առնել խորին հարգանքով: Այդպիսի դեմքերից է Եզեկիա թագավորը:

Եզեկիան քսանհինգ տարեկան էր, երբ բազմեց Հրեաստանի թագավորական գահին և եռանդով նվիրվեց ճշմարիտ Աստծու պաշտամունքի վերահաստատմանը: Դրանով չբավականանալով՝ Հին Ուխտի ճշմարիտ առաքյալներին ուղարկեց նաև իրեն ենթակա չեղող ցեղերի մոտ՝ նպատակ ունենալով դեպի բարեպաշտություն ու արդարություն առաջնորդել իսրայելական ազգին:

Ամենուր վերահաստատվել էին ղևտական քահանայությունը և հանդիսավոր բոլոր տոները, ու կարող ենք ասել, որ Եզեկիայի թագավորության ընթացքն իսրայելական պատմության պանծալի ժամանակաշրջաններից մեկն էր:

Այսօրվա «Ճաշու» գրքում նկարագրվում է Հրեաստանի այս թագավորի կյանքից մի դրվագ՝ նրա հիվանդության և բուժման պատմությունը: Արժե, որ խոկանք այդ նկարագրության մասին և օգուտ քաղենք դրանից բխող դասերից:

Ա.

«Այն ժամանակ Եզեկիան հիվանդացավ մահացու հիվանդությամբ»: Հաճախ ենք խոսում իսկապես մեզ պատուհասող ցավերի և դժբախտությունների մասին: Որքան էլ որ մենք մեր տեսանկյունից փորձենք բացատրել ցավերի ու դժբախտությունների առաջացման իմաստը, դրանք դարձյալ պիտի շարունակեն մնալ Աստծու գաղտնիքը, ինչպիսին որ են աշխարհիս վրա եղող շատ ու շատ այլ հարցեր:

Համաձայն Սուրբ Գրքի մեկնաբանության՝ ցավերն ու տրտմություններն առաջանում են Աստծու դեմ մարդու ըմբոստությունից: Նա, ով հեռանում է Աստծուց, դատապարտված է տառապելու և հառաչելու. «Ապականվեցիր, ո՜վ Իսրայել, քանի որ հակառակվեցիր Ինձ» (հմմտ. Օսսէ 13։9):

Սուրբ Գիրքը, սակայն, անմիջապես էլ ցանկանում է մեզ հավաստիացնել, որ մեղքն ու ցավը նույն բանը չեն, այսինքն՝ եթե մեկը ցավ է ապրում և դժբախտության է ենթարկվում, դա չի նշանակում, որ այդպիսի մեկը խիստ մեղանչական էակ է: Աստվածաշունչը չի թույլատրում, որ մեր ձեռքը վերցնենք աստվածային նժարը և մեր սահմանափակ մտքով փորձենք մեկնել Աստծու դատաստանները:

Այդ իսկ է Հոբ Արդարի գրքի և Եզեկիա թագավորի պատմության հիմնաքարը: Եզեկիան, Աստծու տաճարի բարեզարդումով խանդավառված և իր ժողովրդի բարոյական ու կրոնական վերականգնումի մեծ ոգևորությանը նվիրված, բարի և արժանավոր վեհապետ լինելով, ենթարկվում է ծանրագույն, մահացու հիվանդության:

Եթե չենք կարող մեր ձեռքը վերցնել աստվածային նժարը և մեր սահմանափակ մտքով քննել դժբախտությունների ու ցավերի սկզբնապատճառը, սակայն, կյանքի փորձառության վրա հիմնվելով, կարող ենք ասել, որ դժբախտությունները, ցավերն ու վշտերն իրենց հետ նաև նախախնամական բարիք են բերում. բավական է միայն, որ այդ դժբախտություններին ենթակա մարդն ազնիվ նկարագիր ունենա:

Եթե ցանկանում եք գիտենալ, թե առաջադիմության լծակը որտեղ է գտնվում, պետք է ասեմ, որ այն տրտմության, ցավի ու վշտի մեջ է: «Քո երեսի քրտինքով պիտի ուտես քո հացը». այս պատիժը, այս ցավը մարդու համար օրհնություն եղավ: Մարդ չպիտի ըմբոստանա դժբախտությունների ու ցավի դեմ, այլ պետք է խոնարհվի Աստծու կամքի առջև ու պիտի օրհնի Նրան՝ գիտենալով, որ դժբախտությունների մեջ Աստված է՛լ ավելի մոտ է մեզ և նույնիսկ ուղղակի հաղորդակցության մեջ է գտնվում ու խոսում է մեզ հետ:

Բ.

Եզեկիան ծանր հիվանդացավ, և Եսայի մարգարեն գնաց նրան հայտնելու, որ բաժանումի ժամանակը հասել է. «Կտակդ գրի՛ր, պատվե՛ր տուր տանդ համար, որովհետև մեռնելու ես»:

Թերևս ինձ հարցնեք՝ արդյո՞ք մարգարեի այս խոսքերը որպես հանդիմանություն չեն հնչում: Մի՞թե տեղին է մահամերձին հայտնել, որ իր մահը մոտ է: Այս հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, բայց իմ կարծիքով հնարավոր չէ որոշակի ու բացարձակ կանոն սահմանել: Պետք է նայել պահի պատեհությանն ու պատշաճությանը, այսինքն՝ պետք է նկատի առնվի, թե արդյոք հարմա՞ր է, պատե՞հ է հիվանդին հայտնել, որ նրա մահը մոտեցել է:

Մի շարք պարագաներում հիվանդին մոտալուտ մահվան մասին ծանուցելը նշանակում է արագացնել նրա մահը, և չեմ կարծում, որ նմանատիպ մոտեցումը կարող է քրիստոնեական խոհեմություն համարվել: Սակայն կան նաև այնպիսի պարագաներ, որ պետք է հաղորդել վրա հասնող մահվան մասին, քանի որ դա է խոհեմ տարբերակը:

Անշուշտ, մահամերձին իր մոտալուտ վախճանի մասին հայտնելու գործը պետք է հանձնել հիվանդի վստահությունը և սերը շահած, նրան հաճելի ու սրտակից մի անձնավորության, իսկ վերջինս էլ այդ գործը շատ զգուշորեն, ակնածանքով ու տրամաբանորեն պետք է կատարի, որպեսզի հիվանդն ինքը ցանկություն հայտնի մի վերջին անգամ Սուրբ Հաղորդություն ճաշակելու:

Կան քրիստոնյաներ, որ կարծում են, թե բնավ կարիք չկա հիվանդին հայտնելու իր մոտալուտ մահվան մասին, քանի որ այդպիսով մենք կարող ենք սարսափի մատնել մահամերձին: Սակայն, ընդհակառակը, երբ այլևս երկրային ամեն մի հույս կորսված է, ճշմարտությունը հիվանդից թաքցնելով՝ նրան զրկում ենք երկինք բարձրանալուց առաջ մի վերջին անգամ երկրի վրա Աստծուն փառաբանելու հաճելի առանձնաշնորհումից: Եվ նկատի ունեցեք, որ այդ անճառելի ուրախությունը շատ հաճախ նկատվում է նրա՛նց դեմքին, ովքեր զգում են, որ իրենց համար նոր կյանքի հավիտենականության հորիզոններն են բացվում և իրենց ժամանակը հասել է՝ այդ կյանքից ներս մտնելու:

Մահվան սարսափելի իրականությունը կտրուկ եղանակով հայտնելով՝ Եսայի մարգարեն առաջնորդվում է տվյալ իրավիճակի պահանջով, և այդ եղանակը հանձնարարելի չէ առհասարակ բոլոր պարագաներում: Սակայն անհրաժեշտ է ամեն գնով հոգին ազատել սին պատրանքներից:

Հիշում եմ իմ ընթերցած մի հրդեհի նկարագրությունը, ըստ որի՝ այդ հրդեհին զոհ էր դարձել խոր քնի մեջ ընկղմված մի ծերունի, և դա այն պատճառով, որ մոռացել էին այդ խեղճին քնից արթնացնել: Քանի՜-քանի՜ մարդ է կորսվել այս նույն ձևով, քանի որ նրանց արթնացնող չի եղել, քանի որ նրանց շրջապատող մարդիկ այնպիսի՛ հավատացյալներ են, որ իրականում լրջորեն չեն հավատում Աստծու դատաստանին ու հանդերձյալ կյանքին, և հետևաբար անփույթ են գտնվում վտանգի ժամանակ աղաղակ բարձրացնելու հարցում, մինչդեռ դա, թերևս, կարող էր փրկության և անպատմելի խաղաղության առիթ ընձեռել:

Գ.

