25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ,
Ի խորոց սրտի շնորհավորանքներս եմ հղում ամենքիս, մեր սիրելի Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի լուսապայծառ Համբարձման տոնի կապակցությամբ: Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում Սուրբ Համբարձման տոնը համընկել է Հայ Եկեղեցու երանելի հայրապետներից մեկի՝ Մովսես Տաթևացու հիշատակության օրվան: Պետք է հիշեցնեմ ձեզ, սիրելինե՛ր, որ 17-րդ դարում Մովսես Տաթևացին եղել է մեր եկեղեցու տարածքում գործող վանքի վանահայրը, և մեծագույն ավանդ է մուծել Հայ Եկեղեցու բարգավաճման սուրբ գործին: Այստեղ գտնվողներիս համար այս օրն ուրախալի է նաև մեկ այլ հրաշալի պատճառով: Մատենադարանից արդեն երրորդ անգամ մեր եկեղեցի է բերվել 13-րդ դարով թվագրվող, մեծ հայրապետի հիշատակության օրվան առնչվող Զորավոր Ավետարանը, որը բազում տարիներ գտնվել է այս եկեղեցու սուրբ կամարների ներքո և հայտնի է եղել իր բժշկելու զորությամբ:
Սակայն վերադառնալով այսօրվա տոնի բուն էությանը՝ հիշեցնեմ, որ ավարտվեցին այն քառասուն օրերը, որ ձգվում էին Սուրբ Հարության տոնից մինչև Համբարձում: Այս քառասուն օրերը լցված էին անբացատրելի բերկրության զգացումով, յուրահատուկ, զարմանահրաշ խորհրդով ու բովանդակությամբ: Սուրբ Հարությունն ավետեց մահվան նկատմամբ Աստվածորդու փառապանծ հաղթանակը (Ա Կորնթ. 15:51-57), Համբարձումը մահվանից հետո Աստծուն միավորվելու հնարավորության ապացույց եղավ: Համբարձման միջոցով Քրիստոս մեզ համար բացեց այն երանելի ճանապարհը, որը Երկնային Արքայություն է տանում: Մատթեոսի Ավետարանում Տեր Հիսուս Քրիստոս հիշեցնում է, որ այդ ճանապարհը նեղ է և անձուկ (Մատթ. 7:14), սակայն միակը, որ հավիտենական կյանք է տանում: Եվ պետք չէ վախենալ այդ ճանապարհի փշոտ լինելուց, սիրելինե՛ր, քանի որ այդ ճանապարհը միայնակ չենք անցնում, այլ մեր Փրկչի հետ: Որքան էլ փորձություններով ու տառապանքով լեցուն լինի այդ ճանապարհը, որքան էլ դժվարությունների հանդիպենք, թեկուզ և կյանքի գնով անցնենք այդ ճանապարհը, պիտի հիշենք, որ պսակը Համբարձումն է: Դա այն հզոր հավատն ու հույսն է, որ ոչ ոք չի կարող խլել մեզանից:
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, երբ խորապես ընկալում ենք Համբարձման բուն էությունը, երբ թույլ ենք տալիս Աստծուն դիպչել մեր սրտերին, դադարում ենք անհանգիստ ու մոլորված լինելուց, դադարում ենք կյանքն անիմաստ վատնելուց ու երկրի երեսին մտացածին գանձեր փնտրելուց, և մեր սրտի հայացքն ուղղում ենք Երկինք: Գիտեմ՝ շատ դժվար է կտրվել առօրյա հոգսերից ու չմտածել խնդիրների մասին, քանի որ չարը քնած չէ, և ամեն նոր օր նոր փորձություններ է բերում: Սակայն պետք է չմոռանանք, սիրելինե՛ր, որ փրկության դուռն այլևս բաց է Հիսուս Քրիստոսով, իսկ առանց Երկնքի, այսինքն՝ առանց Աստծու՝ կործանումն անխուսափելի է: Պետք է թույլ տանք, որ Տիրոջ վսեմաշուք Համբարձման գիտակցությունը փոփոխություն մտցնի մեր կյանքում, ազատագրի մեզ այս աշխարհի գերության կապանքներից ու Երկնային Երանության հույսը պարգևի:
Քրիստոսի աշակերտների կյանքում էլ իրենց Վարդապետի համբարձումը մի նոր էջ բացեց: Հարությունից սկսած՝ այդ քառասուն օրերի ընթացքում Տերը բազմիցս երևաց նրանց, որպեսզի հաստատի Իր հրաշալի Հարության իսկությունը: Հարուցյալ Քրիստոս Իր ներկայությամբ մխիթարեց նրանց Իր մահվան պատճառած տրտմությունից, հաց կտրեց նրանց հետ, շարունակեց ուսուցանել Աստծու Արքայության մասին ու քաջալերել նրանց (Ղուկաս 24), սակայն ամեն օր և ամեն պահի նրանց կողքին չէր այլևս: Լրացել էին Նրա երկրային կյանքի ժամերը, և Հոր մոտ վերադառնալու ժամանակն էր: Մարդկության փրկության աստվածային ծրագիրը վերջնականապես իրագործված էր, Ճշմարիտ գիտելիքն ու կենդանի օրինակը տրված էին մարդկանց, բարի սերմերը ցանված էին, և հասել էր վերադարձի ժամանակը: Հիսուս Քրիստոս վերադառնում էր՝ աստվածային փառքի պսակներով զարդարված, քանզի Երկնային լույսը պատռել էր մարդկության մահկանացու ցեղին պատած մեղքի խավարը, աստվածային իմաստության սերմերը պատրաստ էին սփռվելու համայն աշխարհով, և դրվել էր Քրիստոսի Եկեղեցու հիմքը:
