25 Նոյեմբեր, Բշ
Մի քաղաքում մի շատ արհեստավարժ վարսավիր էր ապրում, ով երեք պղնձե գրոշ էր վաստակում սափրելու համար: Բայց քանի որ շատերին էր սափրում ամեն օր, ապա իր օրվա ապրուստը հոգալուց բացի՝ հարյուր պղնձե դրամ էր խնայում: Բայց մի օր լսեց, որ մի հեռավոր քաղաքում ավելի արժեքավոր մետաղադրամ են տալիս սափրելու համար: - Ինչո՞ւ պետք է այստեղ զուր ժամանակ վատնեմ,- ասաց նա,- որքան ժամանակ է երեք պղնձե գրոշի համար եմ աշխատում: Իսկ այնտեղ կարող եմ հարստանալ: Առանց երկար-բարակ մտածելու վաճառեց ողջ ունեցվածքն ու ճանապարհվեց այդ քաղաքը: Եվ իսկապես, ավելի արժեքավոր մետաղադրամներ ստացավ սափրելու դիմաց: Երեկոյան, ուրախ-ուրախ, վերցրեց հավաքված մեծ գումարն ու շուկա գնաց՝ ուտելիք գնելու: Բայց պարզվեց, որ ամեն բան այնքան թանկ է այդտեղ, որ իր օրվա աշխատածը միայն համեստ սննդի համար է բավարար: Որոշակի ժամանակից հետո ասաց ինքն իրեն. - Պետք է նախկին բնակավայրս վերադառնամ ու նախկին համեստ աշխատանքիս անցնեմ, որովհետև արդեն փորձից գիտեմ, որ այն գրոշներով ավելի շատ էի վաստակում, քան այս մեծ դրամներով:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի