22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Գլխավոր առաքինությունը

Սատանան ո՛չ մեր ուղեղից է վախենում, ո՛չ՝ մեր գիտելիքներից: Նա ավելի շատ ունի դրանցից: Նա նույնիսկ մեր առաքինություններից չի վախենում: Դրանցից էլ ավելի շատ ունի քան՝ մենք: Միայն մի առաքինություն չունի և դա նրան սպանում է, իսկ մեզ՝ փրկում: Ո՞ր առաքինությունն է:

Մի անգամ, ինչ-որ բանի հասնելով, հպարտ-հպարտ իմ ծերի մոտ գնացի: Նա, ինձ տեսնելով, միանգամից հասկացավ, որ սայթաքել եմ և չսպասելով, որ խոսքս սկսեմ, ասաց.

- Ինչո՞ւ ենք այդպես հպարտանում, որդյա՛կ: Ի՞նչ գործերով ենք հպարտանում: Որ պահք ենք պահում և քիչ ուտո՞ւմ: Սատանան մեզնից առավել է պահք պահում՝ երբեք չի ուտում: Որ գիշերը չենք քնում կամ քիչ ենք քնո՞ւմ: Սատանան մեզնից շատ է արթուն մնում՝ երբեք չի քնում: Որ ժուժկալում ենք, կուսությունը պահպանո՞ւմ: Սատանան մեզնից առավել կույս է, եթե նույնիսկ ցանկանա անառակություն գործել, չի կարողանա, որովհետև մարմին չունի:

Ես ականջներիս չհավատացի: Ինչ առաքինություններ էլ ունենանք, սատանան նույնպես ունի: Ինչ առաքինութուններ էլ ձեռք բերենք, երբեք չենք ունենա այն առաքինությունները, որ սատանան ուներ, երբ հրեշտակապետ էր: Եվ նա կորցրեց այդ ամենը: Ինչո՞ւ: Որովհետև մի առաքինություն էր պակասում: Մենք պետք է ձգտենք այդ առաքինությունը ձեռք բերել, որպեսզի փրկվենք: Սատանան մեզ ոչ միայն մեղքերով է հաղթում: Առաքինութուններով ավելի է հաղթում, քան մեղքերով: Մեղքերը տեսնում ենք և կարող ենք խուսափել դրանցից, իսկ առաքինությունների համար պայքարում ենք, որպեսզի ձեռք բերենք:

Մի սուրբ ասաց. «Ուզո՞ւմ ես պահք պահել: Սատանան քեզ օգնում է: Ուզո՞ւմ ես ողորմություն տալ: Սատանան օգնում է: Եկեղեցիներ կառուցե՞լ: Նա կրկին օգնում է: Ինչո՞ւ: Որովհետև գիտի, որ եթե հասնենք այդ ամենին, ապա կարող ենք հպարտանալ և ամեն ինչ կործանել»: Մենք պետք է այն առաքինությունն ունենանք, որը նա չունի՝ պիտի խոնարհ լինենք:

 

Նիկոն Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

04.05.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․