Համբարձում

Համբարձում | Hambardzum

Աստվածապաշտ սիրելի՛ հավատացյալներ,

Շնորհավորում եմ բոլոր ներկաներիդ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի համբարձման փառաշուք տոնի կապակցությամբ։ Պահոց քառասուն օրերի խստությունից հետո քառասուն օր էլ ապրեցինք Սուրբ Հարության տոնի պարգևած ուրախությունը և հասանք Տիրոջ համբարձման խորախորհուրդ տոնին։ Աստվածաբանական տեսանկյունից այս տոնը շատ մեծ ու կարևորագույն խորհուրդ ունի մարդու համար, քանի որ լրումն է նրա փրկության աստվածային ծրագրի և ուղիղ մատնանշումը մարդու կոչման՝ միավորում Արարչին և աստվածնմանություն։

Հատկանշական է, որ Քրիստոսի ծննդյան, երկիր գալու մասին մոգերն իմացան երկինք նայելով․ այսպես սկսվեց Աստվածորդու երկրային կյանքի պատմությունը։ Եվ այդ պատմության վերջավորությունն էլ կրկին դեպի երկինք ուղղեց այս անգամ արդեն առաքյալների հայացքները՝ «մինչ նրանք դեռ նայում էին, երկինք վերացավ, և ամպը նրան ծածկեց նրանց աչքերից» (Գործք 1։9): Աստծու փառքը խորհրդանշող ամպը, ծածկելով Քրիստոսի մարդկային մարմինը, և Աստծու գահը խորհրդանշող երկինքը, որն իր գիրկն ընդունեց Նրան, բոլոր խոսքերից առավել վկայեցին այն փառքի մասին, որին մարդն արժանացավ այդ սուրբ խորհրդի միջոցով։ Խաչյալ ու Հարուցյալ Քրիստոս Իր համբարձմամբ բացեց դրախտի դարպասները մարդու առջև և ցույց տվեց նրան այն իսկական հայրենիքը, հայրական տունը, որը սպասում է Համբարձյալ Քրիստոսի հետևից գնացող յուրաքանչյուր հոգու։ «Քրիստոս ոչ թե ճշմարտության օրինակ եղող ձեռակերտ սրբարանը մտավ, այլ՝ բուն իսկ երկինքը, որպեսզի մեզ համար ներկայանա Աստծու առաջ»,- ասում է սուրբ Պողոս առաքյալը (Եբր․ 9։24), և մենք էլ բոլոր քրիստոնյաների հետ միասին համբարձման պահից սկսած սպասում ենք մեր սիրելի Տիրոջ խոստմանը՝ «Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան.․․ և եթե գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ ինձ մոտ, որպեսզի, ուր ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք» (Հովհ․ 14։2, 3): 

Այո, բոլոր ճշմարիտ քրիստոնյաները իսկապես սպասում են Նրա Երկրորդ գալուստին, Նրա խոստման իրականացմանը, սակայն հարցն այն է, թե ինչպես են սպասում, ուր նայելով․․․ Այսօրվա ընթերցվածքներում մի ուշագրավ պատմություն կա մեծահարուստ մի երիտասարդի մասին, որը վազելով, ծնկի է իջնում Վարդապետի առջև ու հարցնում, թե ինչ պետք է անի, որպեսզի ժառանգի հավիտենական կյանքը (տե՛ս Մրկ․ 10։17-27)։ Քրիստոս ասում է՝ պատվիրանները գիտես, գնա՛, կատարի՛ր։ Երիտասարդն էլ պատասխանում է, թե բոլոր պատվիրանները պահում է մանկուց և այժմ իրեն հուզում է, թե ինչն է պակաս թողել։ Եվ ավետարանիչը նշում է, որ Քրիստոս այդ պահին սիրով նայեց նրան։ Տիրոջ այդ մեկ հայացքի հիշատակումը անկեղծորեն շատ է հուզում ինձ, սիրելի՛ հավատացյալներ, և մղում հասկանալու պատճառը։ Իսկ պատճառն այդ հարուստ երիտասարդի անկեղծությունն էր ու բարեսրտությունը, որոնց շնորհիվ, ի տարբերություն փարիսեցիների ու օրենսգետների, նա կարողացել էր գեթ ինչ-որ չափով պահպանել հոգևոր տեսողությունն ու զգալ, որ չնայած արտաքուստ թվացյալ արդարությանն ու բարեկեցությանը, իր կյանքը լիովին իմաստավորված չէր, կարևոր մի բան թերի էր, պակաս էր մնացել։ Բանն այն է, որ ըստ սուրբգրային մեկնիչների՝ հրեաները համարում էին, որ հարստությունը Աստծուց տրված պարգև է՝ մարդու արդար, օրինապահ կյանքի դիմաց, հետևաբար, ըստ այն օրերի գիտակցության՝ այս երիտասարդը արդար ու աստվածահաճո մեկն էր, ուստի և Քրիստոսի քարոզած ապաշխարության կարիքը չուներ։ Այո, այս երիտասարդը, իր խոսքի համաձայն, մանկուց պահում էր Աստծու պատվիրանները՝ չէր գողանում, չէր սպանում, չէր շնանում, պատվում էր ծնողներին և այլն, սակայն նրա կյանքը դրանով չէր իմաստավորվում, կատարյալ չէր, քանի որ այդ բոլոր պատվիրանները չէին պսակվում առ Աստված և առ մերձավոր ինքնազոհության մղող սիրո պատվիրանով։ Եվ անձնազոհ սիրո մեծագույն օրինակ Քրիստոսով, Որը «Ճշմարտությունն է, Ճանապարհը և Կյանքը» (Հովհ․14։6), ուստի և Նրանով է միայն կատարելապես իմաստավորվում մարդու գոյությունը։ Բանն այն է, սիրելինե՛ր, որ երբ Քրիստոս ասում էր՝ ապաշխարեցեք, քանի որ Երկնքի Արքայությունը մոտեցել է, Նա նկատի ուներ, որ Երկինքն արդեն իսկ Իր հետ, Իր միջոցով իջել է երկիր և հենց այսօր, այստեղ է պետք սկսել ապրել Երկնային Արքայության մեջ, որպեսզի մահվանից հետո էլ շարունակվի այդ վիճակը։ «Երկինք համբարձվեց Նա, Ով երկինքն ամփոփում էր Իր մեջ։ Իսկ նա, որ իր մեջ կրում է դժոխքը, դժոխք էլ ընկնելու է»,- ասում են եկեղեցական հայրերը։ Հենց այս է պատճառը, որ Քրիստոս փորձեց այդ երիտասարդի ուշադրությունը կտրել հողից, իր ունեցվածքից, որին կապված էր ու որով ապրում էր նրա սիրտը, և ուղղել այն դեպի Երկինք՝ «եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր, ինչ որ ունես, ու աղքատների՛ն տուր և երկնքում գանձեր կունենաս. և վերցրո՛ւ խաչդ և արի՛ իմ հետևից»: Այսինքն՝ ազատագրվի՛ր քեզ գերող կապվածություններից, ո՜վ մարդ արարած, որպեսզի դրանք չդառնան ինքնանպատակ։ Ազատվի՛ր այն ամենից, ինչը խանգարում է քեզ ընդունել Քրիստոսի հրավերն ու հետևել Նրան։ Ոչ թե դու ծառայիր դրանց՝ անվերջ դողալով դրանք չկորցնելու համար, ժամանակդ, ուժերդ դրանց ավելացմանը ծառայեցնելով, այլ թող դրանք ծառայեն քեզ, և ընդամենը միջոց, գործիք լինեն Աստծու սուրբ կամքը պատվիրանների միջոցով կատարելու և առ Աստված ու մերձավոր սիրուն ծառայելու համար։

Որն էլ որ լինի ձեր հարստությունը՝ փող, գիտություն, արվեստ, այլևայլ ունեցվածք ու շնորհներ, ծառայեցրեք դրանց Աստծու փառքին ու մերձավորի սիրուն, սիրելի՛ հավատացյալներ, և այնժամ միայն այս պատմության երիտասարդի պես տրտմած չեք հեռանա Քրիստոսից և չեք կորցնի երկնային փառապանծ Արքայի կենդարար ներկայությունն արդեն այստեղ ապրելու երանությունը։ Միայն այդ դեպքում «ողջ տիեզերքը լցրած» Համբարձյալ Քրիստոսին (հմմտ․ Եփես․ 4։10) իր գիրկն առած Երկինքը կհաստատվի ձեր հոգում ևս և կպարգևի այն անստվեր ուրախությունը, որը լցրեց առաքյալների սրտերն ու նրանց հավատարիմ ուղեկիցը եղավ մինչ ի մահ։

Քրիստոս՝ Աստված մեր կատարելապես իրագործեց Իր առջև դրված փրկագործության ծրագիրը՝ մարդու համար անհնարինը հնարավոր դարձնելով Իր միջոցով և այժմ միմիայն մեր հավատից ու մեր կամքից է կախված դեպի հավիտենություն մեր ուղղությունը։ Մարդու փրկությունը, հավիտենական կյանքը ժառանգելը Աստծու ողորմության տիրապետության ներքո է, սակայն հավիտենական կյանքի ճանապարհը կերտվում է պատվիրանները կատարելով, և Ամենակալը փրկում է նրան, ով անշեղորեն ընթանում է այդ փրկարար ճանապարհով։ Հայրերը նշում են, որ Մատթեոս ավետարանիչը, որը մաքսավոր Ղևին էր մինչ կանչվելը (Մրկ․ 2։14), դյուրությամբ հրաժարվեց իր նախկին կապվածություններից ու հետևեց Քրիստոսի ձայնին, քանի որ իրեն մեղավոր մարդ էր համարում, իսկ մեր պատմության երիտասարդը չկարողացավ զոհաբերել իր ունեցածը հանուն Մարդացյալ Աստծուն հետևելու, քանի որ իրեն համարում էր արդար ու արժանի այն ամենին, ինչ ուներ։ Սա շատ կարևոր նրբություն է, սիրելինե՛ր, որին հարկ է պատշաճ ուշադրություն դարձնել և հաշվի առնել ամեն անգամ ընտրության առջև կանգնելիս։

Հարկ է, որ պարբերաբար հարց տանք մեզ՝ ո՞րն է ու որտե՞ղ է մեր հարստությունը, մեր սիրտը ինչի՞ է ձգտում, դեպի ո՞ւր է ուղղված մեր հոգևոր հայացքը, արդյո՞ք Համբարձյալ Փրկչին իր գիրկն առած Երկինքը արտացոլվում է մեր ներսում։ Գևորգ եպս․ Չորեքչյանը գրում է․ «Մենք կարոտում ենք մի այնպիսի երկնքի, ուր ապրում է Հիսուս, որ սովորեցրեց մեզ, թե ո՛րն է ճշմարիտ երկինքը, որ մեզ համար երկինքը պահանջ դարձրեց, առանց որի ապրել դժվարանում ենք։ Նա՛ դարձրեց երկինքը լույսի և սիրո աղբյուր, որ հորդառատ թափվում է մեր կյանքի մեջ, Նրանով ճանաչեցինք, թե երկինքն է մեր խաղաղության և երջանկության աղբյուրը և մեր հույսերի ապավենը՝ և՛ կյանքի ընթացքում, և՛ մահու ժամին»։ Այս խոսքերը թող ձև ու շունչ ստանան ձեր կյանքում, սիրելի՛ հավատացյալներ, որպեսզի Երկնքի կարոտը, ձեր Փրկչի կարոտը լինի ձեր խորհրդատուն և ուղղորդողը ձեր քայլերի։ Թող հավատը, հույսն ու սերը վառ մնան ձեր հոգում կյանքի բոլոր պարագաներում՝ միշտ հիշեցնելով, որ «Քրիստոսի համբարձման ժամանակ հրեշտակների գնդերը խմբերով երգեցին «Վե՛ր բարձրացրեք, իշխաննե՛ր, դռները ձեր, թող բացվեն հավիտենական դռները, և փառքի արքան թող ներս մտնի» (Սղմ.  23:8) գեղեցիկ երգը: [Եվ] նրանք հիմա էլ, այն օրից մինչ այժմ, ամեն մի հավատացյալի ընդունելու համար երգում և ձայնում են երկնքի հավիտենական դռների մոտ»: Եվ որ «մարդը երկրի համար չէ ստեղծված, որ նրա վախճանը վիշտ ու տառապանքը չէ, այլ, որ ստեղծված է երկնքի համար և նպատակը երկնային փառքն է: Մենք՝ մեղքերի մեջ ստորացած, պղծված ապականվածներս, Հիսուսով կարող ենք բարձրանալ և Նրանով սրբանալ և փառավորվել» (Ղևոնդ վրդ․ Դուրյան). ամեն։

 

Տեր Գրիգոր քհն․ Գրիգորյան

 

26.05.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․