23 Դեկտեմբեր, Բշ
4. Ահաւասիկ վարձք մշակաց, որ գործեն զանձս ձեր՝ առ ձեզ են, զրկեալն ի ձէնջ աղաղակէ՛, և բողոք հնձողացն եհա՛ս յականջս Տեառն զօրութեանց:
Ահավասիկ, ձեր դաշտերը մշակած մշակների վարձը ձեզ մոտ պահեցիք, ձեր կողմից զրկվածն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ ամենակալ Տիրոջ ականջին:
Հարուստների մասին խոսում է որպես վայրի գազանների, քանզի, ինչպես օրինակ, նրանք վայրենի վարք են ցուցաբերում՝ հոշոտելով և ուտելով, ընդ որում գիշակեր են և գազանային, այդպես էլ հարուստներն անգթություն են ցուցաբերում՝ զրկելով և հարստահարելով աղքատներին: Եվ նրանք, քանի որ տկար են զրկանքի դիմաց ամբարիշտներին հատուցելու, ապա միայն աղաղակում են Աստծուն՝ ասելով. «Տե՛ս, Տեր, և մի՛ լռիր, այլ մեր փոխարեն վրեժ լուծի՛ր այս անաստվածներից»: Եվ հոգոց հանելով ասում են, թե այրում են մեզ և վառում, ըստ մարգարեության. «Ամբարշտի ամբարտավանելուց տոչորվում է աղքատը» (Սղմ. 9:2), իսկ դու լսում ես, Տեր, և չես պատժում նրանց իրենց չարության համար: Եվ այս ձայնը շատ անգամներ շարժում է Աստծու վրեժխնդրությունը:
Դրա մասին նաև Աստված ինքն ասաց մարգարեի միջոցով. «Աղքատի տառապանքի և տնանկի հեծության համար այժմ ես կելնեմ, ասում է Տերը» (Սղմ. 11:6): Քանզի Աստծուն բարկացնող առավել որևէ բան չկա, քան աղքատին զրկելն է, ու որբևայրուն անիրավության ենթարկելը: Այս մասին նաև Պողոսը հանդիմանական խոսք ասաց՝ փնովելով նրանց, ովքեր կողմ են զրկելուն. «Ինչո՞ւ ինքներդ զրկանք չեք կրում և առավել ևս ինքնրդ նեղություն չեք քաշում, այլ դուք եք զրկում և նեղում, այն էլ՝ նույնսիկ եղբայրներին: Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում» (Ա Կորնթ. 6:7-9): Տեսնո՞ւմ ես, զրկանքների և անիրավության փոխարեն արքայությունից է զրկում, քանզի եթե բազում քահանաներ Աստծու առջև աղոթքով և պաղատանքով իրենց ձեռքերը բարձրացնեն զրկողներից որևէ մեկի համար, բայց մի զրկված այրու աղաղակը և արտասուքը կարող է համարձակորեն Աստծու առաջ հասնել, իսկ նրանց աղոթքը մերժվել, այսինքն՝ անընդունելի համարվել: Քանզի անհնար է, որ զրկողը ողորմություն գտնի Աստծուց, եթե զրկածը զրկվածին չվերադարձնի, եթե ողորմություն չանի այդ զրկած իրից և ուխտով Աստծուն չընծայի, ապա ընդունելի չի լինի, և Աստված չի հաշտվի նրա հետ, քանզի չի հաշտվի Հայր Աստվածը Որդու արյամբ:
Նույնը ցույց տվեց նաև Տերը՝ մտնելով Զաքեոսի տուն, չգովաբանեց նրան, երբ նա ասաց՝ ունեցվածքիս կեսն աղքատներին եմ տալիս, քանզի զրկելով էր այն կուտակել: Իսկ երբ ասաց՝ ում զրկել եմ քառապատիկով կհատուցեմ, այդ ժամանակ միայն ասաց. «Այսօր այս տան համար փրկություն եղավ, քանի որ սա ևս Աբրահամի որդի է» (Ղուկ. 19:9): Տեսնո՞ւմ ես, թե ինչպիսի օրինակով օրենք դրեց զրկողների համար՝ դրանց միավորել գործը և հետո փրկության արժանանալ, և եթե որևէ մեկն այդպես չանի, ապա այդպիսի մարդը թող հույս չունենա Աստծուց որևէ բան ստանալու:
Եվ հնձվորների բողոքը, ասում է, հասավ ամենակալ Տիրոջ ականջին: Հերթով խոսում է հարուստների բազմաթիվ չարությունների մասին՝ մե՛կ ցույց տալով նրանց ագահության և արծաթասիրության կերպարանքը, մե՛կ աղքատներին զրկելու եղանակները՝ նրանց իրենց ունեցվածքից մերկ և զուրկ թողնելը, և ցույց է տալիս անվարձ ու սոված ծառայեցնելը: Դրա համար էլ ասում է. հնձվորների բողոքը հասավ ամենակալ Տիրոջ ականջին: Այս խոսքով փնովում է հարուստների և իշխանների սովորությունը, քանզի իրենց ձեռքի տակ եղողների հանդեպ իրավունք են վերապահում բռնությամբ հնձել տալ իրենց արտերը տոթին և փոշու մեջ՝ ոչ կերակուր տալով նրանց և ոչ էլ ըմպելիք: Եվ նրանք ամբողջ օրը աշխատելով և տառապելով, սոված ու ծարավ, տարակուսած մտքով և զայրացած սրտով Աստծուն են բողոքում: Եվ նրանց սրտերի հեծությունը և մտքերի մռունչը արծվի պես սլանալով երկրից երկիքն՝ հասնում են զորությունների Տիրոջ ականջին: Քանզի Տերը ոչ միայն լսում է սրտի հեծությունը, ինչպես Մովսեսինը (տե՛ս Ելք 32:11-14), և լուռ շուրթերի [աղոթքը], ինչպես Աննայինը (տե՛ս Ա. Թագ. 1:13), այլ լսում է նաև երկրի վրա թափված արդարի արյան աղաղակը:
Նման ձևով նաև այստեղ բողոք է անվանում սրտի կսկիծը և մարմնի տառապանքը: Այդ պատճառով էլ ասում է. հնձվորների բողոքը հասավ ամենակալ Տիրոջ ականջին: Ականջ ասելով նկատի ունի խոնարհելը, քանզի Սուրբ Գրքում ընդունված է այսպես խոսել Աստծու մասին՝ ասելով. Աստծու աչքը, ականջը, բերանը, ձեռքերն ու ոտքերը, և անգո Աստծուն գոյություն տալ՝ ըստ մեր նմանության: Եվ քանի որ մենք ընդունակ չենք Աստծու մասին բարձրագույն ճառեր լսելու, այդ պատճառով էլ մեր իմացած օրինակն է մեր առջև դնում: Ուստի մենք խոսում ենք, տեսնում, լսում, գործում և քայլում, նման կերպ էլ պատկերացնում ենք աստվածային ներգործությունը, որն ամբողջովին անճառելի է խոսքերով, և հասանելի չէ մտքին: Այդ պատճառով էլ մարգարեական պատգամները, որոնք մեզ են ուղղված, Աստծու բերան են կոչում, ընդ որում ասվում է, որ Ամենակալ Տիրոջ բերանն ասաց այդ: Իսկ քաղցրությունը՝ աչք, և մեր աղոթքներն ընդունողն ու հառաչանքները լսողը՝ ականջ, իսկ մեղքերի համար պատժողը՝ ձեռք, և լավագույնից չարիքի փոխվելը, իսկ չարիքից՝ լավագույնի՝ ընթացք (այսինքն՝ խնամելուց անցումը դեպի պատիժ, որը չար ենք կոչում և պատժից՝ խնամելուն), և վրեժխնդրությունը՝ սիրտ, ու նմանատիպ բազում այլ բաներ:
Այդ պատճառով էլ այստեղ ասում է. հնձվորների բողոքը հասավ ամենակալ Տիրոջ ականջին: Այս ասելով ցանկանում է վախեցնել հարուստներին, որպեսզի բոլոր աղքատներին անխտիր տկար չհամարեն և ուստի և չարչարեն, քանզի նրանց վրեժխնդիրը և այցելուն Ամենակարող է, և բավական է նրա ձեռքը, որպեսզի ձեր չարիքների փոխարեն չարիքով հատուցի, և փրկի նրանց ու ապրեցնի:
5. Փափկեցայք ի վերայ երկրի, և զբօսա՛յք:
Մեղկ կյանքով ապրեցիք երկրի վրա և շվայտացաք:
Ուրիշներին զրկելով և նրանց աշխատանքով ձեզ համար հարստություն կուտակեցիք՝ որպես ձեր փափկության պատճառ, և աղքատների արտասուքն ու հառաչանքը, ասում է, ձեզ համար ուրախության առիթ էր: Մեղկ կյանքով ապրեցիք երկրի վրա, ասում է, և շվայտացաք: Փափկություն ասելով նկատի ունի կյանքի հեշտությունը. առատ սեղանները, լի խմիչքները և տարատեսակ խորտիկները, որովհետև թմբուկներով և պարերով գինի էին խմում, երգեցիկ թռչուններին և գեղեցիկ կանանց իրենց մոտ կանգնեցնում: Այսպիսի խրախճանքները և զվարճությունները փափկություն կոչեց: Եվ իրավ է ասում. մեղկ կյանքով ապրեցիք երկրի վրա, քանզի հարուստները սրանից հետո մխիթարության և հանգստյան հույս չունեն, այլ անասունի պես մարմնավոր կենցաղը նրանց համար հանգիստ, մխիթարություն և փափկություն համարվեց, իսկ մահվանից հետո՝ ցավ, տրտմություն և արտասուք:
Արդ, սրանց դատաստանի մասին Տերն անձամբ հայտնեց՝ ասելով. «Վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետև դուք ձեր մխիթարությունը ստացել եք» (Ղուկ. 6:24): Տեսնո՞ւմ ես դատապարտության անսխալ դատավճիռը, թե ինչպես անհույս թողեց նրանց փրկությունից:
Սնուցէք զսիրտ ձեր՝ իբրև աւուր սպանման:
Ձեր սրտերը պարարտացրիք մորթվելու օրվա համար:
Հերթով բոլորին հայտնում է հարուստների անխուսափելի կործանման մասին՝ ասելով. ձեր սրտերը պարարտացրեք մորթվելու օրվա համար: Կարծում եմ, թե այստեղ պարարտացրեք ասելով նկատի ունի սովորեցրեք, այսինքն՝ այստեղ սովորեցրեք ձեր սրտերին անողորմ լինել՝ աղքատներին զրկելու և տառապանք պատճառելու համար: Իսկ մորթվելու օրվա համար ասելով նկատի ունի այն, որ, ինչպես, օրինակ, երբ մեկը թշնամուն բռնում է, չի խնայում նրան և ոչ էլ ողորմում է, այլ հաճույքով սպանում է, և դրանով ուրախանում և զվարճանում: Այդպես էլ, ասում է, դուք ձեր սրտերը սովորեցրել եք զրկել աղքատին, տառապանք պատճառել այրի կնոջը և նեղել որբին, և չեք զղջում, չեք ողորմում ձեր ազգակիցներին և ոչ էլ գթություն եք ցուցաբերում բնության կարիքների հանդեպ, այլ՝ թշնամի եք համարում նրանց և այդպես զրկում ու սպանում եք:
Եվ կամ նորից, սրտերը պարարտացնելը նշանակում է նրանց փափուկ կյանքը և զվարճությունները, քանզի զվարթ սիրտ ունեցողների երեսն ուրախ է: Արդ, ինչպես, օրինակ, եթե կենդանիներից մեկին պատրաստվում են մորթել, օրինակ՝ խոզին, զվարակին կամ որևէ այլ կենդանու, ապա պարարտացնում են նրան և հատուկ պահում մորթելու օրվա համար: Այդպես էլ, ասում է, և դուք ձեր սրտերը պարարտացրեք, այսինքն՝ գիրացրեք ձեր մարմինները՝ պահելով ձեր իրական մորթվելու օրվա՝ Քրիստոսի արդար դատաստանի օրվան՝ աստվածային բարկության սրի միջոցով, որ կտրում անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի ողնուծուծի բաժանման սահմանը և քննում է սրտի խորհուրդները (տե՛ս Եբր. 4:12):
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը