Մի հագարացու կին տառապում էր կրծքավանդակի սարսափելի ցավերից և բժիշկների առաջարկած միջոցները ոչ մի օգուտ չէին տալիս: Եվ ամուսինը նրան խղճալով՝ նստեցրեց ձիու վրա ու տարավ կանանց քրիստոնեական մենաստան, որը հայտնի էր այնտեղի օրհնված ջրի հրաշալի բուժիչ հատկություններով: Այն օրը հորդառատ անձրև էր եկել և ողողել-տարել էր ճանապարհը, ուստի, նրանք միայն գիշերը հասան մենաստան, երբ միանձնուհիներն արդեն պատրաստվում էին քնելու: Պահակը դարպասը չբացեց ճամփորդների առջև, բայց նրանց հաջողվեց համոզել նրան իրենց կուժը օրհնված ջուր լցնել: Սակայն, պահակը մտածեց, որ անհավատի համար միևնույն է, թե ինչ ջուր կլինի, և կուժը մոտակա ջրափոսի ջրով լցրեց: Բայց հաջորդ օրը հագարացին մի եզ նվիրեց մենաստանին՝ ի նշան երախտագիտության՝ իր կնոջ բժշկման համար, և ամոթահար պահակը պատմեց քույրերին հրաշքի մասին, որ կատարվել էր հագարացու հավատի չափով, և ապաշխարեց ու թողություն խնդրեց Աստծուց իր խստասրտության ու մեծամտության համար:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի