25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
«Բայց ձեզ ասում եմ նաև, որ այլևս չեք տեսնի ինձ, մինչև որ չասեք. «Օրհնյա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով» (Մտթ. 23:39):
Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր,
Եկեղեցու հայրերը Մեծի Պահոց այս վեցերորդ կիրակին անվանել են Գալստյան Կիրակի՝ ի պատիվ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի: Մարդկությանը տրված այս սքանչելի խոստմանն անդրադառնալուց առաջ պետք է ետ գնանք մինչև Աստծո արարչագործության սկիզբն ու տեսնենք, թե ինչը պատճառ հանդիսացավ, որպեսզի Տերը խոստանա երկրորդ անգամ այցելել Իր արարածին:
Սիրելինե՛ր, երբ նախաստեղծ մարդիկ անհնազանդ գտնվեցին իրենց Արարչին ու Հորը, և զրկվեցին Նրա անմիջական ներկայությունը մշտապես վայելելու երանական վիճակից՝ մարդ արարածը նմանվեց մեծ քաղաքում կորած այն փոքրիկին, ով, չարաճճիություններ անելով, այս ու այն կողմ վազվզելով, վառվուն լույսերով ու բազմերանգ ցուցափեղկերով տարվելով՝ կորչում է ծնողների տեսադաշտից ու մենակ մնում: Հենց այս կերպ էլ սկսվեց համայն մարդկության անկյալ ու մոլորված վիճակը, որը, սակայն, անբնական է ըստ էության: Ամենակալ Աստված տխրեց Իր զավակի անհնազանդությունից ու դրա ցավալի հետևանքներից, սակայն սիրող ծնող լինելով՝ երես չդարձրեց նրանից, այլ փրկություն խոստացավ՝ նրան գայթակղողին ասելով. «Թշնամություն պիտի դնեմ քո և այդ կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը» (Ծննդ. 3:15): Մարդկությունը հազարամյակներ տևած սպասումի մի շրջան անցավ՝ մինչև արժանացավ խոստացված փրկությանը՝ այն է Աստծո առաջին գալուստը՝ մարդեղացումը, գործունեությունը, խաչելությունը, հարությունն ու համբարձումը: Աստվածորդու երկիր գալն ու մարդկության համար Իր սրբազան արյունը տալն Աստծո անառակ զավակների առջև բացեց այն փրկության դուռը, որ փակվել էր Ադամի դրախտից արտաքսվելուց ի վեր: Առաջին անգամ Աստծո գալուսը խոնարհ մարդկային կերպարանքով եղավ: Նա հանձն առավ Իր Երկնային բարձունքից իջնել այդքան, չարչարվել ու անարգ մահվան ենթարկվել, միայն թե մարդիկ արթնանային մեղքի կործանիչ թմբիրից ու ողջ եռանդով իրենց փրկության գործին լծվեին: Երկնային Սերմնացանն Իր անգին սերմերը ողջ աշխարհում ցանեց, որպեսզի Իր երկրորդ փառավոր գալստյան կամ հունձքի ժամանակ առանձնացնի չար և բարի պտուղներն ու ամեն մեկին ըստ արժանվույն վարձատրի:
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ՝ ի Քրիստոս, Տիրոջ առաջին գալստյան և երկրորդ գալուստի միջև ընկած ժամանակաշրջանն իր մեջ սպասում է պարունակում բոլոր քրիստոնյաների համար, սակայն ինչպես Հակոբոս Տյառեղբայրն է ասում՝ հավատն առանց գործերի մեռած է (Հակ. 2:26), ուստի սա աստվածահաճո ակտիվ գործունեության, անտրտունջ աշխատանքի, հոգևոր առումով արթուն մնալու և աղոթքի ժամանակաշրջան է: Ինչպես որ մարմանական հիվանդություն ունեցողը միայն հիվանդանոցի շենք մտնելով չի բուժվում, այլ առնվազն առողջանալու ներքին հստակ որոշում և հմուտ բժշկի ցուցումներին հետևել է պահանջվում առողջացման համար, այնպես էլ հոգևոր ախտերից բժշկվելու համար միայն եկեղեցի այցելելը բավարար չէ, սիրելինե՛ր, գործել է պետք: Հիսուս Քրիստոս, Իր երկրային կյանքի ընթացքում, բազմիցս զգուշացրեց մարդկանց արթուն մնալու և փրկության ճանապարհից չշեղվելու մասին: Մարդկության համար Նա այն բոցկլտացող անմար Կանթեղը եղավ, որ ցրեց մեղքի խավարն ու լուսավորեց փրկության ճանապարհը: Նա այն ջերմ ու պայծառ Ուղեկիցն է, որ յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյայի հետ կողք-կողքի անցնում է նրա կյանքի ճանապարհը, միայն, թե այն դեպի փրկություն ուղղված լինի:
Սիրելինե՛ր, Բազումողորմ Աստված ևս մեկ անգամ Իր անսահման սերն ու հոգածությունը ցուցաբերեց իր որդեգրյալ զավակների հանդեպ՝ Երկնային Արքայության դռները վերաբացելով նրանց առջև: Հիսուս Քրիստոս՝ իր սուրբ արյան հեղմամբ, փրկագնեց նրանց ադամական մեղքից, հիմնեց Իր Եկեղեցին երկրի վրա՝ նրան տալով Իր ճշմարիտ վարդապետությունը և Սուրբ Հոգու շնորհները, և այժմ պատասխան գործողության հերթը մերն է, սիրելի՛ հավատացյալներ: Տիրոջ Երկրորդ Գալստյան ժամանակ մեր գործերով պիտի ներկայանանք Արդար Դատավորին ու ըստ դրանց ստանանք մեզ հասանելիք վարձքը կամ պատիժը: Եկեղեցու հայրերն ասում են, որ առաջին անգամ Փրկիչը մարդացավ, որպեսզի դատվի, իսկ երկրորդ անգամ գալու է Իր ողջ փառքով, հրեշտակների գնդերով շրջապատված, որպեսզի արդեն դատի, և խնդիրն այն է, թե արդյո՞ք մեզ պատրաստ կգտնի այդ ժամանակ: Սուրբ Եփրեմ Ասորին, այս մասին խոսելով, ասում է, որ այդ ահեղ և մեծ օրը պիտի գա, իսկ մենք դեռ դեգերում ենք զվարճությունների մեջ՝ չհիշելով, որ կարճ է այս ժամանակը: Աստծո երանելի սուրբն ասում է, որ այն իսկապես ահավոր պետք է լինի այն մեղավորների համար, ովքեր չկամեցան կատարել Աստծո սուրբ կամքն ու փրկվել: Նաև հիշեցի առակն այն իմաստուն վանականի մասին, որի մոտ, երբ մարդիկ էին գալիս խրատ հարցնելու՝ նա անվեհերությամբ ասում էր. «Ահա՛ ինձ վրա եմ ընդունում Աստծո երեսն ու նստում դատավորի աթոռին: Ի՞նչ ես կամենում: Ասում ես. «Ողորմյա՜ ինձ»: Աստված պատասխանում է. «Եթե ուզում ես ողորմած լինեմ քո հանդեպ, ապա նախ ի՛նքդ ողորմիր եղբայրներիդ: Եվ ես կողորմամ քեզ: Եթե ուզում ես, որ ես ներեմ քեզ, ապա ի՛նքդ ներիր մերձավորիդ»: Աստվա՞ծ է, որ պիտի գործի: Ո՛չ, մենք ինքներս: Ինքնե՛րս պետք է փրկությունը ցանկանանք»:
Այո՛, սիրելինե՛ր, ճշմարտություն է, որ Աստված Սեր է (Ա Հովհ. 4:16) և Իր անհատնում սերը մեր հանդեպ ցուցաբերում է անթիվ անգամներ մեզ ներելով այս կյանքում, և կրկին ու կրկին հնարավորություն ընձեռելով ուղղվելու ու փրկության ճամփան բռնելու: Սակայն Իր երկրորդ գալստյան ժամանակ Աստված ներկայանալու է արդեն որպես Արդար Դատավոր և երբ հայտնի դառնան յուրաքանչյուրիս նույնիսկ ամենածածուկ մտքերը, խոսքերն ու գործերը՝ այնժամ Տերն արդարությամբ է դատելու և ըստ արժանվույն հատուցելու յուրաքանչյուրին: Վստահ եմ ամենքդ էլ երբևէ ունեցել եք այն միտքը, թե ինչ լավ է, որ ոչ-ոք չի կարդում ձեր մտքերը, սակայն մոռանում եք, որ Արդար Դատավորն է դրանք կարդում, սիրելինե՛ր և Ահեղ Դատաստանի օրը պատասխան է պահանջելու դրանց համար: Կամ, երբ մի սխալ արարք ենք գործում՝ ուրախանում ենք, որ հաջողվեց այն ծածուկ պահել մարդկանցից, սակայն կրկին մոռանում ենք, որ ծածուկ ոչինչ չկա այս աշխարհում Աստծո ամենատես աչքից (Ղուկ. 8:17): Եվ կրկին անգամ ցավում է Սիրող Հոր սիրտն այն փաստից, որ Իր զավակներն անտեսում են փրկության համար մեկնած Իր ձեռքն ու նախընտրում են հոգևոր ցեխի մեջ ապրել:
Չգիտեմ, անհոգությո՞ւնն է արդյոք պատճառը, անպատասխանատվությունը, թե՝ թերահավատությունը, որ տարեց-տարի, կրկին ու կրկին լսում ենք Եկեղեցու կողմից արվող արթնության կոչերը, սակայն, միևնույն է, անպատասխան ենք թողնում դրանք: Չե՞նք գիտակցում արդյոք, որ այս երկրային կյանքի կարճ ժամանակահատվածում պետք է ընտրություն անենք հավիտենության համար: Այս կյանքում է պարզ դառնում, թե Տիրոջ երկրորդ գալուստը ցնծությամբ ենք ընդունելու՝ հավիտենական երանություն ստանալու հույսով, թե՝ սարսափելու ենք՝ հավիտենական տանջանքի հեռանկարից: Եվ սա միայն մեզանից է կախված, սիրելի՛ հավատացյալներ, քանի որ Տեր Հիսուս Քրիստոս բոլոր ժամանակներում մեկնել է Իր սիրող Աջն ու մեր պատասխան քայլին է սպասում: Տերն Իր անսահման սերը մեր հանդեպ ամեն վայրկյան է ցուցաբերում և սպասում է, թե մեր խոսքերն ու գործերն ինչ արտահայտություն են ստանալու: Երբ Ահեղ Դատաստանի օրը կանգնենք Արդար Դատավորի առջև ու հայտնի դառնա, որ թերացել ենք առաքինության գործերի մեջ, ի՞նչ պատասխան ենք տալու այնժամ: Փորձելու ենք արդարանա՞լ, ասելով. «Տե՛ր, մեր սրտում սիրում էինք Քեզ»: Եվ պիտի լսենք, որ մեր գործերով պետք է ճանաչեն մեզ (Մտթ. 7:20): Արդ, ես էլ այսօր կոչ եմ անում ամենքիս մի կողմ թողնել ինքնախաբեությունն ու ճշմարտության աչքերին նայել: Ազնվորեն պատասխանել ինքներս մեզ, թե ցուցաբերո՞ւմ ենք արդյոք սիրո գործեր, մեր կողմից ասված յուրաքանչյուր խոսքը և արված գործն արդյո՞ք սիրո վրա է հիմնված: Եթե պատասխանը ոչ է, ապա, ցավոք, ուրախանալու առիթ չունենք, սիրելինե՛ր: Քանզի Աստծո Արքայությունն արդեն այստեղ, այս կյանքում պետք է մեր սրտում կրենք ու մեր ապրած կյանքով ցույց տանք, որ այն արդեն եկել ու վերահաստատվել է մեր հոգիներում: Սա Ամենակալ Աստծո այն մեծագույն պարգևն է, որին պետք է ողջ ուժով ձգտենք արժանանալ Նրա ողորմածությամբ և եթե այս գիտակցումն ունենք, ապա միանշանակ պետք է հոգ տանենք նաև մեր մերձավորի հոգու փրկությանն աջակցելու մասին՝ այդպիսով ցուցաբերելով այն սերը, որ Երկնավոր Հայրն է կամենում մեր մեջ տեսնել:
Արդ, աստվածային սեր, հոգևոր սթափություն, հավատքի գործերի մեջ վստահորեն առաջ ընթանալու վճռականություն եմ մաղթում ամենքիս և ի լրումն այսօրվա խոսքիս՝ մեջբերեմ առակի այն տողը, որ ասում է. «Յուրաքանչյուր օրդ այնպես ապրիր, կարծես Տերը վաղն է գալու, և չես սխալվի»:
Սեր, շնորհ և խաղաղություն ամենքիդ: Ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան