Համայնքի ուշադրության և հոգածության ներքո

Այն որ Վարդանանց, Արցախյան հերոսական, հայրենասիրական ոգին ապրում է, սերունդներ տալով, և որ այդ ոգին այսօր էլ կա, որին մենք հանդիպում ենք, հաղորդակից լինում, հիանում, հուզվում, խորհում և դաս առնում, համոզվում ես՝ տեսնելով Գևորգ Եղիազարյանին: 2011 թ.-ին դեկտեմբերին արդեն մեկ տարի յոթ ամիս էր, որ հայոց բանակում ծառայելով՝ իր զինվորական պարտքն էր կատարում Գևորգը՝ արդեն որպես ավագ սերժանտ: Հենց այդ ամիս էլ թշնամու գնդակը ծանր վիրավորեց նրան՝ առ այսօր գամելով անկողնում: Հայրենասեր, ընկերասեր ոգին անհանգստացել էր, երբ լսեց այս տարվա օգոստոսին թշնամու հրադադարի խախտման և հարձակումների մասին: Մայրը՝ տիկին Նաիրան, պատմում է, որ Գևորգը հավատում է, որ ինքը ապաքինվելու է և նորից սահման է գնալու, իսկ այդ օրերին նա անընդհատ իր ընտանիքին ասում էր. «Ինձ տարեք սահման, հիմա իմ կարիքն ունեն տղերքը, ես կարող եմ օգնել»:

«Շատ ուժեղ է Գևորգը, ոչ թե մենք, այլ ինքն է մեզ հույս տալիս, երբեք նա իրեն հիվանդ չի համարում: Այս երեք տարիների ընթացքում պետության աջակցությամբ Գևորգը միայն մեկ ամիս Իսրայելում բուժման թերապիա անցավ, բայց ցավոք՝ անավարտ: Փառք Աստծո, այսօր մեր տղան, ի զարմանս բժիշկների, արդեն աջ ձեռքն է շարժում, ոտքերի վրա այրոցներ է զգում, բայց թերապիան անհրաժեշտ է նրան ոչ թե քայլելու, այլ գոնե սայլակին լիարժեք նստելու համար: Երուսաղեմի հայ համայնքն էր այցելել Գևորգին, սայլակ էին նվիրել»,- ասաց տիկին Նաիրան:

Գևորգի ընտանիքը այսօր զգացված է, որ Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու համայնքը իր աղոթքներով, իր այցելություններով, Գևորգի բուժման համար ամենամսյա դրամական օգնությամբ փորձում է ընտանիքին աջակից լինել և գտնել հնարավոր տարբերակներ բուժումը շարունակելու համար: Հերթական այցելության ժամանակ Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, տնօրհնեք կատարեց, ապա Տեր Հայրը Սուրբ Հաղորդություն տվեց Գևորգին:

«Հավատքը հրաշքներ է ծնում, դա վկայում է և՛ պատմությունը, և՛ այսօրը: Աստված Իր օրհնությամբ զորավիգ և պահապան է լինում Իրեն հուսացողներին, նրանց, ովքեր մեծ հավատով և վստահությամբ աղոթում են Իրեն»,- ասաց Տեր Հայրը՝ հորդորելով Գևորգին հուսալ, անկեղծ զրուցել Աստծո հետ՝ վստահելով Նրա Ամենակարող կամքին:

Թե՛ Գևորգը և իր ընտանիքը, թե՛ Սուրբ Զորավոր եկեղեցու համայնքը լավ ընկերներ և բարեկամներ են դարձել: Տեր Գրիգորը նշեց, որ Գևորգի ընկերներին կհամալրվեն նաև Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները, ովքեր մեծ ցանկություն ունեն այցելելու, ծանոթանալու և ընկերանալու նրա հետ:

Հերոսական ոգու գոյությունն է, որ պետք է բոլոր ժամանակներում պահպանել և առավել ևս այդ ոգին կրողներին գնահատել, աջակից լինել, գոտեպնդել և ոտքի կանգնեցնել: Դարեր շարունակ այդ ոգու առաջին և ամենամեծ կրթարանն ու խնամողն է հանդիսացել մեր Մայր եկեղեցին: Պատմության հերոսական էջերը ցույց են տվել, որ հայ ժողովուրդը կարող է քաջությամբ պաշտպանել իր հավատն ու հայրենիքը, որ կարող է պարտվել՝ բայց չմեռնել. կարող է չարչարվել, բայց իր իրավունքները չզոհել:

Կարինե Սուգիկյան

28.10.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․