21 Դեկտեմբեր, Շբ
Հավատքի զգացումը
Մեր օրերում կան մարդիկ, որ իրենց կոչում են աթեիստներ, այսինքն` պնդում են, թե չեն հավատում Աստծուն: Նման պնդումը շատ զարմանալի է հավատացյալների համար: Միևնույն ժամանակ, ընդհակառակը, հավատացյալների պնդումն է զարմանալի անհավատների համար: Վերջիններս ասում են, որ տրամաբանությամբ և շատ այլ փաստարկներով կարելի է ցույց տալ, թե ավելի խելացի է Աստծուն չհավատալը: Մինչդեռ հավատք ունեցողների համար տարբեր տրամաբանական մտածողությունները բացարձակորեն էական չեն, քանի որ հավատքը բացի գիտելիքից նաև զգացում է, որ մարդը զգում է իր սրտի մեջ և անհավատին հանդիպելով` զարմանում է, թե ինչպես կարելի է ողջ լինել և նման զգացում չունենալ: Ոմանք ասում են, որ անհավատները զուրկ են հավատի այդ կարևոր զգայարանից, ինչպես որ կույրը զուրկ է տեսողական զգայարանից և զարմանում է, երբ որևէ մեկը խոսում է լույսի մասին կամ հիանում է գույների երփներանգությամբ: Այնպես որ բացի մտքին առնչվելուց հավատքը նաև ջերմ զգացում է, որը մարդիկ ավել կամ պակաս չափով զգում են իրենց սրտերի մեջ, և նույնիսկ գրող աթեիստների մեծածավալ աշխատությունները չեն կարող այդ զգացումն արմատախիլ անել հավատացյալ քրիստոնյայի սրտից, ինչպես որ հալածանքները չկարողացան նահատակներին ստիպել ուրանալու Քրիստոսին: Եկեղեցական հեղինակներից մեկն ասում է, որ միայն զղջումը կարող է ստիպել քարացած սրտին ջերմանալու և իր ջերմությունը նաև մտքին փոխանցելու: Հպարտությունը կամ սեփական ներքին չափազանցված ինքնարժեքության լուրջ զգացումը փակված պատուհանի պես խանգարում են աստվածային լույսը տեսնելուն: Եվ Ավետարանում այս մասին է ասվում. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5.8):
Անաստվածության վնասները
Օգտակար չէ հետևել քրիստոնեությունը քննադատող մարդկանց, որովհետև մարդն իր կյանքում միշտ էլ տուժում է անաստվածությունից: Սրա վերաբերյալ քրիստոնեական մեծ գրողներից մեկը հիանալի մտորումներ ունի: Հավատալը օգնում է թշվառներին, որովհետև թշվառությունից ազատվելու կամ հանդերձյալ կյանքի հույսը թեթևացնում է նրանց կյանքը: Երջանիկ մարդը ևս ոչ մի շահ չունի անհավատ լինելու մեջ: Նրա համար անչափ քաղցր է մտածել, թե իր օրերը կշարունակվեն նաև մահվանից հետո: Ինչպիսի հուսահատությամբ նա կբաժանվեր այս աշխարհից, եթե հավատար, թե ընդմիշտ բաժանվում է իր երջանկությունից: Անաստվածությունը ոչ մի տեսակետից պիտանի չէ նաև պատերազմի ժամանակ, որովհետև ռազմի դաշտում անհավատը շատ ավելի է հակված վախկոտության և նահանջի, քան հավատացյալ զինվորը: Կրոնը դատողություններ է անում` հիմնվելով երկնային կարգավորության, տիեզերքի օրենքների վրա: Նա տեսնում է բնության ներդաշնակությունը, կենդանիների սքանչելի բնազդները և դրանց համապատասխանությունը մարդու հետ: Անաստվածությունը, սակայն, ձեզ տալիս է միայն շփոթեցնող բացատրություններ, բնության մեջ նա տեսնում է անկարգություններ, հրաբուխներ, վնասակար անասուններ, դիմում է սողուններին և միջատներին, որպեսզի Աստծո դեմ ապացույցներ հայթայթի իր համար:
Այսօր շատ գիտնականներ ապացուցելու համար, որ մարդուն Արարիչը չի ստեղծել, երկար տարիներ շարունակ հնադարյան կապկանման մարդու կմախքներ են որոնում` իրենց կարծիքները հաստատելու համար: Եվ որքան զավեշտալի է այս իրողությունը. բազմաթիվ մարդիկ Աստծուն փնտրելու փոխարեն կապիկ են փնտրում: Կրոնը խոսում է միայն մարդու մեծության և գեղեցկության մասին: Կրոնն իր փաստարկները վերցնում է հոգու զգայությունից, կյանքի ամենաքաղցր զգացումներից` որդիական հարգանքից, ամուսնական սիրուց, մայրական գորովից, մինչդեռ անաստվածությունը ամեն ինչ վերածում է անասնական բնազդի: Այդ է պատճառը, որ երկնայինի վերաբերյալ ստեղծագործությունները արմատապես տարբերվում են երկրայինով տարված մարդկանց ստեղծագործություններից: Այսպիսին են նաև նկարները: Այն նկարները, որոնք թեև պատկերում են սրբերին, բայց միևնույն ժամանակ մեծ նպատակ ունեն ցույց տալու մարդկային մարմնի գեղեցկությունը մեզ բոլորիս զարմացնում են իրենց հիացնող ոճով, բայց չեն հուզում, ինչպես մանրանկարները կամ սրբանկարները, որոնք աղոթքի ժամին առանց մեր ուշադրությունը շեղելու մեր մտքերը միանգամից բարձրացնում են դեպի հոգևորը:
Անհավատի կրոնը
Ճիշտ է այն դիտարկումը, որ քրիստոնեական կրոնը մխիթարում է մեզ, վստահեցնում, որ մեր ցավերը, դժվարություններն ու զրկանքները վերջ պիտի ունենան, սրբում է մեր արցունքները և մեզ խոստանում մի այլ երանելի կյանք: Այս առումով շատ դժվար է անհավատների` աթեիստների համար: Անաստվածությունը ևս ինչ-որ իմաստով կարելի է յուրահատուկ կրոն կոչել, և քրիստոնեական գրողներից Շատոբրիանն ասում է, որ անաստվածի կրոնի մեջ մարդկային վշտերը խունկ են ծխում. մահը զոհարանն է, դագաղը` զոհասեղանը և անէությունը` նրա աստվածը:
Հավատալ հասկանալու համար
Դարավոր փորձառությունն ապացուցել է, որ երջանկությունն այս աշխարհից չէ, որովհետև ամեն բարիք և վայելք իրենց վախճանն ունեն: Եվ մարդկային իմաստությունը սրա դեմ ոչ մի դարման ցույց չի տալիս: Միայն կրոնն է մարդուն խոստանում և երաշխավորում այնպիսի ապագա, որը վարձատրում է ներկա թշվառությունները: Մեզ բոլորիս երբեմն զարմանալի է թվում սրբերի պատրաստակամությունը մահվան գնալու: Սակայն սրբերը մեծագույն հավատքով գիտեին, որ իրենք ոչ թե մահվան էին գնում, այլ մահվան միջոցով գնում էին հավիտենական երջանկության: Մենք բոլորս էլ վաղ թե ուշ մեռնելու ենք, և այս մասին միտքը երբեմն վախեցնում է մեզ: Սակայն, ինչպես ասում է մեծ մտածողը, Աստված այս կյանքի սահմանից այն կողմ դրել է մի կախարդանք, որը քաշում, հրապուրում է մեզ, որպեսզի պակասեցնի մեր սարսափը գերեզմանից: Նույնպես երբ մի մայր ուզում է իր երեխային անցկացնել մի արգելքի վրայից, նա մյուս կողմից նրան մեկնում է գրավիչ մի առարկա, որպեսզի ստիպի համարձակ անցնելու այդ արգելքը: Երբեմն կրոնի կամ Աստծո գործունեության մեջ մեզ համար շատ բաներ անհասկանալի են, սակայն հետևյալ հիանալի խոսքերը բացատրում են շատերիս անհասկացողության պատճառը. «Տեր իմ, ես չեմ փորձում թափանցել Քո վեհության մեջ, քանզի իմ հասկացողությունն այդչափ բարձր չէ: Սակայն փափագում եմ որոշ չափով հասկանալ Քո ճշմարտությունը, որին հավատում եմ և որը սիրում է սիրտս: Որովհետև ես չեմ ջանում հասկանալ` հավատալու համար, սակայն հավատում եմ, որպեսզի կարողանամ հասկանալ: Որովհետև հավատում եմ նաև այն բանին, որ մինչև չհավատամ, չեմ հասկանա»:
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից