28 Նոյեմբեր, Եշ
Մեծ պահքի ընթացքում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու շուրջ համախմբված համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, շարունակում է իր հոգեշահ ծառայասիրական ուղին: Համայնքի համար կարծես ուղեցույց դարձած լինի Սբ. Պաիսիոս Աթոսացու այն խոսքը, որ սիրով լի անձը չի գոհանում միայն նրանով, որ օգնի միայն իրենից ողորմություն խնդրող անձին, այլ ինքն է փնտրում կարիքավոր մարդկանց՝ օգնելու և աջակցելու համար: Աստվածահաճո այդ ճանապարհին, համայնքի կողմից սիրով և ուրախությամբ տրված յուրաքանչյուր նվիրատվություն, բազմաթիվ ընտանիքների ուրախացնելով, առավելապես իրենց է ուրախություն պատճառում:
Իսկ մարտի 12-ի հերթական տնայցը հերթական ուրախությունը պատճառեց Մարգարյան 1-ին նրբանցքի 6/1 հասցեի երկու փոքր և խոնավ սենյակներում բնակվող անապահով բազմազավակ ընտանիքին: Վեց զավակների մայրը՝ 47-ամյա Անուշ Հարությունյանը, ասաց, որ ընտանիքում դժվար իրավիճակն առավել բարդացավ, երբ ամուսինն ավտովթարի ենթարկվելուց հետո այլևս չկարողացավ աշխատել: Ցավով նշեց, որ զավակներից երկուսը նույնպես առողջական խնդիրներ ունեն: Այժմ ընտանիքն ապրում է նպաստով, իսկ զավակներից երկուսը, ուսումն ավարտելով, փորձում են իրենց սակավ աշխատավարձերով քիչ թե շատ օգնել ընտանիքին:
Ընտանիքի հետ ծանոթությունից և զրույցից հետո, Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և նրանց հանձնեց համայնքի կողմից տրամադրած սննդի փաթեթներ, անկողնային պարագաներ և դրամական օգնություն: Տիկին Անուշն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Հորն ու համայնքին՝ ուշադրության և հոգածության համար:
Եկեղեցու հայրերից մեկը գթասրտության հոգի ունեցողին նմանեցնում է մի աղբյուրի, որից բխում է ամենագեղեցիկը, եթե նա գումար ունենա, ապա առատորեն կբաշխի, եթե տեսնի որևէ մեկին դժբախտության մեջ, ապա արագ օգնության կհասնի և առանց ուշադրության չի թողնի որևէ բան, որ իրեն է վերաբերում:
«Հայելի վարուց» գրքից կարդում ենք, որ Թեոդոս ինքնակալի ժամանակ, երբ սաստիկ սով էր Բուրգունդիա գավառում, Սինկտոս անունով մի հռոմեացի հավաքեց ավելի քան չորս հազար աղքատի, ովքեր ոչինչ չունեին ուտելու, և սովի բոլոր օրերին կերակրեց նրանց: Երբ սովն անցավ, ամենքն իրենց տեղը գնացին: Եվ ահա երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Ով սիրելի, քեզ և քո զավակներին հավիտյան չի պակասի հացը, որովհետև սովի ժամանակ անդրանիկներիս խնամեցիր, Ինձ խնամեցիր»:
Կարինե Սուգիկյան