25 Նոյեմբեր, Բշ
Չափազանց պատվական մի ծեր` այր տեսանող, բնակվում էր Հայոց աշխարհում գտնվող լեռան ստորոտում, որ կոչվում է Մասիս, այն տեղում, ուր սուրբ Հակոբի աղբյուրն է: Այնտեղ եկավ մի իշխան և աղաչում էր նրան բժշկել իրեն, քանզի բազմամեղ մարդ էր և սատանայի կամակատար: Երբ պատմեց իր գործերը, ծերը զարմացավ և վեր կենալով ծնրադրեց արտասվաթոր աչքերով ու ասաց. «Օրհնյա՛լ ես դու, Քրիստո՛ս, որ մեռար մեզ համար. անչափ է ողորմությունը Քո և անբավ է առատ մարդասիրությունը Քո, որ սատանայից գերվածներին ազատում ես և ընդունում»: Այսպես գոհություն էր մատուցում Աստծուն: Եվ իշխանին ասաց. «Ուրա՛խ եղիր, որդյա՛կ, քանզի խոստովանությանդ միջոցով մաքրվեցիր բազում չարագործություններիցդ: Արդ, եթե կամենում ես սիրելի լինել Քրիստոսին, փոքրինչ տանջի՛ր մարմինդ, որպեսզի մոռացվեն չարագործություններդ»: Իշխանն ասաց. «Թեկուզ և հրի մեջ այրվեմ, թող Իր հավատացյալների մեջ ընդունի ինձ»: Ծերն ասաց. «Ես Աստծո ողորմության երաշխավորն եմ, որ քեզ բարեգործ քրիստոնյաների հետ ընդունի: Արդ օրհնյալ լինես դու Աստծուց, որ մեծ ավետիսով լցրիր իմ սիրտը, քանի որ լալով խոստովանեցիր բովանդակ չարիքներդ և ամոթով թողեցիր սատանային. նաև երկնավորներն ուրախացան քո փրկության համար»: Իշխանն ասաց. «Քանի որ արժանի եղա տեսնելու Քրիստոսի պատկերդ և բժշկություն գտնելու անբուժելի ցավերիս, ինչ էլ հրամայես` կկատարեմ»: Ծերը հարցրեց. «Ի՞նչ ես կամենում»: Իշխանն ասաց. «Անքանակ գանձեր ունեմ, կշինեմ վանքեր, կտամ աղքատներին և քրիստոնյաներին կազատեմ այլադավաններից»: Ծերն ասաց. «Այդ գանձը չարից է կուտակված. եթե բաշխես՝ այդ չարիքը կմաքրես. քո ժամանակը հասել է, քանզի քեզ տեսնում եմ սպիտակահեր: Քո մնացած օրերը տո՛ւր Աստծուն և Երկնավոր Թագավորի իշխա՛նը եղիր»: Իշխանն ասաց. «Ինչպես կամենում ես. ինձ մոտ վանքեր կան, կգնամ կճգնեմ»: Ծերն ասաց. «Ամեն վանք չէ, որ ապաշխարության վայր է, որովհետև` ովքեր միաբաններ չեն` աշխարհականներ են, քանզի Աստծո գործի համար չէ, որ եկել են, այլ դու գնա՛ միաբանների մեջ, քանի որ մեղքերի բազմությունը հնազանդության մեջ հեշտությամբ է ջնջվում: Գնա՛ դու Սուկավ կամ Սուրբ Ոսկի, Երաշխավորների կամ Մաքենացիների մոտ»: Իշխանն ասաց. «Մնամ այստեղ` քեզ մոտ, և ճգնությամբ անցկացնեմ իմ օրերը»: Ծերն ասաց. «Միաբանների մոտ հեշտությամբ կազատվես»: Իշխանն ասաց. «Եթե շուտ վախճանվեմ, Աստծուց ողորմություն կգտնե՞մ»: Ծերն ասաց. «Եթե թողնես քո կամքը և միաբանների մեջ հնազանդվես ու մնաս նրանց հետ քառասուն օր` ավել կամ պակաս, և վախճանվես, ես մեծ փառք եմ երաշխավորում քեզ` Քրիստոսից: Իսկ եթե չթողնես քո կամքը, թեկուզ և հարյուր տարի խոտերով սնվես` հնազանդության փառքը չես կարող ստանալ»: Եվ ծերը պարեգոտ հագցրեց նրան և ասաց. «Գնա՛ Մաքենացիների մոտ»: Եվ իշխանը բաշխեց իր գանձերը կարոտյալներին ու գնաց Մաքենացիների մոտ, մնաց նրանց մոտ երկու տարի և մեծաջան առաքինությամբ վախճանվեց: Ծերը երբ լսեց, աղաչեց Աստծուն հայտնել իրեն, թե այդպիսի չարիքներով լցված անձը ինչոր օգուտ քաղե՞ց ապաշխարությունից: Հրեշտակն ասաց. «Չարիքներից ազատվեց և մեծ փառքի արժանացավ. այժմ ուրա՛խ եղիր, քանզի քո վաստակն ու ջանքն է, որովհետև Քրիստոսի բարերարությունը ցուցաբերեցիր գերյալի հանդեպ: Արդ, պատրա՛ստ եղիր, որովհետև մի քանի օր հետո քեզ ընդառաջ կգան սուրբ հայրերը և կտանեն քեզ Երկնային Հարսանիք, և բոլոր սրբերի հետ կփառավորվես լուսեղեն օթևաններում, որ պատրաստեց իրեն սիրողների համար մեր Քրիստոս Աստված, Ով օրհնյալ է հավիտյանս հավիտենից. ամեն:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016