11 Մարտ, Գշ, Մեծ պահքի Թ օր
Ըստ Սուրբ Գրքի՝ Աստծու պատկերն ու նմանությունը կրող անձի համար մերձավորը նա է, ով այդ պահին իր ուշադրութան և հոգածության կարիքն ունի: Քրիստոնյաների համար գթասրտության մեծ օրինակ հանդիսացավ Քրիստոս, Ով Իր հետևորդներին պատգամեց. «Գթասիրտ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է գթասիրտ» (Ղուկ. 6:36): Երկնավոր Հորը նմանվել ձգտող անձն ոչ թե ինքն է փնտրում մերձավորներ, այլ ինքն է ջանում դառնալ շատերի համար մերձավոր: 20-րդ դարի եկեղեցու հայրերից՝ Ալեքսանդր Մենը, անդրադառնալով տարածում գտած հետևյալ արտահայտությանը, թե՝ պետք է վերցնել կյանքից հնարավոր ամեն ինչ, ասել է, որ դարաշրջանը մարդու մեջ սերմանում է եսասիրություն. «Մարդը միայն իր մասին է մտածում, իր անձը դարձնում է իր կուռքը և սկսում նրան այնպես ծառայել, ինչպես պետք է ծառայեր Աստծուն: Այս ուղին եսասիրության ուղի է, որ տանում է դեպի փակուղի: Այն մարդը, որ իր ողջ կյանքն ապրել է, միայն իր մասին մտածելով, ոչ ցանկալի պտուղներ է քաղում. աշխարհում չկա մեկը, որ շնորհակալություն հայտնի իրեն, չկա մեկը, ում նա նվիրել է իր կյանքի մի մասը, ոչ մի բանի մեջ նա հոգի չի դրել, ոչ մի տեղ ոչինչ չի սերմանել: Անիմաստ է ապրել իր կյանքը: Այդ պատճառով Սուրբ Գիրքը հորդորում է՝ երանելի է մանավանդ տալը, քան առնելը (Գործք 20:35):
Հերթական անգամ Տիրոջ պատգամը որպես ուղենիշ ընտրեց Կանադահայոց թեմի Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ Առաջնորդանիստ Մայր Տաճարի հավատավոր անդամներից մեկը, ում տրամադրած գումարը (100 000 դրամ) հոկտեմբերի 6-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, փոխանցեց արցախյան վերջին պատերազմի պատճառով Հադրութի շրջանի Տումի գյուղից տեղահանված Ավագյան ընտանիքին: Ընտանիքի մայրը՝ Ավագյան Թամարան (50տ.), իր ամուսնու և երեք չափահաս զավակների հետ այժմ վարձակալությամբ բնակվում է Ստեփանակերտի քաղաքի Գ. Լուսավորիչ 86 հասցեում: Թամարայի որդին՝ որպես պայմանագրային զինծառայող, մասնակցել է արցախյան վերջին պատերազմին: Ընտանիքի դուստրն ուսանում է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում, ում ուսման վարձն ընտանիքը դժվարանում է վճարել, քանի որ ոչ ոք չի աշխատում: Թամարան իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:
Կարինե Սուգիկյան