23 Դեկտեմբեր, Բշ
Մարտի 29-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում Ծաղկազարդի տոնական ս. պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ: Ս.Պատարագին մասնակցում էին նաև Արմենիա ՀԸ «Ամենախելացի» նախագծի պատանիները՝ հաղորդման կազմակերպիչների ու հաղորդավար Նազենի Հովհանննիսյանի հետ: Նրանց մի մասն առաջին անգամ էր ներկա ս. պատարագին: Ավարտին Սրբազան հայրն օրհնեց երեխաներին, ապա առաջնորդարանի դահլիճում զրուցեց ու պատասխանեց «ամենախելացիների» հարցերին: Վերջիններս այնքան էին ոգևորված, որ իրար հերթ չէին տալիս հարցերի անվերջ շարանում: Նրանց գիտելիքի պաշարն ու տրամաբանությունը տպավորիչ էր, հարցերն ու հետաքրքրությունները՝ խորն ու ծավալուն: Հանդիպման ավարտին Սրբազան հայրը նրանց օրհնած խաչեր, Ավերատան, ս. Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթագիրք ու գրենական պիտույքներ նվիրեց: Օրհնեց ու մաղթեց, որ երբեք չկորցնեն իրենց սրտի մաքրությունը, հավատարիմ մնան իրենց հայրենիքին ու հայրենի ժառանգությանը: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին