26 Դեկտեմբեր, Եշ
Մայիսի 13-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Տնօրինական այդ օրը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, իմաստավորեց ուխտագնացությամբ: Աղոթքով և շարականներով հագեցած ուխտավորների ուղին կանգ առավ համայն հայության համար նվիրական սրբավայրերից մեկում՝ Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որտեղ նրանք մասնակից եղան տոնական Սուրբ Պատարագին: Սուրբ Պատարագի ավարտին ուխտավորները խոնարհվեցին Ս. Մեսրոպ Մաշտոցի շիրիմի առջև և սրբի բարեխոսությանը դիմելով՝ Տիրոջ ողորմությունը հայցեցին Հայաստան ու Արցախ աշխարհների անսասանության և խաղաղության համար:
Այնուհետև ուխտավորները համախմբվեցին սիրո սեղանի շուրջ և մասնակից եղան Համբարձման տոնի ժողովրդական սովորությանը: Սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց միության ատենապետուհի Քնարիկ Ղազարյանն ուխտավորներին հիշեցրեց, թե ինչու է Համբարձման տոնը կոչվում նաև «Վիճակի օր»: Ապա բաժանվեցին վիճակներ, որոնք պատրաստվել էին տիկնանց միության անդամների կողմից: Տիկին Քնարիկը նշեց, որ, սիրիահայերի սովորության համաձայն, վիճակների մեջ պատրաստվում է մի վիճակ, և ում բաժին է ընկնում այն, նա համարվում է հաջողակ: Սիրիահայ համայնքից երկու անդամ համբարձման ժողովրդական տոնախմբությունը համեմեցին ասմունքով և հայրենասիրական երգերով:
Քրիստոնեության ընդունումից ի վեր հայ քրիստոնյան հավատքի իր ուղին նորոգել ու ամրապնդել է՝ իր ճանապարհին վեր խոյացնելով սուրբ տաճարներ, որտեղ աղոթքով և Սուրբ Հաղորդությամբ, միավորվելով Տիրոջը, դիմակայել ու հաղթահարել է բազում փորձություններ: Հայոց սուրբ հողի վրա՝ սուրբ տաճարներից ներս, դարեր ի վեր սերմանվել է Աստծու խոսքը և Աստծուն տենչացող հոգիներում պտուղ տվել մեկի դիմաց՝ երեսուն, վաթսուն և հարյուր: Այսօր էլ հայ ուխտավորը շարունակում է հավատքի իր ուղին նորոգել ու ամրապնդել ուխտի հոգենորոգ ճանապարհներով՝ Տիրոջ ողորմածությանն ու ապավինությանը հուսալով: Հոգևոր ուրախություն է ապրում նա, ով Տիրոջ ճանապարհին է. «Թող Քեզանով ցնծան ու ուրախանան բոլոր նրանք, որ փնտրում են Քեզ, Տե՛ր: Քո տված փրկությունը սիրողներն ամեն ժամ թող ասեն՝ «Մեծ է Աստված»: Ես աղքատ եմ և տնանկ, Աստվա՛ծ հոգ տար իմ մասին. իմ օգնականն ու պաշտպանը Դու ես. Աստված իմ, մի՛ ուշացիր» (Սաղմ. 39:17-18):
Կարինե Սուգիկյան