Աստծո Միածին Որդին համբարձվելով՝ վերադարձավ այնտեղ, որտեղից մի օր խոնարհվել էր անսահման հեզությամբ, որպեսզի մարդուն վեր հանի իր անկյալ վիճակից: Նա վերադարձավ Երկնքի անհունները, սակայն վայրկյան անգամ չբաժանվեց Իր սուրբ արյամբ փրկագնված որդեգիր զավակներից: Հիշո՞ւմ եք վերջին ընթրիքը: Չէ՞ որ պատահական չէր, որ Տերը պատվիրեց Իր սրբագույն մարմինն ու արյունը ճաշակել: Ուստի այս մարմինը, որ ունենք, միայն մերը չէ, այլ Սուրբ Հաղորդությամբ միավորվում է Աստվածային մարմնին: Հետևաբար Քրիստոս միայնակ չբարձրացավ Երկինք, այլ փրկագործված ողջ մարդկային ցեղն Իր հետ բարձրացրեց: Մարդեղացյալ ու մարմնացյալ Աստված համբարձվելով՝ բացեց Երկնքի Արքայության դարպասները՝ ճանապարհ հարթելով Իր հետևից եկողների համար: Ասպիսով Երկինքն ու երկիրը հավերժ կապվեցին միմյանց՝ ազդարարելով, որ Աստծուց անտեսված, լքված ու միայնակ արարածներ չենք, այլ մեզանից յուրաքանչյուրը Երկնքում կապված է Տիրոջը, և Աստծու Արքայությունը ժառանգելու հրաշալի հույս ու հնարավորություն ունի: Հովհաննեսի ավետարանը փաստում է սա, երբ կարդում ենք Տիրոջ հետևյալ խոսքերը. «....և եթե գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ ինձ մոտ, որպեսզի, ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք» (Հովհ. 14:3):
Հիսուս Քրիստոս Երկինք համբարձվեց Իր արարածների հետ կողք-կողքի ապրելուց, նրանց ցավն ու տառապանքը տեսնելուց ու զգալուց հետո: Նա Հոր մոտ բարձրացավ՝ Նրա առջև մեղավոր մարդկության համար միջնորդ դառնալու: Միջնորդելու, որ Բազումողորմ Աստված կրկին ների մեզ, քանի որ մեր մեղավոր բնությանը կուլ գնալով՝ նորից ու նորից դավաճանում ենք Աստծու սիրուն, նորից ու նորից վշտացնում ենք Նրա սիրտը: Որքան սարսափելի է գիտակցել, թե երբեմն ինչպիսի քամահրանքով ենք վերաբերվում մեր մարմիններին, այն մարմիններին, որ Տիրոջ հաստատած սուրբ խորհրդով կապված են Փրկչին, իսկ մենք տեսակ-տեսակ աղտոտ սովորություններով ու մեղքերով կործանում ենք դրանք: Մեր մարմինն առաքյալն անվանում է Սուրբ Հոգու տաճար (Ա Կորնթ. 6:19), և հետևաբար, երբ կործանում ենք մեր մարմինները, կործանում ենք նաև Աստծու տաճարը... Հետո գիտակցելով մեր սարսափելի մեղքերը՝ թողություն ենք հայցում Աստծուց, սակայն կրկին կուրանում ենք աշխարհի առաջարկած վայելքներից և նորից ընկնում:
Արդ, սիրելի՛ հավատացյալներ, մաղթում եմ, որ այս հրաշալի տոնը ի սրտե զղջալու, Տիրոջը դառնալու և մեր կյանքն Աստծու ցույց տված փրկության ճանապարհով ուղղելու պատրվակ լինի: Այսօրվա տոնի խորհուրդն այնպես օգտագործենք, այնպես հոգ տանենք մեր հոգևոր մարմնի առողջության ու մաքրության մասին, որ այն չվնասի մեր ֆիզիկական մարմինը: Շարունակենք ամուր մնալ հավատքի մեջ, բարին գործենք՝ ի փառս Աստծու, չդադարենք աղոթել ու Սուրբ Հաղորդության միջոցով պահպանենք մեր Փրկչի հետ միության կապը: Եվ այդժամ Երկնային Հորը ցույց կտանք, որ Նրա մեծագույն սիրո ապացույցը՝ Միածին Որդու անգին զոհաբերությունը զուր չէր, և ընտրել ենք ոչ թե անդունդ տանող ճանապարհը, այլ սրտներումս ունենալով Տիրոջ համբարձման պատկերը՝ ընթանում ենք՝ Երկինք նայելով:
Մաղթում եմ ամենքիս, սիրելինե՛ր, որ ոչ ոք և ոչինչ այս աշխարհում չշեղի մեզ մեր համբարձված Տիրոջ ցույց տված փրկության ճանապարհից և արժանանք Նրա փրկագործ սիրուն, ողորմածությանն ու շնորհներին, Որին վայել է փառք և իշխանություն, այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան