Գրողն ու գողը հայտնվեցին դժոխքում, որտեղ մեղավոր հոգիները տանջվում են՝ Ահեղ Դատաստանին սպասելով: Գրողն իր ողջ երկրային կյանքում գրքեր էր գրել, ոչ ոքի չէր թալանել, չէր գողացել, չէր սպանել, ուստի ոչ մի կերպ չէր սպասում, որ գողի հետ նույն վայրում կհայտնվի:
Երկուսն էլ նստել էին չուգունե կաթսաներում՝ մինչև գոտկատեղը կուպրի ու ծծումբի մեջ: Երկու կաթսաների տակ էլ դևերը կրակ էին վառել: Հավիտենության մեջ ժամանակն անվերջ է, բայց մի անգամ գրողը նկատեց, որ գողի կաթսայի տակ կրակը հետզհետե մարում է, իսկ իր կաթսայի տակ նույն թեժությամբ է վառվում: Ու սկսեց տրտնջալ, թե ինչու է այդպես:
Այդ ժամանակ հայտնվեց հրեշտակն ու ասաց.
- Լսեցի, որ ուզում ես իմանալ, թե գողի կաթսայի տակ ինչու է կրակը թուլանում, իսկ քոնի տակ ավելի է թեժանում: Հիմա կբացատրեմ, թե ինչու ես նման չարչարանքների ենթարկվում: Գողը շատ է մեղանչել երկրային կյանքում, բազում չարիք է գործել և նրա հարազատները մինչև այժմ աղոթում են նրա մեղքերի թողության համար: Իսկ դու ավելի մեծ մեղավոր ես: Աստված քեզ շնորհով է օժտել, որպեսզի մարդկանց մեջ բարություն արթնացնես, իսկ քո գրքերը մինչև այժմ կործանում են պատանի սրտերը՝ նրանց մեջ միայն կրքեր արթնացնելով:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի