23 Նոյեմբեր, Շբ
1. Սուրբ հայրապետ Փիլիպպոսի կաթողիկոսությունը օրավուր զորանում ու հաստատվում էր, որովհետև Տերը նրա հետ էր, քանզի վարքով խիստ ճգնող, պահք պահող, մտքով սրբախորհուրդ, աղոթքներում՝ անձանձիր, խոսակցությունն աստվածային էր. ինչ-որ Աստծուց խնդրում էր, Աստված ամենը անթերի պարգևում էր: Մեր աչքերով հենց տեսանք, որ բազում դիվահարներ նրա աղոթքներով ազատվեցին, հիվանդներ, պես-պես ցավագարներ, անդամալույծներ առողջացան, ամուլ կանայք նրա աղոթքներով զավակներ ծնեցին:
Մինչ միաբաններ էինք մեծ միաբանությամբ բնակված Սուրբ Էջմիածնում, Փիլիպպոս կաթողիկոսի ժամանակ, պատահեց, որ միաբաններից մեկն այսահարվեց: Չարն այնքան ուժեղացավ, որ մինչև անգամ նրան առած՝ տանում էր շինությունից դուրս՝ դաշտ, հանդեր, այստեղ-այնտեղ մարդկանցից հեռու շրջել էր տալիս, որին միշտ բռնում, բերում էին վանք. ապա նրա ոտքերը երկաթյա ոտնակապեր դրի,ն և այդպես պահելով ամեն օր քահանաներն Ավետարան էին կարդում. և երկարեց այսպես մինչև հիսուն օր: Ապա մի օր, որ կիրակի էր, Փրկական խորհրդի Սուրբ Պատարագը մատուցելուց հետո, երբ ժողովուրդը եկեղեցուց դուրս գալով գնաց, Փիլիպպոս հայրապետը հրամայեց՝ այսակիր միաբանին եկեղեցի բերել, որպեսզի պատարագիչ քահանան ատյանի մեջ սրբության զգեստով նրա վրա Ավետարան կարդա: Տեր Փիլիպպոսն այս ասաց և ինքը ելավ, գնաց տուն, որովհետև անհրաժեշտ գործ ուներ, պատվավոր ինչոր մարդիկ նրան հյուր էին եկել: Գնաց նրանց մոտ, սեղան բացեց նրանց առջև և մի քիչ մնաց նրանց հետ՝ նրանց սիրտը շահելու համար, ապա թողեց նրանց հացկերույթի սեղանին, ինքը վերադարձավ եկեղեցի. եկեղեցու արևմտյան դռնից հանդարտ մտնելով, խաղաղորեն եկավ ատյանի մոտ և այնտեղ ընկավ իր ծնկների վրա՝ իր դեմքը պահելով սուրբ սեղանի հանդեպ: Մի գուբղայի չափով սաղմոսի սրտառուչ պաղատանքով և հորդ արտասուքով աղոթեց: Այդ ժամանակ այսակիր մարդը կամենում էր ազատվել, փախչել բռնողների ձեռքից: Եվ երբ չկարողացավ ազատվել, ուժգին բարձրաձայն գոչումով աղաղակեց, ընկավ գետին, փսխեց և դարձավ ինչպես մեռել: Այնուհետև տեր Փիլիպպոսը դադարեց աղոթելուց և մոտականերին հրամայեց վերցնել նրան և տուն տանել: Եկեղեցու սպասավորները մոտեցան, սրբեցին փսխած տեղը: Այդ օրից և հետագայում Քրիստոսի շնորհներով և Աստծո մարդ տեր Փիլիպպոսի աղոթքներով այդ միաբանն ազատվեց հիվանդությունից: Ազատված միաբանն ինքն էր պատմում, թե՝ «Մինչդեռ միաբաններն ինձ բռնել էին Ավետարանի ներքո, որ ժամարարը կարդում էր, տեսնում էի, որ մի ահագին սև վիշապ օձ պատել էր իմ մեջքը, պարանոցս և ամբողջ մարմինս: Նաև տեսա Փիլիպպոս հոգևոր տիրոջը, որ իր ձեռքում բռնել էր խիստ մեծ մերկ սուսեր, սրընթաց հարձակումով մտավ եկեղեցու դռնով և հասավ ինձ մոտ, այդ սրով զարկեց օձին, որ փաթաթվել էր ինձ, և կտրատելով ինձնից ցած թափեց: Օձի գլուխը և կտորները մեծ փութով փախուստի դիմելով՝ ելան եկեղեցուց ու կորան»: Ոչ միայն այս, այլև նման շատերին բժշկեց, բայց այս միայն գրեցի՝ իբրև օրինակ նաև մյուսների համար (Առաքել Դավրիժեցի):
2. Ճգնավորը վախճանվում էր: Երբ ավանդում էր հոգին, եկավ սատանան և ասաց. «Կարողացար փախչել ինձանից»: Իսկ ճգնավորը պատասխանեց, ասելով. «Դեռևս չգիտեմ»: Արի ու տես հայրերի զգուշությունը, թե որքան զգաստ էին մինչև մահ (Հարանց Վարք):
3. Մի ծեր վանական պատմում էր իր մասին, որ իր հայրը եղել է կռապաշտ քուրմ: Մանուկ հասակում նա նստած լինելով մեհյանում, տեսնում է, թե ինչպես հայրը ամեն անգամ անասուն է բերում կուռքին զոհաբերելու համար:
Մի անգամ, երբ հայրը դուրս է գալիս մեհյանից, նա գաղտնի մտնում է մեհյան և այնտեղ տեսնում է սատանային՝ բազմած գահին, բազմաթիվ զորականներով շրջապատված:
Եվ ահա իշխաններից մեկը մոտենում է նրան՝ խոնարհվելով ասում. «Ես եղա այսինչ երկրում և այնտեղ մեծ պատերազմ հրահրեցի, և մեծ խռովություն և արյունահեղություն եղավ: Ես եկա քեզ հայտնելու այդ մասին»:
Հարցրեց նրան սատանան. «Ինչքա՞ն ժամանակում արեցիր այդ ամենը»: «Երեսուն օրում»,- պատասխանում է դևը:
Սատանան հրամայեց մտրակել նրան՝ ասելով. «Ընդամենը ա՞յդ ես արել այդքան երկար ժամանակում»:
Այնուհետեև եկավ մեկ ուրիշը և խոնարհվեց սատանայի առջև:
«Դու որտեղի՞ց եկար»,- հարցնում է նրան սատանան:
Պատասխանեց նրան դևը՝ ասելով. «Ես ծովի վրա էի և փոթորիկ առաջացրեցի, խորտակեցի նավերը և բազմաթիվ մարդկանց խեղդամահ արեցի և եկա քեզ տեղեկացնելու»:
«Դու որքա՞ն ժամանակում արեցիր այդ ամենը»,- հարցնում է նրան սատանան:
«Քսան օրում»,- պատասխանում է դևը:
Սրան էլ սատանան հրամայեց մտրակել ծուլության համար:
Եվ եկավ երրորդ դևը, խոնարհվելով ասաց. «Ես եղա այսինչ քաղաքում, որտեղ հարսանիք էին անում: Ես վեճ հրահրեցի և մեծ արյունահեղություն եղավ, և դեռ ավելին, սպանեցի փեսային և եկա քեզ հայտնելու»:
Եվ երբ սատանան իմացավ, որ տաս օրում է արել այդ ամենը, հրամայեց սրան էլ մտրակել:
Եվ մի ուրիշ դև եկավ խոնարհվեց նրան, և սատանան հարցրեց նրան. «Դո՞ւ որտեղից եկար»:
«Անապատից, լրացավ քառասուն տարի, որ ես պատերազմում եմ մի վանականի դեմ և մի կերպ հաղթեցի նրան՝ այս գիշեր գցելով շնության մեղքի մեջ»:
Լսելով այս՝ սատանան վեր կացավ գահից, համբուրեց դևին և, արքայական պսակը հանելով իր գլխից, դրեց դևի գլխին, նստեցրեց իր կողքին՝ ասելով. «Դու մեծ և փառավոր գործ ես կատարել»:
Տեսնելով և լսելով այս ամենը, երեխան ինքն իրեն ասաց. «Վանականության դասը պետք է, որ մեծ խորհուրդ ունենա», և ընդունելով քրիստոնեություն, մտավ վանք (Հարանց Վարք):