Գլխաշոր գործածելու խորհրդաբանութիւնը

Մաս 4-րդ

«Քանզի, եթէ կինը քօղով չի ծածկւում, թող կտրի իր մազերը։ Իսկ եթէ ամօթ է կնոջ համար մազը կտրել կամ ածիլել, թող քօղով ծածկուի» (Ա. Կորն. 11, 6)։

Այստեղ Պօղոս առաքեալը փորձում է մեզ փոխանցել  աստուածաբանական կարեւոր մի սկզբունք: Եկեղեցու սովորութիւնները պատահականութեան արդիւնք չեն: Եկեղեցական բոլոր աւանդութիւնները ունեն իրենց սկզբնաւորման պատճառները: Ըստ Հին Կտակարանի՝ հրեայ տղամարդիկ ու կանայք պաշտամունքի ընթացքում ծածկում էին իրենց գլուխները, սակայն նախնի հրեայ-քրիստոնեաները փոխեցին այդ աւանդոյթը մի կարեւոր պատճառով: Նրանք ուզում էին, որ ծածկոցի տեղադրումը լինի Քրիստոսի մարմնացման խորհրդանիշը, ինչպէս արել էին շատ այլ հրէական աւանդոյթների գործադրման ընթացքում, որոնց մասին Պօղոս առաքեալն արդէն նշում է կորնթացիներին ուղղուած առաջին նամակի 14-րդ գլխում: Սրանք մարդկային մտքի հնարովի աւանդոյթներ չէին, այլ յայտնուել էին ու հաստատուել Սուրբ Հոգու ներշնչումով: Առաքեալն ասում է, թէ ամօթ է քրիստոնեայ կնոջ համար գլխաբաց կանգնել Աստծու առաջ։ Նա օգտագործում է մի օրինակ, որը կապ ունի պատժի հետ: Հին ժամանակներում կանայք պէտք է իրենց գլխի մազերը հրապարակայնօրէն ածիլէին՝ որպէս անպարկեշտութեան կամ անբարոյականութեան պատժամիջոց: Դա հասարակական նուաստացման մի ձեւ էր: Այստեղ առաքեալը չի քարոզում ածիլել կնոջ գլխի մազերը, եթէ նա մերժում է ծածկոյթը, այլ պարզապէս փորձում է փոխանցել այս սկզբունքի ամբողջ լրջութիւնը: Երբ քրիստոնեայ կինը հրաժարւում է քօղով ծածկուել, նա (գուցէ ոչ միտումնաւոր) ասում է, թէ Քրիստոս չի մարմնաւորուել՝ մարդկային բնութեանը միաւորելով Իր աստուածային բնութիւնը: Ճիշդ է, մեր ժամանակներում, իհարկէ, սա չէ որեւէ կնոջ մտադրութիւնը, որ հրաժարւում է Սուրբ Պատարագի ժամանակ գլխաշոր գործածելուց, բայց այն, ինչ այստեղ Պօղոս առաքեալն ասում է, Եկեղեցում իւրաքանչիւր աւանդոյթ ունի խորը իմաստ: «Քանզի, եթէ կինը քօղով չի ծածկւում, թող կտրի իր մազերը»։ Այլ կերպ ասած, ոչ մի կին չի կարող իր մազերը պահպանել, եթէ իր գլուխը ծածկուած չէ։ Եթէ գլուխը ծածկուած չէ, ուրեմն պէտք է կտրի նաեւ մազերը։ «Իսկ եթէ ամօթ է կնոջ համար մազը կտրել կամ ածիլել, թող քօղով ծածկուի»։ Իսկ եթէ գլխածածկ չունի, ասում է, թող կտրի կամ ածիլի իր մազերը. այլ կերպ ասած՝ թող անբարոյականի տեսք ունենայ: Եթէ ամաչում է անբարոյականի տեսք ունենալուց, թող գլուխը քօղով ծածկի: Որքան կանայք կան, որ սխալ մեկնաբանելով Պօղոս առաքեալի խօսքերը՝ ասում են, թէ Աստուած մեզ բնական մազեր է տուել քօղի փոխարէն: Բայց ինչո՞ւ է առաքեալը տարբերութիւն դնում քօղով գլուխը ծածկելու ու գլխի վրայ բնական մազեր ունենալու միջեւ: Տէրը դիմում է Երուսաղէմի դստերը՝ ասելով, թէ նա աճել է, հասել է գերազանց գեղեցկութեան, ու մազերը փարթամացել են, բայց այս ամէնով հանդերձ՝ նա խայտառակ կերպով մերկ է. «Աճի՛ր, քանի որ դաշտի բոյսի պէս աճեցրի քեզ։ Աճեցիր եւ ուռճացար, եկար մտար քաղաքների այս քաղաքը։ Ստինքներդ կազմաւորուեցին, մազերդ փարթամացան, բայց դու խայտառակ կերպով մերկ էիր» (Եզեկ. 16, 7): Ի՞նչ մերկութեան մասին է խօսքը: Իհարկէ, հոգեւոր մերկութեան, քանի որ խօսքն Իսրայէլի մասին է: Կայ տեսանելի յստակ տարբերութիւն բնական մազերի եւ այն քօղի միջեւ, որ ծածկում է գլխի մազերը: Հետեւաբար, փարթամ մազերը մէկ բան են, իսկ գլխի քօղը՝ ուրիշ: Եւ յետոյ Տէրը Եզեկիէլ մարգարէի բերանով շարունակում է. «Եւ եկայ հասայ քեզ ու տեսայ, որ ժամանակդ եկել է, ինչպէս նաեւ քեզ գաղթեցնողների ժամանակը։ Թեւերս տարածեցի վրադ ու ծածկեցի խայտառակ մերկութիւնդ։ Երդում արեցի եւ ուխտ կապեցի հետդ,- ասում է Ամենակալ Տէրը,- եւ դու իմը եղար» (Եզեկ. 16, 8): Տէրն Ինքը պաշտպանիչ ծածկոց է Երուսաղէմի դստեր համար, որ ծածկում է նրա խայտառակ մերկութիւնը: Իսրայէլը դարձաւ Տիրոջ հարսնացուն, եւ Տէրը դարձաւ նրա Փեսան: Այս նոյն հոգեւոր բանաձեւը վերաբերում է նաեւ ամուսնու ու կնոջ քրիստոնէական յարաբերութիւններին, որոնց խորհրդաւոր պատկերն են Քրիստոսի եւ Եկեղեցու յարաբերութիւնները, որոնց մասին Պօղոս առաքեալը գրում է. «Դրա համար մարդը պիտի թողնի իր հօրն ու մօրը եւ պիտի գնայ իր կնոջ յետեւից. եւ երկուսը պիտի լինեն մէկ մարմին: Այս խորհուրդը մեծ է. բայց ես ասում եմ Քրիստոսի եւ եկեղեցու վերաբերեալ» (Եփես. 5, 31-32):

Ոմանք գլխաշոր կրելու այլընտրանք յաճախ համարում են ամուսնական մատանին։ Ասում են, թէ Կորնթոսում այն ժամանակ գլխաշորը կատարում էր այն նոյն դերը, ինչ որ այսօր եւրոպական երկրներում ամուսնական մատանին է կնոջ ձեռքին: Կնոջ ձեռքի մատանին արտաքին խոնարհութեան «ազդանշան» է, որ ցոյց է տալիս բոլորին, թէ կինը հաւատարիմ  է ու հնազանդ իր ամուսնուն, եւ այժմ նրա իշխանութեան տակ է: Մատանին պարզապէս յիշեցում է, թէ կինն (ինչպէս նաեւ իր ամուսինը) ազատ չէ, եւ ամէն ինչում հոգում է բարձր պահել իր ամուսնու պատիւն ու հեղինակութիւնը: Եթէ ամուսնացած կինն այլեւս չէր ցանկանում կրել ազատ չլինելու մատանու նշանը, հաւանաբար, նա աւելի շուտ ունէր այն կանանց հակուածութիւնը, ովքեր ածիլում էին իրենց գլուխները, որպէսզի ծառայեն հեթանոսական տաճարում՝ բոլորին մատչելի լինելու իրենց դերում: Ամուսնական մատանին երբէք աւելորդ չէ մեր այլասերուած աշխարհում ու կարող է երբեմն փաստել, թէ մարդն ամուսնացած է՝ չնայած ինքնին ո՛չ մատանին, ո՛չ էլ գլխաշորը չեն փրկում դաւաճանութիւնից, եթէ այդ մեղքի դիմադրութիւնը չկայ տուեալ քրիստոնեայի սրտում։ Հայ եկեղեցում ամուսնական մատանու գործածութիւնը գալիս է շատ հնուց[1]։ Բայց ամուսնական մատանին, ի տարբերութիւն գլխաշորի, չունի կրօնական կամ ծիսական արժէք, թէեւ Սուրբ Պսակի խորհրդի ժամանակ ամուսնական մատանիներն օրհնւում են քահանայի կողմից։ Նրանք պարզապէս խորհրդանշում են զոյգերի հոգեւոր միասնութիւնը եւ իրենց կլոր ձեւով, որը չունի սկիզբ ու վերջ, խորհրդանշում են անսահման ու յաւէրժական սէրը եւ հաւատարմութիւնը միմեանց նկատմամբ։ Աստուածաշնչում ոչ մի հրահանգ չկայ ամուսնական մատանու մասին, սակայն եկեղեցում գլխաշոր գործածելն Աստծու պատուիրանն է, եւ, ըստ առաքելական հրամանի, պարտադիր հրահանգ է բոլոր կանանց համար։ Առանց մատանու կարելի է եկեղեցի մտնել եւ աղօթել, բայց սա նոյնը չէ գլխաշորի պարագային։

Աստուած անհրաժեշտ համարեց օգտագործել տեսանելի նշաններ, որպէսզի մեզ յիշեցնի ամուսնու ու կնոջ յարաբերութիւնների աստուածային պատկերը: Եւ այդ տեսանելի արտաքին նշանները պէտք է լինեն կնոջ երկար մազերն ու քօղով ծածկուած գլուխը: Այն կանայք, ովքեր Սուրբ Պատարագի ընթացքում կամովին իրենց գլխին կրում են իշխանութեան այդ նշանը, արժանի են երկնային պաշտպանութեան: Ո՞վ չի ուզում երկնային պաշտպանութեան ներքոյ խաղաղ ու ապահով լինել այսօրուայ հասարակութեան մէջ: Նրանք, ովքեր հնազանդւում են Աստծու գլխաւորութեան կարգերին, տեսանելի կերպով վկայում են այդ մասին:

 

 

[1]     Եկեղեցական հին աւանդոյթ էր, երբ ամուսնացած նորընծայ քահանան ձեռնադրութիւնից առաջ իր ձեռքից հանում էր ամուսնական մատանին եւ այլեւս այն չէր կրում: Սա կարելի է բացատրել նրանով, որ նախ՝ անձը բարձրացւում է մի նոր մակարդակի: Նա խորհրդաւոր կերպով նշանւում է Եկեղեցու հետ: Երկրորդ, քահանան պէտք չէ ունենար որեւէ աշխարհիկ զարդ, նոյնիսկ եթէ այն խորհրդաւոր կերպով ցոյց է տալիս նրա ամուսնութիւնը: Հիմա, երբ քահանան մատուցում է Ս. Պատարագ, նա պարզապէս հանում է ամուսնական մատանին: Իսկ նորընծայ եպիսկոպոսի ձեռնադրութեան ժամանակ՝ իբրեւ Ս. Եկեղեցու հետ փեսայացման խորհրդանիշ եւ իշխանութեան նշան, տրւում է ոսկէօղակ ու թանկարժէք քարերով զարդարուած մատանի, որ կրում են աջ ձեռքի ճկոյթին, իսկ կաթողիկոսը՝ աջ ձեռքի մատնեմատին։

 

 

Գևորգ սրկ․ Գևորգյան

«Կինը Նոր Ուխտի Եկեղեցում» գրքից

 

09.09.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․