Երբ Եզեկիան մարգարեի շուրթերից իմացավ, որ իր մահվան րոպեն մոտեցել է, սկսեց լալ և նույնիսկ, ինչպես ասվում է, «դառնապե՛ս լալ»: Թող որ մեզ զարմանք չպատճառի Աստծու այս մեծանուն ծառայի՝ այդքան արցունք թափելը: Մեռնել երեսունինը տարեկանում, երկրավոր երջանկության ու զորության լիությամբ լեցուն այնքա՜ն խոստումնալից կյանքը թողնել, դադարեցնել իր ձեռնարկած այնքա՜ն օգտակար գործերը, դա, իսկապես, ցավալի և ողբերգական է:

Օ՜հ, մահվան մասին պետք չէ թեթևամտորեն արտահայտվել, և պետք չէ ասել՝ «ես մահից չեմ վախենում, և երբ այն մոտենա ինձ, ես Եզեկիայի նման չեմ արտասվի»: Այդպես խոսողները, իմ կարծիքով, ոչնչից էլ տեղյակ չեն: Ես ճանաչում եմ քրիստոնյաների, որոնք այս անձնապաստան խոսքերով են հանդես եկել, սակայն երբ մահը վրա է հասել և նրանց ասել է՝ «կտակդ գրի՛ր, քանի որ մեռնելու ես», նրանք սկսել են դողալ և լալ:

Եզեկիայի արտասուքը բացատրելու առիթով կցանկանայի հիշեցնել, որ արտասվողը մի հրեա է, և ոչ թե քրիստոնյա: Հրեան իր երակներում տակավին զգում է գերեզմանի ստվերների արհավիրքը: Հրեան դողում ու սարսափում է մահից, որովհետև քրիստոնյայի նման չի հավատում այն բանին, որ Հիսուս Քրիստոսի միջոցով մահվան կապանքները ջախջախվել են ու գերագույն հաղթանակ է տարվել գերեզմանի նկատմամբ:

Իրական քրիստոնյան էլ է դողում մահվան առջև, սակայն նրա մարդկային խռովքին անմիջապես հաջորդում ու նրա հոգում է բնակվում մի խաղաղություն, որն արդյունք է այն վստահության ու հավատքի, որ տածում է Փրկչի հանդեպ:

Քրիստոնյան ունի այն հաստատ համոզումը, որ մահվան ստվերակերպ հովտում էլ ինքն իր Փրկչի հետ պիտի լինի, Նրանով պիտի զորանա, Նրանով պիտի առաջնորդվի դեպի լույսերի Լույսը, Նրա միջոցով Աստծու դատաստանի ժամանակ արդարության պատմուճանը պիտի հագնի, և վերջապես Նրա շնորհիվ երջանիկ պիտի լինի հավիտենականության մեջ ու հավիտյան պիտի փառավորվի:

Որքան էլ մահը ենթադրում է պայքար գերեզմանի արհավիրքների դեմ, սակայն այդ պայքարը միշտ էլ հաղթությամբ է պսակվում: Որքան զորեղ ու ցավագին լինի այդ պայքարը, այնքան փառավոր պիտի լինի հաղթանակը:

Եզեկիայի արտասուքից ավելի մեզ զարմանք է պատճառում նրա աղոթքը: Եթե մահվան մահճում լինեի, ես կնախընտրեի մաքսավորի նման հառաչանքով դիմել Աստծուն՝ ասելով. «Աստվա՜ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս»: Բայց Եզեկիայի աղոթքը բոլորովին տարբեր է: Նա իր աղոթքի մեջ ցուցադրում է իր բոլոր առաքինությունները՝ Աստծու սիրտը գրավելու համար:

Եզեկիան հիշում է իր ողջ հավատարմությունը, որը քանիցս ապացուցել էր կյանքի ընթացքում: «Ո՜վ Տեր, հիշի՛ր, որ ես Քո առաջ ճշմարտությամբ և կատարյալ սրտով ընթացա, և ինչ որ քեզ հաճելի էր, այդ արեցի»:

Աղոթքի այս նկարագիրը բնորոշ է Հին Ուխտի բոլոր բարեպաշտներին: Ո՞վ չի մխիթարվում Սաղմոսներն ընթերցելիս, որ ամենաթանկարժեք գիրքն է տառապող հոգիների համար, սակայն և ո՞վ զարմանքով չի ունկնդրում նույն այդ Սաղմոսների հեղինակների ջատագովությունն իրենց իսկ բարեպաշտության և առաքինության վերաբերյալ, երբ սաղմոսերգուները հայտարարում են, որ «անբծությամբ են ապրել», որ «սրբությամբ են լվացել իրենց ձեռքերը», որ «իրենց ոտքերն անշեղ են ուղիղ ճանապարհից» (հմմտ. Սաղմ. 25։6, 11։12):

Չնայած այն հանգամանքին, որ սաղմոսերգուներն աստվածային ներշնչումով են գրել իրենց վսեմ երգերը, սակայն նրանք անկարող էին հասած լինել սրբության այն բարձրակետին, որին իրապես հասավ միայն Ինքը՝ Հիսուս: Եթե նրանք հասու լինեին կատարյալ սրբությանը, ապա իրենց անձերը բնութագրելու համար չպիտի կիրառեին «անբիծ», «սուրբ» և «ուղիղ» բառերը:

Ես թերևս հավատայի նրանց նկարագրած անբծությանը, սրբությանն ու ուղղամտությանը, եթե անգիտակ լինեի ա՛յն անբծությանը, սրբությանն ու ուղղամտությանը, որն Իր աստվածային ու մարդկային անձի մեջ դրսևորեց Հիսուս: Սաղմոսերգուների ամենափայլուն առաքինություններն անգամ անշքանում են Հիսուսի առջև այնպես, ինչպես որ ճրագն է անշքանում և նվաղում արևի լույսի առջև:

Հիսուս Քրիստոսի կյանքից ցոլացած բարոյական լույսի ներքո է, որ կարող ենք ճանաչել մեր մեղքերը, Նրա միջոցով է, որ սկսում ենք ատել մեղքը: Մենք անկարող կլինեինք ըմբռնելու մեղքի ողջ մեծությունն ու ահավորությունը, եթե չգնայինք ու չտեսնեինք Գողգոթայի բարձունքին կանգնեցված Նրա Խաչը:

Այնտե՛ղ է, որ մենք պիտի համոզվենք, որ Նա զոհվել է մարդկության մեղքերի համար: Գողգոթայի տեսարանն ուշադիր զննելուց հետո այլևս անհնար է Եզեկիայի նման ասել. «Հիշի՛ր ինձ, Տե՜ր, որովհետև Քեզ հաճելի եղա»: Որքան էլ որ Հիսուսի Խաչը խռովում ու ահաբեկում է մեղավորին, նույնքան էլ, սակայն, մխիթարում է ապաշխարող հոգուն:

Խաչը ոչ միայն Աստծու սիրո գերագույն հայտնությունն է, այլև գերագույն հայտնությունն է մարդկանց մեղքերի...

Դ.

Եսայի մարգարեն հազիվ էր հրաժեշտ տվել Եզեկիային ու արդեն հեռանում էր նրանից, երբ պալատի բակում եղած ժամանակ Տերը դարձյալ հրամայեց մարգարեին վերադառնալ թագավորի մոտ և նրան ասել հետևյալը. «Լսեցի քո աղոթքը, տեսա աչքերիդ արտասուքը, և ահա՛, Ես պիտի բժշկեմ քեզ.․.. և քո օրերին տասնհինգ տարիներ պիտի ավելացնեմ»:

Թերևս մենք չէինք սպասում, որ Եզեկիայի աղոթքը լսելի կլինի Աստծուն, և մեզ համար անհասկանալի է այդպիսի արտասուքի ու աղոթքի՝ Աստծու կողմից ընդունելության արժանանալը: Բարեբախտաբար Աստծու նժարը նման չէ մեր նժարին: Աստված մեզ հետ վարվում է մեր ստացած լույսի համեմատ, և Տյուրոսից ու Սիդոնից չի սպասում այն, ինչ որ ակնկալում է Կափառնայումից և Բեթսայիդայից:

Ամեն օր այնպիսի անկատար աղոթքներ են բարձրանում առ Աստված, որ եթե մենք լսեինք, պիտի ծիծաղեինք: Այդուամենայնիվ Աստված լսում է այդ աղոթքներն Իր անսահման կարեկցանքով և գթությամբ:

Քանի՜ անգամ եմ հանդիպել բարեպաշտ մայրերի, որոնք, եկեղեցու սրբապատկերների առջև բազկատարած և արցունք թափելով, աղոթում ու կրկնում են այնպիսի աղոթքներ, որոնց իմաստն անգամ շատ հաճախ չեն հասկանում, աղոթքներ, որ դժբախտաբար Աստծուն կամ Հիսուսին էլ չեն ուղղված, այլ սրբերի համր ու անզոր պատկերներին:

Սակայն վստահեցնում եմ ձեզ, որ Հիսուսի շնորհիվ անգամ այդ աղոթքներն էլ չեն կորչում, քանի որ այդ աղոթքները հառաչանքներն են այնպիսի անձկալի հոգիների, որոնք Աստծուն են փնտրում (Գործք 17։27):

Նույնիսկ վայրենին, որն իր աղոթքները հասցեագրում է քարե, փայտե արձաններին, որը չգիտի, թե ինչ է հոգևոր աշխարհի ոլորտներում ճախրելը և որը բարիք է սպասում միայն կուռքերից, անգամ այդ վայրենին, պիտի համարձակվեմ ասել, լսելի է լինում Աստծու առաջ, և նույնիսկ նրա աղոթքներն էլ չեն կորչում:

Աղոթքը հոգու բարձրացումն է դեպի անծանոթ Աստված: Այո՛, ես խորապես հավատում եմ, որ մեր ամենաաննշան հառաչանքներն անտեսանելի աշխարհում դղրդյուն են առաջացնում, և անհնար է, որ մեր անձկալից աղոթքներն Աստծու սիրտը չշարժեն, ինչպես որ անհնար է՝ զավակի աղաչանքները չհուզեն նրա հոր սիրտը:

Հարց է, սակայն, թե արդյո՞ք Աստված իրագործում է այդ աղոթքի խնդրանքները: Այս հարցը խորհուրդ է, և պետք է, որ խորհուրդ էլ մնա: Մեր այսօրվա «Ճաշու» գրքի պատմությունը մեկ անգամ ևս շեշտում է, որ աղոթքի մասին որևէ բացատրություն չի կարող գոհացում տալ բանական մտքին:

Տերը մեկ ասում է Եզեկիային՝ «պիտի մեռնես», մեկ էլ դարձյալ դառնում է դեպի նա ու ասում՝ «պիտի ապրես»: Քիչ առաջ Աստծու ծրագիրն այն էր, որ Եզեկիայի կյանքն ավարտվի, իսկ այժմ Նրա ծրագիրն է կյանք շնորհել Եզեկիային: Ուրեմն Աստծու ծրագիրը փոխվեց, և փոխվեց Եզեկիայի աղոթքով... Եզեկիայի աղոթքից առաջ նրա հիվանդությունը մահացու էր, աղոթքից հետո հիվանդությունը դադարում է մահացու լինելուց:

Իսկ ի՞նչ պետք է լինի դեղամիջոցի հարցը: Մարգարեն՝ որպես բժիշկ, արտոնվում է դեղ դնելու Եզեկիայի վերքի վրա, և այդ դեղը մեծապես մեղմացնում է Եզեկիայի ցավերը: Մարգարեի կողմից ձեռք առնված առողջապահական ու բժշկական բոլոր միջոցներն էլ իրենց փրկարար դերն ունենում են, սակայն դա չի նշանակում, որ աղոթքը դեր չի ունենում այդ դեպքում:

Մենք սխալվում ենք՝ կարծելով, որ աղոթքը արժեք չունի որևէ հիվանդության բուժման համար: Պետք է հավատանք, որ աղո՛թքն էլ, դեղամիջո՛ցն էլ Աստծու պարգևած զորություններն են, որ մենք պետք է գործածենք: Երկուսն էլ պիտի շարժման մեջ դնենք: Մեկն առանց մյուսի արժեք չունի, և ծիծաղելի են դառնում բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում կարևորություն տալ դեղերին: Մենք մշտապես պետք է դիմենք Աստծու միջամտությանը, աղերսենք մեր բժշկության համար, սակայն և չպիտի դադարենք դեղերի կիրառությունից:

Ճշմարիտ է, որ Աստծու միջամտությունը մեզ չի շնորհվում այնպես, ինչպես որ մենք կցանկանայինք: Երբեմն Աստված մերժում է մեզ բժշկություն շնորհել: Ո՛չ աղոթքը, ո՛չ դեղն օգուտ չեն ունենում: Աստված Պողոս առաքյալին չշնորհեց այն, ինչ առաքյալը խնդրեց Նրանից: Պողոսը քանի՜ անգամ աղաչեց, որ Աստված իրեն ազատի մարմնի խայթոցներից (Բ Կորնթ. 12։1-9), սակայն ապարդյուն:

Այդուամենայնիվ, թեպետ առաքյալը չստացավ իր ուզածը, սակայն ստացավ մեկ այլ բան, մի գերբնական զորություն: Չէ՞ որ եթե առաքյալն իր աղոթքների ու աղերսների պատասխանը ստացած չլիներ, հռոմեացի ու կողոսացի նորադարձ քրիստոնյաներին չպիտի հանձնարարեր, որ միշտ աղոթեն. «Անդադար աղո՛թք արեք» (Հռոմ. 12։12, Կող. 4։2):

Հավատքով ու մաքուր սրտով հնչեցրած ամեն աղոթք լսելի է Աստծուն, սակայն մեր խնդրանքները ոչ թե մեր կամքի համեմատ են իրականություն դառնում, այլ Աստծո՛ւ կամքի համաձայն: Քանի որ շատ հաճախ մենք այնպիսի բաներ ենք խնդրում, որ ավելի շատ վնաս կարող են պատճառել մեզ, քան թե օգուտ տալ: Եվ որքա՜ն ցավալի հետևանքներ կլինեին այն դեպքում, եթե Աստված մեր կամքի համաձայն, կետ առ կետ կատարեր մեր խնդրանքները:

Ե.

Չէի ցանկանա քարոզս ավարտել՝ առանց անդրադառնալու և երկու խոսք ասելու Եզեկիայի՝ Տիրոջից խնդրած նշանի վերաբերյալ, որը շնորհվեց թագավորին Եսայու շուրթերից հնչած բժշկության խոստումը հաստատելու համար:

Ինչպես ենթադրվում է, Եզեկիայի պալատի պարտեզում արեգակնային մեծ ժամացույց կար, որը Եզեկիան ամեն վայրկյան կարող էր տեսնել իր պատուհանից: Այդ ժամացույցը կառուցվել էր Աքազ թագավորի ժամանակներից: Թե ինչպիսի տեսք ուներ այդ արեգակնային ժամացույցը՝ որոշակի որևէ տեղեկություն չունենք, սակայն կարելի է ենթադրել, որ այն մի բարձր քար-կոթող (obelisk) էր՝ զետեղված մի սարահարթ բլրակի վրա:

Այդ սարահարթի վրա՝ քար-կոթողի պատվանդանի երկու կողմերում սլաքներ էին գծված, որոնք, երբ կոթողի ստվերը նրանց տակով անցնում էր, ցույց էին տալիս օրվա ժամը: Ահա այս արեգակնային ժամացույցի սլաքների վրա, Եզեկիայի խնդրանքի համաձայն, կոթողի ստվերը տասն աստիճան հետ դարձավ, այսինքն՝ երեկո ցույց տալու փոխարեն առավոտ ցույց տվեց:

Միայն եթե արևը փոխեր իր ընթացքը, այդժամ ստվերը կարող էր տասն աստիճան հետ դառնալ: Սակայն իսկույն պետք է ասել նաև, որ Եզեկիային տրված այս նշանով Աստված չհեղաշրջեց արեգակնային համակարգը: Սուրբ Գրքի այն հրաշքները, որոնք բնության օրենքների հեղաշրջման նկարագրությունն են, պետք է այլաբանական իմաստով ընկալվեն:

Ինչպես որ Հեսուի կողմից արեգակը կանգնեցնելու պատմության մեջ իբրև դյուցազներգություն պետք է ընդունել հրաշքի ոգին և իմաստը, այդպես էլ այս պարագայում՝ Եզեկիայի համար կատարված հրաշքի վերաբերյալ պետք է նույն բանն ասել:

Ինչո՞ւ է, սակայն, Եզեկիան նշան խնդրում իր անսպասելի բժշկության համար. քանի որ նա չէր կարողանում հավատալ մարգարեի՝ «պիտի ապրես» նոր պատգամին: Երբ մարգարեն գնաց Եզեկիային ասելու, թե «պիտի մեռնես», թագավորը հավատաց այդ խոսքին: Բայց այժմ ահա մարգարեն եկել է Եզեկիային հայտնելու նրան շնորհված փրկության մասին, և արքան տարակուսում է: Սա շա՜տ բնական և մարդկային երևույթ է:

Մարդ ավելի շուտ միտված է հավատալու աստվածային բարկությանը, քան թե Աստծու սիրուն, քանի որ մարդ ի բնե հակված է դեպի չարը, միշտ երկյուղ ունի իր ըմբոստությունների պատճառով և համոզված է, որ իր արարքներին ի պատասխան անխուսափելի է Աստծու պատիժը:

Սակայն մարդ դժվարանում է հավատալ, որ ինքն իր մեղքերով հանդերձ տակավին Աստծու սիրո առարկան է, և ահա այդ պատճառով է, որ Եզեկիան նշան է հայցում: Կա մի բան, որին մարդ անկարող է հավատալ. Աստված ինչպե՞ս է տակավին սիրում մարդկությանը՝ հակառակ այն բանի, որ մարդիկ ապստամբում են Նրա օրենքների դեմ...

Այո՛, այդ Սուրբ Էակը տակավին սիրում է մարդկությանը, չնայած որ մարդը մեղավոր ու ապաշնորհ է և արատավում է Իր պատկերը: Այո՛, Աստված սիրում է մարդկությանը, սիրում է այնպիսի՜ անհուն մի սիրով, որը մեր երևակայության սահմաններից էլ անդին է, այնպիսի՜ սիրով, հանուն որի Աստված նույնիսկ Ինքն Իրեն է զոհաբերում՝ մինչև իսկ Խաչի մահվանը գնալով:

Հույն փիլիսոփա Արիստոտելն ուսուցանում էր, որ Աստված չի կարող Իր բարձունքից խոնարհվել ու ճղճիմ և աննշան էակներով զբաղվել: Իսկապես դա ցավալի վարդապետություն է, որը, սակայն, շա՜տ նման է ներկայիս մի շարք մարդկանց գաղափարներին:

Ներկայումս էլ կան այնպիսիք, որոնք, հակառակ Արիստոտելի վարդապետությանն աշակերտած չլինելուն, այդ հարցի վերաբերյալ փիլիսոփայի ճշմարիտ հետևորդներն են դարձել:

Ահա՛ թե ինչու Եզեկիան պետք ուներ նշանի, Աստծու գթության ու սիրո շոշափելի մի ապացույցի, և ահա թե ինչու մենք ևս այդ ապացույցի կարիքն ունենք: Ի՜նչ գեղեցիկ ու խորհրդավոր պատկեր է. Եզեկիան իր ապրելու ստուգությունը ճշտելու համար նշան է խնդրում, և դա լինում է արեգակնային ժամացույցի կոթողի ստվերը:

Քրիստոնյան ևս ունի իր ապրելու ստուգությունը հավաստող նշանը, որը բարցրացած է Գողգոթայի բարձունքի վրա: Այդ նշանը Խաչն է, որից արձակված լուսաշող ճառագայթը ցույց է տալիս, որ քրիստոնյան ապրելու է ոչ թե սահմանափակ քանակի տասնհինգ տարիներ միայն, այլ է՛լ ավելին՝ քրիստոնյան ապրելու է հավիտենական կյանքի երանությամբ. «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի, ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3։16):

Տեսնելով այդ նշանների նշանը՝ Սուրբ Խաչը, հավատացյալը զերծ պիտի մնա ամեն մի անստուգությունից և Աստծու սիրո հանդեպ ամեն տարակույսից, քանի որ այդ նշանը մշտապես նրան ցույց պիտի տա արդարության և փրկության արեգակի փայլատակումը մեր հոգիներում. ամեն:

 

Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Զ հատոր,

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

21.11.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․