ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ԵՒ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՒ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վերջին շաբաթներին հանրության կողմից լայնորեն քննարկվում են Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարին ստորագրած «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի նպատակները, հիմնադրույթներն ու բանաձևումները, ինչպես նաև՝ դրա հետագա վավերացման նպատակահարմարությունը:

Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում և իրավական փաստաթուղթ` կոչված բացառելու բռնությունը ընտանիքում և սոցիալական այլ միջավայրում: Բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է: Անկախ գոյություն ունեցող արարչաստեղծ կենսաբանական տարբերություններից՝ բոլոր մարդիկ գտնվում են Աստծո անփոփոխ խնամքի ներքո, ինչպես վկայված է Հովհաննես առաքյալի ընդհանրական առաջին նամակում. «Տեսե՛ք ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծու զավակներ» (Ա Հովհ. 3.1):

Բռնության, ինչպես և ցանկացած չարիքի կանխարգելումը և դրա դեմ պայքարը պետք է իրագործվի այնպիսի միջոցառումներով, որոնք պատճառ չեն հանդիսանա նոր մեղքի ու նոր չարիքի: Այս առումով խիստ մտահոգիչ ու անընդունելի են կոնվենցիայում առկա որոշ գաղափարներ ու հասկացություններ:

Եկեղեցու բարոյագիտական ուսուցումների հետ անհամատեղելի են այն բանաձևումները և դրանց մեկնաբանությունները, որոնք կենսաբանական երկու սեռից զատ սահմանում են սեռի այլ տարբերակումներ (Կոնվենցիա, 4-րդ հոդվածի 3-րդ մաս, Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի բացատրական զեկույց, Ստամբուլ, 11.05.2011, հոդված 4, կետ 53, հոդված 60, կետ 313): Հիշյալ սահմանումները, փաստորեն, ճանաչում են անձի՝ անգամ սեփական «սեռը ընտրելու ազատության» իրավունքը: Մարդու իրավունքների և ազատությունների քրիստոնեական ուղղափառ ընկալումը բացառում է մարդու աստվածաստեղծ ինքնության աղճատումը կամ փոփոխությունը:

Հաշվի առնելով «սեռն ընտրելու ազատության» կոնվենցիայի ենթատեքստը՝ լուրջ տարակուսանքների և մեկնաբանությունների տեղիք է տալիս նաև կոնվենցիայի պահանջը մասնակից պետություններից՝ արմատախիլ անելու այն ավանդույթները, որոնք հիմնված են «կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»` «կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական և մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով» (Կոնվենցիա, 12-րդ հոդվածի 1-ին մաս):

Կոնվենցիան մասնավոր հրահանգ է պարունակում նաև, որպեսզի «պաշտոնական ուսումնական ծրագրերում և կրթական բոլոր մակարդակներում» ներդրվեն ուսումնական նյութեր՝ առնչված նաև «կարծրատիպերից զերծ գենդերային դերերի» գաղափարին (հոդված 14), առանց հստակեցնելու ուսուցման համար տվյալ եզրաբանության բովանդակությունը:

Սեռի նկատմամբ կոնվենցիայի մոտեցումները հակադրության մեջ են նաև ընտանիքի վերաբերյալ Եկեղեցու անփոփոխ վարդապետության հետ, որի վրա խարսխված է ընտանիքի ազգային մեր ընկալումը: Եկեղեցու ուսմունքի համաձայն՝ ընտանիք կարող են կազմել այրը և կինը, որոնք սուրբ պսակով նվիրագործված ամուսնությամբ դառնում են մեկ մարմին և մեկ ամբողջություն, ինչպես ավանդում է Սուրբ Գիրքը (Ծննդ. 2.24, Մարկ. 10.7-8, Եփես. 5.31): Մեր ժողովուրդը մշտապես մեծարել է կնոջը Սուրբ Աստվածամոր օրինակով, գնահատել նրա դերն ու առաքելությունը ընտանիքում, հասարակական և ազգային կյանքում: Տղամարդու և կնոջ միությամբ ընտանիքը, հաստատված սիրո, փոխադարձ հարգանքի ու հասկացողության վրա, հիմնական երաշխիքներից է ազգի հարատևության, անհատի դաստիարակության ու հոգևոր աճի և պետության պատասխանատու քաղաքացու ձևավորման համար: Հետևաբար, ընտանիքում բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումները պետք է ելակետ ունենան ընտանիքի սրբության ու նվիրականության բնույթն ու արժեքը:

Արդ, նկատի առնելով, որ ազգային-հոգևոր մեր ինքնության և անվտանգության շահերի տեսանկյունից կոնվենցիայում առկա են խիստ մտահոգիչ դրույթներ ու հասկացություններ` հորդորում ենք հայրենի իշխանության պատասխանատու մարմիններին զերծ մնալ փաստաթղթի վավերացումից:

Հայրենի պետության զորացման և աշխարհասփյուռ մեր ժողովրդի լուսավոր գալիքի կառուցմանն ի նպաստ կարևորում ենք ընտանիքում և հայրենի կրթական համակարգում հոգևոր, բարոյական և ազգային արժեքներով նոր սերնդի դաստիարակությունն ու կրթությունը, ինչպես նաև այս նպատակով զանգվածային լրատվամիջոցների պատասխանատու գործունեության արդյունավորումը:

Եկեղեցին հովվական իր առաքելությամբ շարունակելու է հոգևոր խնամք ու աջակցություն ցուցաբերել հայ ընտանիքներին` հաղթահարելու ներընտանեկան կյանքի խոչընդոտները և զորանալու ընտանիքի սրբության աստվածապարգև շնորհով:

Մեր աղոթքն է, որ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս Իր հանապազ խնամքի ներքո պահի մեր ժողովրդին, ամուր և հարատև սիրով ջերմացնի ընտանիքները և շինություն պարգևի հայրենի մեր պետությանը, արդյունավորի հանուն մեր հայրենիքի ու ժողովրդի առաջընթաց կյանքի ներդրված բոլոր ջանքերը:

26.07.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․